20:11 20 մարտի, 2025Այսօր առևտրի կենտրոնները վաղուց արդեն միայն գնումների վայրեր չեն։ Դրանք դարձել են ճարտարապետական գլուխգործոցներ, քաղաքային միջավայրի կարևոր բաղադրիչներ և նույնիսկ սիմվոլներ, որոնք արտացոլում են ժամանակակից հասարակության գիտակցված սպառման մոտեցումը։ Շատերը առանձնանում են իրենց արտասովոր լուծումներով, ինտեգրված լինելով բնական կամ քաղաքային լանդշաֆտի մեջ։ Ձեզ ենք ներկայացնում երեք անկրկնելի առևտրի կենտրոն, որոնք արժե տեսնել։

Morocco Mall-ը համարվում է Աֆրիկայի երկրորդ ամենամեծ առևտրի կենտրոնը՝ զբաղեցնելով ավելի քան 10 հեկտար տարածք։ Այն 628 մետր երկարությամբ ձգվում է Ատլանտյան օվկիանոսի ափին, իսկ նրա փափուկ ուրվագծերն ու հոսուն գծերը ներդաշնակորեն ձուլվում են առափնյա բնապատկերին։
Շենքի կարևորագույն առանձնահատկություններից մեկն է Galeries Lafayette-ի ֆրանսիական մասնաճյուղը, որի յուրահատուկ լուսավորված ճակատը ներշնչված է Փարիզի պատմական առևտրի սրահից։ Այն նույնիսկ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ առևտրի կենտրոնի ինտերիերային ճակատը։ Morocco Mall-ը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է համատեղել գեղագիտությունն ու ֆունկցիոնալությունը։

Շվեյցարիայի մայրաքաղաքում գտնվող Westside Bruennen-ը ստեղծվել է հայտնի դեկոնստրուկտիվիստ ճարտարապետ Դանիել Լիբեսքինդի կողմից։ Նրա սուր անկյունները, անկանոն ձևերը և խաղարկային գծերը տypեսավոր կերպով արտահայտում են դեկոնստրուկտիվիզմի ոճը։ Սակայն, ի տարբերություն այլ նմանատիպ շինությունների, այս առևտրի կենտրոնը հաշտեցնում է քաղաքն ու բնությունը, փոխարենը՝ հակադրության մեջ մտնելու դրանց հետ։
Westside Bruennen-ը գտնվում է քաղաքի և գյուղական տարածքի սահմանագծին, իսկ դրա փայտյա ճակատն ու հորիզոնական ձգված ձևը թույլ են տալիս այն ներդաշնակորեն միանալ շրջապատին։ Շենքի վառ առանձնահատկությունն են անկյունային ապակյա բացվածքները, որոնք ստեղծված են Լե Կորբյուզիի կոնցեպտի հիման վրա՝ ապացուցելով, որ պատուհանները կարող են փոխել ժամանակակից ճարտարապետությունը։

Markthal-ը բացառիկ առևտրի կենտրոն է, որը համատեղում է գնումների տարածքը, ռեստորանները, բնակարանները (228 հատ), ավտոկանգառը և շուկան։ Դրա հսկայական կամարաձև կոնստրուկցիան ստեղծում է յուրահատուկ հրապարակ, որը ցերեկը դառնում է աշխույժ շուկա, իսկ երեկոյան՝ հանգստի գոտի։
Կենտրոնի ամենատպավորիչ տարրը «Առատության եղջյուր» (Horn of Plenty) թվային որմնանկարն է, որը ստեղծել են Արնո Քոենը և Այրիս Ռոսկամը՝ Pixar-ի մասնակցությամբ։ Դրա վրա պատկերված են մրգեր, ծաղիկներ ու միջատներ, որոնք հիշեցնում են 17-րդ դարի հոլանդական նատյուրմորտները, համատեղելով պատմական արվեստն ու ժամանակակից տեխնոլոգիաները։
Morocco Mall, Westside Bruennen և Markthal Rotterdam-ը ապացուցում են, որ առևտրի կենտրոնները կարող են լինել ոչ միայն գնումների վայրեր, այլև քաղաքային մշակույթի ու ճարտարապետության կարևորագույն բաղադրիչներ։ Դրանք հարգում են պատմությունն ու շրջակա միջավայրը, ստեղծելով նորարարական, բայց ներդաշնակ տարածքներ։
Հնարավոր է, որ հենց նման նախագծերը կձևավորեն ապագա քաղաքների դեմքը։