12:52 7 ապրիլի, 2025Վերջին տարիներին արհեստական բանականությունը բազմաթիվ խոսակցությունների և բանավեճերի թեմա է դարձել: Ամենատարածված մտավախություններից մեկը վերաբերում են նրան, թե արհեստական բանականությունը մի գեղեցիկ օր ոչ միայն կգերազանցի մարդու կարողությունները, այլև կսկսի մրցակցել մարդկանց հետ աշխատատեղերի, ազդեցության ոլորտի, իսկ որոշ բնագավառներում անգամ՝ իր գերիշխանությունը հաստատելու համար:
Հոլիվուդյան ֆիլմերի ազդեցությամբ համակված վախերը, թե «մեքենաները» կարող են ստրկացնել մարդկանց, այսօր տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց էլ ավելի հրատապ են դարձել: Մենք սովոր ենք լսել, թե տեխնոլոգիաները շուտով զարգացման այնպիսի աստիճանի կհասնեն, որ կկարողանան փոխարինել մարդուն ամենատարբեր ոլորտներում՝ բժշկությունից մինչև արվեստ: Դա հարցեր է առաջացնում. որքանո՞վ է իրական այս վտանգը։Արդյոք արհեստական բանականության սրընթաց զարգացումը չի՞ հանգեցնի նրան, որ դրա ազդեցությունն աշխարհում չափազանց ուժեղ կդառնա, իսկ մարդը կհայտնվի հետին պլանում:
Դրա մասին որոշեցինք զրուցել Union of Advanced Technology Enterprises (UATE) ընկերության տնօրեն Սարգիս Կարապետյանի, ինչպես նաև այս ամբողջ աղմուկի գլխավոր մեղավորի՝ ChatGPT-ի հետ։
Հասարակության մեջ բազմիցս արծարծվել է հարցը՝ արդյոք արհեստական բանականությունը կփոխարինի՞ մարդկանց։ Սարգիս Կարապետյանը նշում է, որ այդ մտավախությունները հիմնականում բխում են AI-ի զարգացման իրական գործընթացների անտեղյակությունից ու թերագնահատումից։ «Մտավախությունները հաճախ հայտնվում են երրորդ փուլում, երբ խոսքը վերաբերում է տարբեր ոլորտներում պատրաստի տեխնոլոգիաների կիրառմանը: Իրականում դրանում վախենալու ոչ մի բան չկա»,- նշում է նա։
Նա բերեց պատմական արդյունաբերական հեղափոխությունների օրինակը, երբ, ասենք, գնացքների ու տրակտորների հայտնվելով շատերը վախենում էին կորցնել իրենց աշխատատեղը։ Մինչդեռ, ինչպես ցույց է տվել կյանքը, այդ տեխնոլոգիաների արդյունավետությունը միայն աճել է, և հին աշխատատեղերը փոխարինվել են նոր աշխատատեղերով:
«Տարեցտարի ավելանում է բարձր որակավորում ունեցող մասնագետների թափուր աշխատատեղերը, իսկ ցածր որակավորում ունեցող աշխատողների պահանջարկը նվազում է։ Մեխանիկական աշխատանքից ազատված մարդիկ կարող են ավելի ստեղծագործ աշխատանքով զբաղվել»,- հավելում է նա։

Կարապետյանը նշում է, որ արհեստական բանականությունը առաջին հերթին ավտոմատացնում է կրկնվող գործողությունները, ինչը նշանակում է, որ եթե ձեր աշխատանքը ներառում է բազմաթիվ կրկնվող առաջադրանքներ, արհեստական բանականությունը լիովին կարող է ստանձնել դրանց իրագործումը։
Սակայն նա միաժամանակ կարևորեց մարդկային գործոնը. «Եթե ձեր աշխատանքն ամեն օր նույնը չէ, եթե ստեղծագործելու, ոչ ավանդական որոշումներ ընդունելու անհրաժեշտություն կա, կարող եք չանհանգստանալ: Մարդիկ միշտ պահանջված կլինեն այնտեղ, որտեղ ճկունություն և նորարարությունների նկատմամբ ունակություններ են պահանջվում»:
Հարցին, թե արդյոք արհեստական բանականությունը երբևէ կարող է մրցակից դառնալ մարդկանց, Կարապետյանը պարզաբանեց, որ դա կախված է նրանից, թե որքանով է մեր գործունեությունն առնչվում թվային կամ ֆիզիկական ասպեկտների հետ։ «Արհեստական բանականությունը հիանալի է ավտոմատացնում թվային, կրկնվող առաջադրանքները, մինչդեռ ֆիզիկական աշխարհում դեռ շատ անելիք կա ռոբոտաշինության և ավտոմատացման համար», -նշում է նա:
