18:30 21 մարտի, 20252025 թվականի ապրիլի 3-ին տեղի կունենա Doing Digital ֆորումը, որը կմիավորի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածների ներկայացուցիչների։ Միջոցառման շրջանակում կքննարկվեն առաջավոր նորարարական ուղղությունները, արդիական մարտահրավերները և թվային փոխակերպության առանցքային միտումները: Համաժողովը մասնակիցներին հնարավորություն կընձեռի փորձի փոխանակում անել, ռազմավարական լուծումներ մշակել և քննարկել թվային տնտեսության զարգացման հեռանկարները։
Ֆորումի ինֆորմացիոն գործընկերն է NEWS.am Tech-ը:
Economics հաղորդաշարի հյուրն է ֆորումի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը, որը մեզ հաղորդակից կդարձնի ժամանակակից աշխարհում թվային տեխնոլոգիաների դերի իր տեսլականով և կանդրադառնա ֆորումի՝ բիզնեսի, պետության և հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող թեմային։
Doing Digital Forum-ն արդեն երրորդ տարին է անցկացվում և այդ ընթացքում թվային նորարարության քննարկման կարևոր հարթակ է դարձել: Ըստ հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի՝ ֆորումի մտահղացումը ծնվել է տարբեր շահագրգիռ կողմերի՝ բիզնեսի, պետական կառույցների, միջազգային ընկերությունների և կարգավորող մարմինների երկխոսության մեկ հարթակում միավորելու անհրաժեշտությունից։
Լինելով SPRING PR ընկերության համահիմնադիր՝ Սիմոնյանն ու իր թիմը պարբերաբար աշխատում են տարբեր կազմակերպությունների, ներառյալ՝ պետական գերատեսչությունների համար ռազմավարությունների մշակման ուղղությամբ։ Այդ աշխատանքի ընթացքում ակնհայտ դարձավ, որ թվային փոխակերպումն անդրադառնում է տնտեսության բոլոր ոլորտների վրա և պահանջում է ոչ միայն համակարգում ազգային մակարդակով, այլև բխում է համաշխարհային միտումներից։
«Երբ ըմբռնեցինք տնտեսության և տարբեր կազմակերպությունների՝ բիզնեսի, ֆինտեխ ոլորտի կամ ստարտափ-էկոհամակարգի առջև ծառացած խնդիրները, մարտահրավերներն ու նվաճումները, ակնհայտ դարձավ, որ անհրաժեշտ է ստեղծել մեկ միասնական հարթակ, որտեղ կքննարկվեն ինչպես գլոբալ խնդիրները, այնպես էլ տեղական նախաձեռնությունները։ Մենք ցանկանում էինք խուսափել նրանից, որ թվային փոխակերպումը մնա բացառապես առանձին ընկերությունների, պետության կամ հասարակական կազմակերպությունների օրակարգում»։
Doing Digital Forum-ի երևան գալուց առաջ Հայաստանում արդեն անցկացվել էին տարբեր միջոցառումներ, սակայն դրանք հիմնականում կենտրոնացած էին կա՛մ գիտության, կա՛մ տեխնոլոգիայի կիզակետում։ Բոլոր ուղղություններն ընդգրկող և բիզնեսի, պետական կառույցների, կարգավորող մարմինների ու հետազոտական կենտրոնների ներկայացուցիչներին միավորող միասնական հարթակ գոյություն չուներ: Այդ իսկ պատճառով որոշվեց ստեղծել Doing Digital Forum-ը, որը թվային տնտեսության ոլորտում գիտելիքների և փորձի համախմբման վայր կդառնա։
«Երեք տարի շարունակ, վստահության քվոտ ունենալով էկոհամակարգի բոլոր մասնակիցների կողմից, շարժվում ենք առաջ»,- նշում է Սիմոնյանը։
Ներկայում Doing Digital Forum-ն արդեն հաստատվել է որպես ընթացիկ միտումների քննարկման առանցքային հարթակ: Նրա գլխավոր նպատակը համաշխարհային օրակարգը հայկական համատեքստում ինտեգրելն է, մի բան, որ թվայնացման դարաշրջանում առանձնապես կարևոր է։
Սիմոնյանի համոզմամբ՝ Հայաստանը տեխնոլոգիաների ոլորտում օժտված է զգալի ներուժով, և կառավարությունը 2020 թվականից թվային փոխակերպման ուղղությունն ակտիվորեն առաջ է մղում։ Ֆորումը դարձել է մի վայր, որտեղ քննարկվում են ոչ միայն ընթացիկ մարտահրավերները, այլև թվային տնտեսության ապագան։ Այդ պատճառով էլ ամեն տարի որպես հիմնական խոսնակը ֆուտուրիստ է հրավիրվում։
