Տվյալների պաշտպանությունը Հայաստանում. կարո՞ղ է արդյոք ապակենտրոնացված ցանցը լուծում դառնալ

17:59    7 փետրվարի, 2025

Վերջին տարիներին աշխարհը բախվում է կիբերանվտանգության աճող սպառնալիքների հետ: Կրիտիկական ենթակառուցվածքները կաթվածահար անող կիբերհարձակումներից մինչև անձնական տվյալների արտահոսք և տեղեկատվական մանիպուլյացիաներ՝ սպառնալիքները դառնում են ավելի բարդ ու մասշտաբային: Այս մարտահրավերների ֆոնին քաղաքական գործիչները, փորձագետները և տեխնոլոգները փնտրում են կիբերսպառնալիքներին հակազդելու արդյունավետ ռազմավարություններ՝ մշակելով նոր և հարմարեցնելով արդեն առկա մոտեցումները թվային անվտանգության ապահովման համար:

Կիբերսպառնալիքներ. պատճառներ և հետևանքներ

Թվային փոխակերպումը համացանցը դարձրել է մեր կյանքի անբաժանելի մասը, սակայն այս ցանցը նաև նոր սպառնալիքներ է բերել իր հետ: Ինչպես նշել է տեղեկատվական անվտանգության հայտնի մասնագետ Բրյուս Շնայերը, «միակ անվտանգ համակարգիչը այն է, որն անջատված է ցանցից»: Յուրաքանչյուրը, որը միացած է համացանցին, ենթարկվում է պոտենցիալ վտանգի՝ վիրուսային հարձակումներից և ֆիշինգից մինչև բարդ DDoS հարձակումներ և կոտրումներ:

IoT տեխնոլոգիաների, ամպային համակարգերի և հեռավար աշխատանքի ներդրումը հանգեցնում է նոր խոցելիությունների առաջացման: Կիբերհանցագործները դառնում են ավելի հնարամիտ՝ օգտագործելով շորթման ծրագրեր, ֆիշինգ և «զրոյական օրվա» էքսպլոյթներ կազմակերպությունների վրա հարձակվելու համար: Ուսումնասիրությունների համաձայն, մինչև 2031 թվականը միայն շորթման ծրագրերից վնասը կարող է կազմել ավելի քան 265 միլիարդ դոլար:

Նման հարձակումների ազդեցությունը դժվար է գերագնահատել. դրանք կարող են խաթարել ֆինանսական համակարգերի, էներգետիկ ցանցերի և տրանսպորտային ենթակառուցվածքների աշխատանքը: Innostage SOC CyberART կիբերսպառնալիքների դեմ պայքարի կենտրոնի  իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ տարեկան միլիարդավոր դոլարներ են կորչում տվյալների արտահոսքի, կիբերլրտեսության և նույնիսկ կիբերշանտաժի պատճառով: Օրինակ, Colonial Pipeline-ի վրա հարձակման ժամանակ ընկերությունը կորցրել է 5 միլիոն դոլար: Ընդհանուր առմամբ, կանխատեսումների համաձայն, կիբերհանցագործությունից գլոբալ կորուստները կարող են հասնել տարեկան 10,5 տրիլիոն դոլարի արդեն 2025 թվականի վերջին:

Լոկալ համացանց. պաշտպանությո՞ւն, թե՞ մեկուսացում

Հնարավոր լուծումներից մեկը լոկալ ցանցն է, որը կարող է ապահովել ավելի մեծ պաշտպանություն արտաքին հարձակումներից՝ շնորհիվ սահմանափակ հասանելիության և մուտքի կետերի քիչ քանակի: Սա նվազեցնում է կիբերհարձակումների հետ կապված ռիսկերը, ինչպիսիք են DDoS հարձակումները և վնասակար ծրագրերը:

Լոկալ ցանցի ճարտարապետությունը ծառայում է որպես կիբերսպառնալիքներից պաշտպանության կարևոր մեխանիզմ: Fortinet-ը ընդգծում է, որ «նոր սերնդի ֆայրվոլի (NGFW) տեղադրումը ցանցի կենտրոնում ապահովում է դրա անվտանգությունը հենց սկզբից», ինչը օգնում է կանխել արտաքին ներթափանցումները և տվյալների չարտոնված հասանելիությունը: Ցանցային ակտիվության սահմանափակումը աշխարհագրական գոտու սահմաններում բարձրացնում է պաշտպանության մակարդակը՝ նվազեցնելով չարագործների համար հնարավոր մուտքի կետերի քանակը:

