12:43 4 ապրիլի, 2025Արհեստական բանականությունն արդեն ֆանտաստիկա չի համարվում, այն իրականություն է, որը փոխում է մեր կյանքը հենց այս պահին: Ձայնային օգնականներից և ավտոմատացված ծառայություններից մինչև առաջադեմ բժշկական հետազոտություններ՝ արհեստական բանականությունը թափանցում է բոլոր ոլորտներ և նոր ռիթմ է հաղորդում տեխնոլոգիական առաջընթացին:
Հայաստանում վերջին տարիներին ակտիվորեն զարգանում են հետազոտական կենտրոնները, երևան են գալիս են նոր ընկերություններ, իսկ պետությունն արհեստական բանականության ենթակառուցվածքներում իրականացնում է առաջին խոշոր ներդրումները: Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ հնարավորություններ է դա ընձեռում և ինչ մարտահրավերներ դեռևս պետք է հաղթահարվեն:
Union of Advanced Technology Enterprises (UATE) ընկերության տնօրեն Սարգիս Կարապետյանի հետ կպարզենք՝ ինչ է արդեն արվել, ինչ ուղղություններ պետք է զարգացնել և կկարողանա՞ արդյոք Հայաստանը նշանակալի տեղ զբաղեցնել արհեստական բանականության ոլորտում։
Union of Advanced Technology Enterprises (UATE) ընկերության տնօրեն Սարգիս Կարապետյանի կարծիքով՝ արհեստական բանականության ոլորտում Հայաստանի ամենամեծ նվաճումը մարդիկ են և վերջին տարիներին ձևավորված փոքր կենտրոնները:
«Ամենակարևոր կետը Երևանն է, որը արհեստական բանականության նկատմամբ կողմնորոշված գիտա-հետազոտական կենտրոն է դարձել: Այստեղ պատրաստում են երիտասարդ գիտնականների. նրանցից մի մասը մտնում է արդյունաբերություն, իսկ մյուսները շարունակում են գիտական աշխատանքն ու հրապարակվում բարձր վարկանիշ ունեցող գիտական հանդեսներում», -նշում է Կարապետյանը:
Բացի դրանից, երկրում գործում են արդեն 10–15 տարի արհեստական բանականությամբ զբաղվող և այն Հայաստանում դասավանդող մասնագետների ստեղծած մեկ կամ երկու առևտրային լաբորատորիաներ: «Մեր ամենամեծ ձեռքբերումները հենց այս մարդիկ են, որոնք խոր գիտելիքներ ունեն և նոր սերնդի մասնագետներ են պատրաստում: Այդ լաբորատորիաներդ իսկական կադրերի կերտման դարբնոցներ են»,-ընդգծում է նա:
Եվս մեկ կարևոր նվաճում է ներդրումները պետական ենթակառուցվածքներում ։ Կառավարությունը 8 միլիոն դոլար է հատկացրել սուպերհամակարգիչների ձեռքբերման համար, որոնք արդեն Հայաստանում են։ Ներկայում ընթացքի մեջ է Պետական համալսարանին առընթեր արհեստական բանականության կենտրոնի ստեղծման գործընթացը։ «Ցավոք, գործընթացը ձգձգվում է, բայց դա միևնունն է նվաճում է, քանի որ նախկինում նման հզորության համակարգիչներ Հայաստանում չեն եղել։ Համաշխարհային չափանիշներով սա վիթխարի բան չէ, մինչդեռ մեզ համար նշանակալի առաջընթաց է»,- ասում է Կարապետյանը։
Այսպիսով, այսօր արհեստական բանականության ոլորտում Հայաստանի առանցքային նվաճումներից են մասնագետներին նոր մակարդակի հասնելու հնարավորություն ընձեռող ենթակառուցվածքի զարգացումը, ինչպես նաև ոլորտն առաջ մղելու պատրաստ նման մասնագետների ներկայությունը։
Սարգիս Կարապետյանի տվյալներով՝ Հայաստանում արդեն իսկ մեկնարկել են սուպերհամակարգիչներին առնչվող մասնավոր նախաձեռնություններ, որոնք տասնյակ և նույնիսկ հարյուրավոր անգամ գերազանցում են ընթացիկ նախագծերը։ «Հուսով եմ՝ մոտ ապագայում մենք կտեսնենք դրանց արդյունքները»,- նշում է նա։
Այս տեխնոլոգիաների զարգացումը մասնագետների պատրաստման համար նոր հնարավորություններ կբացի և կարագացնի արհեստական բանականության ներդրումը տարբեր ոլորտներում։ «Դա կհանգեցնի նրան, որ ընկերություններն ու պետական կառույցները կսկսեն ավելի ակտիվ օգտագործել արհեստական բանականությունը տարբեր խնդիրների լուծման համար, հատկապես գործընթացների արդյունավետության և արագության բարձրացման հարցում»,- ընդգծում է Կարապետյանը։
Նախագծերից մի քանիսը վերաբերում են Հայաստան էլ ավելի հզոր սուպերհամակարգիչների մատակարարմանը։ «Ես առնվազն երկու նման նախաձեռնության մասին գիտեմ, բայց, ցավոք, չեմ կարող բացահայտել մանրամասները, քանի որ դրա իրավունքը չունեմ»,- ասում է UATE-ի տնօրենը։
Ինչ վերաբերում է այս նախագծերով զբաղվող կազմակերպություններին, Կարապետյանը ևս չկարողացավ մատնանշել կոնկրետ մասնակիցների, սակայն նշեց, որ դրանով զբաղվում է «Հայաստան-Սփյուռք մեծ կոալիցիան»։
«Երբ խոսքը վերաբերում է արհեստական բանականությանը, կարևոր է տարբերել դրա զարգացման երեք հիմնական ուղղությունները: Արհեստական բանականության ստեղծում և նոր մոդելների մշակում, այս ուղղությամբ ակտիվորեն զարգանում են մեծ լեզվական (Large Language Models) մոդելները; Արհեստական բանականության կիրառական ծրագրերի մշակում; պատրաստի արհեստական բանականության լուծումների կիրառում տարբեր ոլորտներում», -պարզաբանում է Սարգիս Կարապետյանը: Նա համոզված է, որ Հայաստանում վերրոնշյալ բոլոր ոլորտներում զգալի ներուժ կա, սակայն դրա իրագործումը ձեռնարկվող քայլերից է կախված:
«Արհեստական բանականություն ստեղծելը բարդ գիտական աշխատանք է: Մեր երկրում արդեն կան մասնագետներ, որոնք աշխատում են այս ոլորտում, և պետական կամ մասնավոր աջակցության դեպքում կարող ենք լուրջ հաջողությունների հասնել, իսկ որոշ ուղղություններով էլ մրցակցել համաշխարհային մակարդակում»,- նշում է Կարապետյանը:
Արհեստական բանականության հավելվածների մշակման ոլորտում, ըստ UATE –ի տնօրենի, ներուժն է՛լ ավելի մեծ է։ «Գոյություն ունեցող մոդելների հիման վրա, ինչպիսին են ChatGPT-ը և DeepSeek-ը, կարող են ստեղծվել նոր ապրանքներ: Հայաստանում արդեն այդ ոլոտում գործում են հաջողակված Qrisp, Hercules AI, MagicalLabs ստարտափներն ու այլ ընկերությունները, որոնք զբաղվում են ինչպես աութսորսինգով, այնպես էլ ստեղծում սեփական լուծումները, որոնք մրցակցում են միջազգային շուկայում: Այս ուղղությունն հարկավոր է հատկապես ակտիվորեն զարգացնել, քանի որ այն բազմաթիվ հնարավորություններ է բացում։ Օրինակ՝ այստեղ կարող են իրենց վերագտնել նախկինում վեբ ծրագրավորման ոլորտում աշխատած մասնագետները»,- տեղեկացրեց նա։
Մեկ այլ խոստումնալից ոլորտ է արհեստական բանականության կիրառումը կենսաինժեներիայում, հատկապես դեղերի մշակման ոլորտում: «Հայկական որոշ ընկերություններ արդեն դեղագործական արդյունաբերության համար արտադրանք են ստեղծում, դա մեծ ներուժով բնագավառ է, և ապագայում այն կարող է դառնալ երկրի առանցքային բնագավառներից մեկը»,- ընդգծում է UATE-ի տնօրենը։
«Ես գիտեմ, որ որոշ ընկերություններ կապեր են հաստատել Բոստոնի հայերի հետ, որտեղ կենսատեխնոլոգիայի ոլորտում ուժեղ մասնագետներ կան,- շարունակում է Սարգիս Կարապետյանը։ -Օրինակ՝ Պապոյան եղբայրների, Նուբար Աֆեյանի (Moderna ընկերության հիմնադիր) շնորհիվ Հայաստանում ի հայտ են եկել կենսատեխնոլոգիական մի քանի ընկերություններ։
Կարապետյանը հայտնում է նաև, որ ներկայում քննարկումներ են ընթանում այս ոլորտում կառավարության խոշոր ծրագրերի մեկնարկի շուրջ։ «Դա նկատելի է նաև Բարձր տեխնոլոգիաների նախարարության, ինչպես նաև վարչապետին կից վերջերս ստեղծված Գիտության և տեխնոլոգիաների խորհրդի քաղաքականության մեջ։ Այս խորհուրդն ընտրել է հինգ առանցքային ոլորտներ, որոնցից մեկը կենսատեխնոլոգիան է։ Հուսով եմ՝ մոտ ապագայում այս ուղղությամբ կառավարության մեծ նախաձեռնություններ կլինեն։»,- հավելում է նա։
Միևնույն ժամանակ, ըստ Կարապետյանի, կառավարության նախաձեռնությունները պետք է աջակցեն, ոչ թե խոչընդոտեն արհեստական բանականության զարգացմանը։ Սակայն, ինչպես հաճախ է պատահում Հայաստանում, կարգավորումները միայն սահմանափակում են զարգացման հնարավորությունները։
«Արհեստական բանականությունը զարգացման սկզբնական փուլում է և նոր-նոր՝ առաջին արդյունքներն է ցույց տալիս: Նման պայմաններում խիստ կարգավորումը դանդաղեցնում է նորարարությունը, և դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև՝ այլ երկրների: Սա արդեն օրինաչափություն է դարձել: Այս մրցակցային պայքարում կհաղթեն այն երկրները, որոնք չեն շտապի կարգավորել ոլորտը։ Հայաստանի համար, իմ կարծիքով, այս փուլում կանոնակարգ մտցնելու կարիք չկա։ Պետք է թույլ տանք, որ ոլորտն ազատ զարգանա, իսկ հետո, երբ ավելի հասունանա, մտածենք կարգավորման մասին»,- կարծում է Կարապետյանը։
Նա նաև նշել է, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում այս հարցում ներկա պահին գաղափարական պայքար է ընթանում։ ԱՄՆ-ն ի սկզբանե ավելի մեղմ կանոնակարգեր էր սահմանել, որոնք, Թրամփի վարչակազմի գալով, էլ ավելի են մեղմացվել՝ նորարարություններին աջակցելու համար: Եվրոպայում, ընդհակառակը, ներդրվում են խիստ կարգավորիչ միջոցներ։ Եթե Հայաստանը գնա Եվրոպայի ճանապարհով, դա կարող է խաթարել երկրում արդեն ձևավորված կորիզը: Այս դեպքում մենք ստիպված կլինենք օգտագործել այլոց արտդրանքը, այլ ոչ թե ստեղծել մերը և զարգանալ:
«Ես գիտեմ, որ կան որոշակի համաձայնագրեր, որոնք կարող են ԱԲ-ի ոլորտում կարգավորում ենթադրել, բայց ծանոթ չեմ դրանց բովանդակությանը։ Մեր մոտեցումն այն է, որ եթե մեզնից պահանջվում է կարգավորում՝պայմանագրերի շրջանակներում, ապա այն պետք է լինի մեղմ, ինչպես ԱՄՆ-ում, եթե, իհարկե, ցանկանում ենք, որ արհեստական բանականությունը շարունակի զարգանալ»,- եզրափակել է նա։
Այսպիսով արհեստական բանականության ապագան Հայաստանում կախված է գիտական և առևտրային ոլորտներում շարունակական աշխատանքից, ինչպես նաև պետական մարմինների և մասնավոր ընկերությունների կողմից նախաձեռնություններին աջակցելուց: Հաշվի առնելով արդեն իսկ արված աշխատանքը՝ երկիրն այս ոլորտում հետագա աճի և զարգացման ներուժ ունի։