15:45 24 փետրվարի, 2025Xiaomi-ն պաշտոնապես մտնում է արհեստական բանականությամբ նոութբուքների շուկա։ Վերջերս անցկացված Xiaomi 15 Ultra-ի թողարկմանը նվիրված առցանց միջոցառման ընթացքում ընկերության նախագահ Լու Վեյբինգն հաստատել է, որ Xiaomi-ն աշխատում է իր առաջին ԱԲ-նոութբուքի վրա։ Այս մասին հայտնում է GizmoChina-ն։
Չնայած նոութբուքի պաշտոնական անվանումը դեռ գաղտնի է պահվում, Xiaomi-ի ղեկավարը բացահայտել է մեկ կարևոր տեխնիկական մանրամասնություն՝ 99 Վտ/ժամ հզորությամբ մարտկոց։ Սա անհրաժեշտ է, որպեսզի սարքը համապատասխանի ավիափոխադրումների կանոններին, որոնք սահմանափակում են ձեռքի ուղեբեռում տեղափոխվող էլեկտրոնիկայի մարտկոցների հզորությունը։
Նոութբուքի անոնսը հաջորդել է Xiaomi Communications Technology-ի արտադրանքի մարքեթինգի տնօրեն Մա Չժիայի հրապարակմանը, որտեղ նա ցույց էր տվել նոր նոութբուքի, հավանաբար Redmi Book Pro 2025-ի փաթեթավորումը։ Ըստ լուրերի՝ այս մոդելը կունենա Intel Core Ultra 5 պրոցեսոր, սակայն դրա ճշգրիտ տարբերակը դեռևս հայտնի չէ։
Նոր նոութբուքը, ամենայն հավանականությամբ, կաշխատի HyperOS Smart Connect համակարգով, որը կապահովի խորը ինտեգրում Xiaomi-ի սմարթֆոնների, պլանշետների և խելացի սարքերի հետ։ Սա թույլ կտա օգտատերերին հեշտությամբ համաժամեցնել տվյալները, արագ փոխանցել ֆայլերը և կառավարել իրենց սարքերը մեկ միասնական հավելվածի միջոցով։
Բացի ԱԲ-ֆունկցիաներից, նոութբուքը խոստանում է դուր գալ նաև խաղասերներին։ Մա Չժիան հրապարակել է Black Myth: Wukong խաղի թեստավորման արդյունքները, որը համարվում է Չինաստանում ամենասպասված action-RPG խաղերից մեկը։
Այս ցուցանիշները վկայում են նոութբուքի հզոր գրաֆիկական հնարավորությունների և արդյունավետ հովացման համակարգի մասին, ինչը թույլ կտա խաղալ առանց գերտաքացման։
Ակնկալվում է, որ Xiaomi-ն իր ԱԲ-նոութբուքի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կհրապարակի առաջիկա ամիսներին։