Կիբերանվտանգության մասնագետ Կարեն Ավետիսյանը նշում է. «Հիպոթետիկ, հաշվի առնելով Հայաստանի մասշտաբները, երկիրը կարող է միավորվել մեկ միասնական ազգային ցանցում, որտեղ բոլոր քաղաքներն ու գյուղերը միացված են միմյանց: Սա կլինի ոչ թե պարզապես տվյալների փոխանցման ցանց, այլ համակարգ, որը թույլ է տալիս փոխանակել տվյալներ և ռեսուրսներ երկրի բոլոր շրջանների միջև: Ի՞նչ կտա սա: Նախ՝ անվտանգության բարձրացում: Ամբողջ տեղեկատվությունը կփոխանցվի պաշտպանված ուղիներով, և ավելի քիչ կլինեն տվյալների արտահոսքի կամ հարձակումների ռիսկերը: Երկրորդ՝ ավելի արագ միացում համացանցային ծառայություններին, հեշտ հասանելիություն պետական ծառայություններին, որի հետ այսօր որոշակի խնդիրներ են նկատվում, և արագ աջակցություն արտակարգ իրավիճակներում»:

Շատերը գուցե չեն հիշում, որ իր ժամանակին Հայաստանում գործում էր ազգային ցանց՝ Freenet անվանումով նախագիծը: Սակայն Ավետիսյանը չի համարում, որ այս համակարգը բավարարում էր այն պահանջները, որոնք առաջադրվում են այսօր, մասնավորապես՝ պաշտպանության հարցում:

«Freenet-ը կողմնորոշված էր, առաջին հերթին, մարդկանց անվճար հասանելիություն տրամադրելուն, նրա գլխավոր խնդիրն էր ապահովել կայուն հասանելիություն համացանցային ծառայություններին, այլ ոչ թե անվտանգությունը: Ժամանակակից պաշտպանված ցանցերն ավելի շատ ուղղված են անվտանգության բարձրացմանը և կիբերհարձակումներից պաշտպանությանը՝ նպատակներ, որոնք Freenet-ի ստեղծողները իրենց առջև չէին դնում», - բացատրել է նա:

Փորձագետի խոսքերով, «լոկալ համացանց» հասկացությունը այսօր շատերի մոտ բացասական ռեակցիա է առաջացնում, քանի որ այն կապում են քաղաքական չարաշահումների և տեղեկատվության հասանելիության սահմանափակումների հետ: Սակայն իրականում պաշտպանված ազգային ցանցերը կարող են գործել զուգահեռաբար Գլոբալ ցանցի հետ:

«Լոկալ ցանցը չի փոխարինում համացանցin, այլ ավելի շուտ լրացուցիչ բոնուս է, քանի որ ստեղծում է առանձին պաշտպանված ուղիներ երկրի ներսում տվյալների ավելի արագ փոխանցման համար: Այսինքն՝ այն ապահովում է կապը պետական հիմնարկների և ներքին ռեսուրսների հետ՝ սահմանափակելով ինչպես դրսից հասանելիությունը, այնպես էլ տեղեկատվության դուրս բերումը Գլոբալ ցանց, ինչը հանդիսանում է այս տվյալների կիբերհարձակումներից պաշտպանության արդյունավետ մոդել», - նշել է նա՝ ավելացնելով, որ թեև ազգային ցանցը կարող է արդյունավետ լինել, սակայն այն համադարման չէ բոլոր սպառնալիքներից:

Ավետիսյանը բացատրեց, որ նման ցանցերը կարող են պաշտպանված լինել արտաքին սպառնալիքներից, սակայն միևնույն ժամանակ մնում են խոցելի համակարգի ներսում հարձակումների համար:

Ապակենտրոնացված համացանց. պաշտպանության նոր մոդե՞լ

Որպես կիբերսպառնալիքներից պաշտպանության ևս մեկ մոդել, շատերն այսօր նշում են այսպես կոչված ապակենտրոնացված համացանցը՝ DWeb-ը: DWeb-ի հայեցակարգը հանգում է այնպիսի համացանցի առկայությանը, որտեղ տվյալները և ծառայությունները չեն պահվում խոշոր ընկերությունների կողմից կառավարվող կենտրոնացված սերվերներում, այլ բաշխվում են բազմաթիվ անկախ հանգույցների միջև, այսինքն՝ համակարգիչների ամբողջ աշխարհում:

«Հասարակության տեսանկյունից ապակենտրոնացված համակարգն ընդհանուր առմամբ նախընտրելի է կենտրոնացվածից, քանի որ ապահովում է ինքնավերահսկման ավելի բարձր մակարդակ հասարակության կողմից, այլ ոչ թե կենտրոնացված իշխանության կողմից: Բացի այդ, պաշտպանության առումով նման համակարգերն ավելի կայուն են. մեկ հանգույցի խափանումը չի հանգեցնում ամբողջ համակարգի խափանումների», - նշում է թվային անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա համոզված է, որ թեև ապակենտրոնացված համացանցը չի ապահովում ուղղակի պաշտպանություն կիբերսպառնալիքներից, սակայն զգալիորեն նվազեցնում է պետության կամ խոշոր կորպորացիաների կողմից հետևելու և վերահսկելու ռիսկերը:

«Սա ավելի պաշտպանված ցանց է, քանի որ նրանում բացակայում է միասնական խոցելի հանգույցը, որը կարող էր դառնալ հարձակման թիրախ՝ լինեն դա կիբերհանցագործներ, պետական կառույցներ, թե տեխնոլոգիական ընկերություններ», - նշում է Մարտիրոսյանը:

Ռուսաստանի տեխնոլոգիական համալսարանի հետազոտությունները նույնպես ցույց են տալիս այս մոդելի բավականին բարձր արդյունավետության մակարդակը: Հետազոտությունների արդյունքների համաձայն, ապակենտրոնացված համակարգերը կարող են ավելի դիմացկուն լինել կիբերհարձակումների նկատմամբ՝ շնորհիվ անոմալիաներ հայտնաբերելու և դրանց արագ արձագանքելու իրենց ունակության: Այնպիսի տեխնոլոգիաները, ինչպիսիք են ապակենտրոնացված նույնականացուցիչները (DID) և բլոկչեյնը, ոչ միայն ապահովում են անվտանգություն, այլև օգտատերերին տալիս են լիարժեք վերահսկողություն իրենց թվային ինքնության նկատմամբ՝ վերացնելով կախվածությունը կենտրոնացված ծառայություններից:

Առանց խնդիրների չի լինում. ապակենտրոնացված համացանցի մարտահրավերները

«Չնայած ակնհայտ առավելություններին, այս մոդելը նաև ունի թույլ կողմեր: Ապակենտրոնացված համակարգը ավելի դժվար է կառավարվում և որոշակի պայմանների ստեղծման դեպքում կարող է «առևանգվել»: Կան որոշակի ապակենտրոնացված համակարգեր, որոնք կարող են վերցվել վերահսկողության տակ, եթե հանգույցների կեսից ավելիի նկատմամբ վերահսկողություն հաստատվի: Ըստ էության, սա կարող է լինել նաև հանցավոր համաձայնության արդյունք», - նշում է Մարտիրոսյանը:

Այս մոդելի մեկ այլ թույլ կողմը օգտատերերի տեխնիկական գրագիտության անհրաժեշտությունն է: Շատ փորձագետներ նշում են, որ ապակենտրոնացված համակարգերը կարող են բարդ լինել սովորական օգտատերերի համար: Օրինակ, Wired-ի համահիմնադիր Քևին Քելլին նշում է, որ «հասանելիությունը և օգտագործման պարզությունը կրիտիկական նշանակություն ունեն տեխնոլոգիաների զանգվածային ընդունման համար»:

Ապակենտրոնացված ցանցերը հաճախ չեն համապատասխանում այս չափանիշներին: Այսպես, ապակենտրոնացված համացանցին անցնելով՝ օգտատերերը իրենց վրա են վերցնում ցանցերի սպասարկման ավելի մեծ պատասխանատվություն, իսկ դա կարող է խնդիր լինել նրանց համար, ովքեր չունեն տեխնիկական գիտելիքներ կամ դրանով զբաղվելու ցանկություն: Գործընթացը կարող է կանգ առնել նոր տեխնոլոգիաներին անցնելու բարդության, ինչպես նաև օգտատերերի՝ նոր մոտեցումներ յուրացնելու ցանկության կամ պատրաստակամության բացակայության պատճառով:

Մոդելի քննադատները նաև նշում են, որ ապակենտրոնացված հավելվածները կարող են ավելի դանդաղ բեռնվել՝ բարձր արտադրողականությամբ սերվերների բացակայության պատճառով, ինչը անպայման կհետ մղի տեղեկատվության արագ հասանելիությանը սովոր օգտատերերին:

Բացի այդ, գոյություն ունի ապակենտրոնացված ցանցերում հնարավոր չարաշահումների և անօրինական գործունեության խնդիր: Այսպես, թվային տեխնոլոգիաների հարցերով փաստաբան Էլիզա Լեյքը համոզված է, որ «առանց հստակ կարգավորման ապակենտրոնացված ցանցերը կարող են դառնալ անօրինական գործունեության բույն», ինչը ենթադրում է, մասնավորապես, անօրինական բովանդակության տարածում:

«Ապակենտրոնացված համացանցի հարցը կրում է գլոբալ բնույթ: Նախևառաջ, կարևոր է որոշել, թե ընդհանրապես որքանով այն կարող է ապակենտրոնացված լինել: Այս համատեքստում առաջանում է հակասություն նրա կողմնակիցների՝ այս հայեցակարգի զարգացումը խթանողների, և պետությունների միջև, որոնք ձգտում են դրա կենտրոնացմանը և վերահսկողության ուժեղացմանը: Ապակենտրոնացված ցանցերը հաճախ բախվում են պետական և տեխնոլոգիական կառույցների հակազդեցության հետ, ինչը դժվարացնում է դրանց ստեղծումն ու հետագա գործունեությունը», - եզրափակել է Մարտիրոսյանը:



© NEWS.am Medicine