«Այս ընտրությունը պատահական չէ, քանի որ կարծում ենք՝ անհրաժեշտ է ապագային ուղղված տեսակետ ձևավորել: Մենք գիտենք, թե որտեղ ենք այժմ տեխնոլոգիաների զարգացման առումով, գիտենք՝ որտեղ և ինչպես ենք ուզում առաջ ընթանալ, բայց մեզ համար կարևոր է տվյալների և կանխատեսումների վրա հիմնված մոտեցումներ ձևավորելը, և դրա համար հարկավոր է հասկանալ՝ ուր է շարժվում աշխարհը, ինչ տեսակետներ գոյություն ունեն, ինչ տեղ կարող է ունենալ Հայաստանն ապագային ուղղված այս թվային տնտեսությունում, և դրան հասնելու համար ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն»,- նշում է Սիմոնյանը։
Համաժողովի առաջնահերթ նպատակն է դիրքավորել Հայաստանը՝ որպես տեխնոլոգիական հանգույց և թվային փոխակերպման կենտրոն։
«Այս ֆորումի շրջանակում ակտիվորեն համագործակցում ենք պետական կառույցների հետ՝ աշխարհին ցույց տալու համար այն, ինչ արդեն իսկ ձեռք է բերվել։ Հայաստանի դիրքորոշման մասին կարելի է դատել մի շարք ցուցանիշներով, ներառյալ՝ Գլոբալ ինովացիոն ինդեքսով։ Վերջերս Ասիական զարգացման բանկը ևս Հայաստանում թվային փոխակերպման վերաբերյալ տվյալներ հրապարակեց։ Որոշ առումներով մենք ամուր դիրքերում ենք, որոշ առումներով էլ դեռ անելիքներ կան»,- նշում է նա։
Երբ որոշում ընդունվեց, որ ֆինտեխը լինելու է ֆորումի հիմքը, դա արվեց մի քանի գործոնների, առաջին հերթին՝ Հայաստանի հզոր ֆինանսական և բանկային համակարգի առկայության նկատառումներով։
«Բացի դրանից, երբ անցկացրինք առաջին ֆորումը, ChatGPT-ն նոր էր հասանելի դառնում առավել լայն լսարանի համար: Այն ժամանակ արհեստական բանականության շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, և մարդիկ մտածում էին, թե արդյոք AI-ն կխլի իրենց աշխատանքը: Մտահոգություններ կային նոր տեխնոլոգիաների ըմբռնման առնչությամբ, և դա հանգեցրեց հանրային իրազեկվածության բարձրացման գաղափարին։ Հետևաբար, մեր ֆորումի երկրորդ գործառույթն է հասարակությանը պատրաստելը նորարարություններին և այն փոփոխություններին, որոնք այն իր հետ կբերի: Մենք չենք սահմանափակվում միայն ֆորումի անցկացմամբ, այլև իրականացնում ենք երկարաժամկետ տեղեկատվական արշավներ՝ թվայնացման համաշխարհային և ազգային օրակարգը լուսաբանելու համար»,- նշում է Սիմոնյանը։
Ըստ ֆորումի հիմնադրի՝ եթե սկզբնական փուլում խոսքը վերաբերում էր «այբուբենի» մակարդակով տեխնոլոգիաների մասին իրազեկմանը, այս տարի արդեն ֆորումն անդրադառնալու է փողի ապագային կամ ապագայի փողին։
«Բոլորս տեսնում ենք, թե որքան արագ են տեղի ունենում փոփոխությունները, որքան արագ է զարգանում արհեստական բանականության և տվյալների վերլուծության ոլորտը։ Դրան զուգահեռ փոխվում են նաև պետությունների մոտեցումները։ Օրինակ, ԱՄՆ նոր վարչակազմն ամբողջությամբ փոխել է մոտեցումը թվային փողի և թվային ակտիվների նկատմամբ և նույնիսկ ծրագրում է պահուստներ ստեղծել: Քաղաքական համակարգի փոփոխությունները հանգեցնում են նաև բանկային համակարգում փոփոխությունների։ Այդ ամենը նկատի ունենալով՝ մենք ուրախ են, որ շարժվում ենք ընդհանուր միտումներին համահունչ»։
Անդրադառնալով այս տարվա Doing Digital ֆորումի բովանդակությանը, Տաթևիկ Սիմոնյանը նշեց, որ ֆորումը կարևորում է նաև Հայաստանի թվային փոխակերպման օրակարգի զարգացման ծրագրի իրականացումն ապահովող պետական գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը ֆորումին թե՛ որպես խոսնակներ, թե՛ որպես մասնակիցներ:
Ֆորումի գլխավոր խոսնակներ են՝ աշխարհահռչակ թոփ 10 ֆուտուրիստներից Գերդ Լեոնհարդը, Nine Blocks Capital Management ընկերության համահիմնադիր Հենրի Արսլանյանը, Ամազոնի վեբ ծառայությունների կորպորատիվ տեխնոլոգ Մատիաս Ունդուրագա Բրեյթլինգը, Edgar, Dunn & Company-ի գործադիր տնօրեն Սեմի Զաֆարը, Visa-ի CEMEA-ի թվային, ռազմավարության և PxD պրակտիկայի ղեկավար Էնդրյու Թրուոնգը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ինչպես նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կիբեռանվտանգության տնօրեն Շանթ Քասարջյանը։
Doing Digital Forum-ը բացառիկ հնարավորություն է ունկնդրել նաև թվային փոխակերպման, ֆինթեքի և պետական ոլորտի մի շարք տեղական հանրահայտ այլ փորձագետների։