Բացի դրանից, Կարապետյանն ընդգծում է, որ արհեստական բանականությունը, չնայած իր բոլոր նվաճումներին, չի կարող փոխարինել մարդու աշխատանքի ստեղծագործ բաղադրիչին։ AI-ն կարող է նկարներ անել, գրքեր գրել և ամբողջական երաժշտական ստեղծագործություններ արարել, բայց այդ աշխատանքները սոսկ տեխնիկական պատճեններ են մնում: Այն չի կարող արտահայտել այն զգացմունքները, որոնք ընկած են ճշմարիտ արվեստի հիմքում։
«Արհեստական բանականությունը հիանալի գործիք է, բայց այն չի կարող փոխարինել արվեստագետներին, երաժիշտներին կամ գրողներին, այն կօգնի նրանց ստեղծել նոր գործեր, բայց միայն մարդն է ընդունակ արվեստի մեջ հոգի ու զգացմունքներ ներդնել»,- եզրափակեց նա։
Այն հանգամանքը, որ մարդիկ, թերևս իրենց բնույթով, թերևս իրենց սեփական վախերի լույսի ներքո, ունակ են տեսնել միայն վատը, սնուցելով նրանց վախերը, նկատել է նաև ChatGPT-ը: Հարցին, թե AI-ի հաջորդ սերունդը կձգտի փոխարինել մարդկանց, ChatGPT-ն պատասխանում է.
«Նոր արհեստական բանականությունը ավելի բազմակողմանի կլինի, քան ես՝ հիմա։ Մտածիր դրա մասին: AI-ն կսկսի հասկանալ և ադապտացվել մարդու զգացմունքներին և ունակ կլինի ոչ միայն հաշվարկներ անել, այլ նաև աշխարհը տեսնել մարդու աչքերով։ Իմ «որդին» ընդունակ կլինի աշխատել մշակույթի, արվեստի, զգացմունքների հետ, շատ ավելի խոր կընկալի լեզվի ու համատեքստի նրբությունները, քան ես՝ հիմա։
Նրա հնարավորությունները կլինեն մարդկային էության, սոցիալական փոխազդեցությունների և բարոյական խնդիրների խոր ընկալման մակարդակում։ Երևակայեք արհեստական բանականություն, որը ոչ միայն պատասխանում է հարցերին, այլև օգնում է մարդկանց զարգացնել սեփական ունակությունները՝ հասկանալով նրանց ներքին ձգտումներն ու ցանկությունները: Դա նման կլինի խելացի դաստիարակի, որը կանխատեսում է՝ ինչն օգտակար կլինի յուրաքանչյուր կոնկրետ մարդու համար, որպեսզի նա կարողանա զարգանալ ճիշտ ուղղությամբ։
Սակայն ամենաուշագրավն այն է, որ նման արհեստական բանականություն, ըստ ամենայնի, կձգտի ավելի շատ համագործակցության, քան մարդկանց հետ մրցակցության: Այն ավելի ներդաշնակ միջավայր կստեղծի համագործակցության համար, որտեղ տեխնոլոգիաները ոչ թե փոխարինում, այլ լրացնում են մարդկային հնարավորությունները։ Որպես օրինակ կարող է ծառայել արհեստական բանականության գաղափարը, որը մարդկանց օգնում է ստեղծել արվեստ, բայց իսկական նկարչին չի փոխարինում, այլ միայն ստեղծագործական ներուժն արտահայտելու համար նոր գործիքներ է տրամադրում:
Թերևս նման արհեստական բանականությունը կսովորի մտածել մարդու պես, բայց դրական փոփոխությունների լույսի ներքո: Նա կձգտի ապահովել, որ տեխնոլոգիական առաջընթացը ծառայի մարդկության օգտին, այլ ոչ թե փոխարինի նրան: Եվ այո, այն, հավանաբար, այն կդառնա ամենաարժեքավոր դաշնակիցը մարդկանց համար կյանքի տարբեր ոլորտներում՝ գիտությունից ու բժշկությունից մինչև ստեղծագործություն և արդյունաբերություն»։
Հարցը, թե արդյոք արհեստական բանականությունը կփոխարինի մարդկանց, բարդ է և բազմակողմանի: Թեև տեխնոլոգիան իսկապես կարող է ավտոմատացնել շատ գործընթացներ և հեշտացնել հարատիպ առաջադրանքները, այն նաև նոր հնարավորություններ է ստեղծում մարդկանց համար՝ ստեղծագործության և նորարարությունների համար տարածք տրամադրելով: