09:00 1 ապրիլի, 2025Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է ապահովագրական W. R. Berkley Corporation–ը, որի բաժնետոմսերն անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 12.70%–ով (բաժնետոմսի գինը՝ 71.27 դոլար)։ Հաջորդը սպառողական ապրանքներ արտադրող Primo Brands ընկերությունն է՝ 9.32% աճով (35.30): Եռյակը եզրափակում է միայն մեկ դոլարանոց ապրանքներ վաճառող՝ Dollar Tree խանութների ցանցը՝ 8.99% աճով (72.75): Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է սերվերային համակարգեր մշակող Super Micro Computer–ը, որի բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 18.72%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ 34.26 դոլար)։ Հաջորդը շինանյութեր արտադրող James Hardie Industries –ն է՝ 17.18% անկումով (24.25)։ Եռյակը եզրափակում է տվյալների կենտրոնների համար թվային ենթակառուցվածքներ արտադրող Vertiv Holdings –ը՝ 16.22% անկումով (74.25):
Անցած ուրբաթ օրը ֆոնդային շուկաներն էական անկում են գրանցել. Dow Jones-ը նվազել է մոտ 1,7%–ով, S&P 500-ը՝ մոտ 2%-ով, իսկ Nasdaq-ը՝ 2,7%-ով: Անկման հիմնական պատճառները գնաճի եւ առեւտրային պատերազմի հետ կապված մտահոգություններն են։ Վերջին տվյալները ցույց են տվել, որ գնաճը սպասվածից բարձր է, իսկ Թրամփը հայտարարել է ներմուծվող մեքենաների նոր մաքսատուրքերի մասին։ Շուկան անկում է ապրել այն մտավախությունների պատճառով, որ այս խնդիրները կդանդաղեցնեն տնտեսության աճը:
UBS-ը S&P 500 ինդեքսի 2025 թվականի թիրախը 6600-ից նվազեցրել է մինչև 6400։ Մինչեւ այդ նույն բանն էին արել նաեւ Barclays-ը և Goldman Sachs-ը: Պատճառն անորոշությունն է, որն առաջացել է հատկապես նախագահ Թրամփի վերջին` ավտոմեքենաների ներմուծման 25% մաքսատուրքերի հետեւանքով։ UBS-ը կարծում է, որ քաղաքականության այս անորոշությունը կարճաժամկետ հեռանկարում կարող է վնասել տնտեսությանը և կորպորատիվ շահույթներին՝ հանգեցնելով շուկայի շարունակական անկայունությանը: Չնայած դրան, UBS-ը լավատես է երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ի բաժնետոմսերի կատարողականի առումով՝ ակնկալելով վերականգնում, որը պայմանավորված կլինի տնտեսական աճով և արհեստական բանականության մեջ ներդրումներով:
Երկուշաբթի եվրոպական բաժնետոմսերը հասել են երկամսյա նվազագույնին` իջնելով 0,8%-ով, քանի որ ներդրողները բացասաբար են արձագանքել լայնածավալ մաքսատուրքեր սահմանելու մասին Թրամփի նոր հայտարարություններին, ինչը համաշխարհային տնտեսության հնարավոր դանդաղման կարող է հանգեցնել: Սա համաեվրոպական STOXX 600 ինդեքսի համար չորրորդ անընդմեջ կորուստների օրն էր։ Համաշխարհային աճի տեմպերի դանդաղման մտավախությունները նաև ստիպել են թրեյդերներին մեծացնել մինչև տարեվերջ և՛ Դաշնային պահուստային համակարգի, և՛ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների նվազեցման իրենց ակնկալիքները:
ԱՄՆ բաժնետոմսերի ֆոնդերը ամենամեծ շաբաթական ներհոսքն են գրանցել 2025 թվականի նոյեմբերից ի վեր։ Ներդրողները մարտի 26-ին ավարտվող շաբաթվա ընթացքում 22,24 միլիարդ դոլար են ներդրել այդ հիմնադրամներում: Մյուս կողմից՝ ԱՄՆ պարտատոմսերի ֆոնդերը գրանցել են 2,97 միլիարդ դոլարի արտահոսք։ Դրամական շուկայի ֆոնդերը, ընդհակառակը, ունեցել են 2,52 միլիարդ դոլարի ներհոսք՝ ինչն այս ֆոնդերի առաջին շաբաթական ներհոսքն է վերջին երեք շաբաթվա ընթացքում:
Անցած շաբաթ մինչ մյուս ավտոարտադրողները, ինչպիսիք են GM-ը և Ford-ը, բաժնետոմսերի կտրուկ գնանկում ունեցան՝ ներմուծվող մեքենաների եւ ավտոպահեստամասերի թանկացման հետ կապված մտահոգությունների պատճառով, Tesla-ի բաժնետոմսերն ավելի լավ արդյունքներ գրանցեցին՝ փակվելով 0,4% աճով: Վերլուծաբանները կարծում են, որ էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ն մրցակիցների համեմատ ավելի քիչ կտուժի նոր սակագներից եւ նույնիսկ կարող է շահել, քանի որ ԱՄՆ-ում վաճառվող Tesla-ի մեքենաների պահեստամասերի մեծ մասն արտադրվում է ԱՄՆ-ում՝ համեմատած այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են Toyota-ն և General Motors-ը, որոնք ավելի շատ կախված են ներմուծումից: Հետեւաբար, մրցակիցները կարող են բարձրացնել իրենց արտադրանքի գները՝ դարձնելով Tesla-ն ավելի գրավիչ:
Ուրբաթ չիպեր արտադրող Wolfspeed ընկերության բաժնետոմսերը նվազել են 50%-ով հասնելով 1998 թվականից ի վեր ամենացածր մակարդակին: Կտրուկ անկումը պայմանավորված է նրանով, որ Թրամփը առաջարկել է չեղարկել 2022թ. ընդունված օրենքը, որով դաշնային ֆինանսավորում է նախատեսվում ամերիկյան չիպարտադրողների համար։ Wolfspeed-ը ակնկալում էր մոտ 750 միլիոն դոլարի ֆինանսավորում այս օրենքի շրջանակում։ Եթե ֆինանսավորում չլինի, ընկերությունը կարող է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ կանգնել։
Դանիական Novo Nordisk դեղագործական ընկերության բաժնետոմսերի գինը մարտին նվազել է 25%–ով։ Մինչեւ հիմա Novo Nordisk-ը ճարպակալման բուժման շուկայում առաջատարն էր իր Wegovy դեղամիջոցով, սակայն Lilly-ի Zepbound-ն ավելի լավ արդյունքներ է ցույց տվել կլինիկական փորձարկումներում, ինչը ներդրողների մոտ անհանգստություն է առաջացրել, որ Wegovy-ն այլևս լավագույն տարբերակը չէ: Արդյունքում, Novo-ի բաժնետոմսերը կորցրել են շուկայական արժեքի կեսը անցյալ ամառվանից սկսած, մինչդեռ Lilly-ի բաժնետոմսերն այս տարի թանկացել են 6%-ով։
Իլոն Մասկը 33 միլիարդ դոլարով վաճառել է իր X սոցիալական մեդիա հարթակը՝ նախկին Twitter–ը, արհեստական բանականության իր սեփական xAI ընկերությանը։ Մասկի նպատակն է համատեղել xAI-ի ԱԲ տեխնոլոգիան X-ի օգտատերերի հսկայական բազայի հետ՝ ավելի հզոր հարթակ ստեղծելու համար: xAI-ն արդեն օգտագործում է X օգտատերերի տվյալները՝ իր արհեստական բանականության մոդելները բարելավելու համար, իսկ X–ի վճարովի ծառայություններից օգտվողներին հասանելի է xAI-ի Grok չաթ-բոտը:
Փետրվարին ԱՄՆ սպառողական ծախսերն աճել են 0,4%-ով, ինչը սպասվածից ավելի քիչ է եղել, եւ նշանակում է, որ սպառողներն սկսել են ավելի զգույշ ծախսել։ Անձնական սպառողական ծախսերի (PCE) գների ինդեքսը, որը չափում է գնաճը, փետրվարին եղել է 0,3%։ Հիմնական գնաճը, որը չի հաշվում սննդամթերքն ու էներգիան, եղել է 0,4%, ինչն ամենամեծն է վերջին 13 ամիսների ընթացքում: Գների այս աճը մտահոգություններ է առաջացնում ստագֆլյացիայի վերաբերյալ, երբ միաժամանակ տեղի են ունենում բարձր գնաճ և դանդաղ տնտեսական աճ:
Մարտին ԱՄՆ սպառողների վստահությունը հասել է վերջին չորս տարվա ամենացածր մակարդակին։ Սպառողների վստահության ինդեքսը նվազել է 7,2 կետով՝ հասնելով 92,9-ի։ Ապագա ակնկալիքների ցուցանիշը իջել է մինչև 12 տարվա ամենացածր մակարդակը, ինչը կապված է ռեցեսիայի և սակագների պատճառով գնաճի բարձրացման մտավախությունների հետ:
Մարտին ԱՄՆ գործարար ակտիվությունը մի փոքր աճել է՝ հիմնականում պայմանավորված ավելի տաք եղանակով և ծառայությունների ոլորտի բարելավմամբ: S&P Global-ի հետազոտությունը ցույց է տվել, որ Composite PMI-ը, որը հետևում է ինչպես արտադրության, այնպես էլ ծառայությունների ոլորտին, բարձրացել է մինչև 53,5, ինչը վկայում է մասնավոր հատվածի ընդլայնման մասին: Այնուամենայնիվ, արտադրությունը դանդաղեցման նշաններ է ցույց տվել, դրա PMI-ը ն հասել է 49.8-ի՝ վերադառնալով անկման փուլ։
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։