Չպետք է վախենալ ԱԲ-ից, այդ ամենի հիմքում կրկին մարդն է. Ռալֆ Յիրիկյան

20:25    21 նոյեմբերի, 2024

Մենք այսօր ականատեսն ենք այն փոխակերպման, որ տեղի ունենում է, և երբ խոսում ենք փոխակերպման մասին, դա չի վերաբերում միայն սարքավորումներին, ծրագրերին, այլև մտածելակերպին, տեխնոլոգիական կրթության զարգացմանը։ Դա նշանակում է հավատալ, հասկանալ, ըմբռնել այս ամենը, ու աշխատել ապագայի ենթակառուցվածքը զարգացնելու համար։ Այս մասին Silicon Mountains 2024 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

Ucom-ը թվայնացման օրակարգի թելադրող 

Ռալֆ Յիրիկյանը նշում է, որ Ucom-ը կարևոր խաղացող է հեռահաղորդակցության ոլորտում և չափազանցություն չի լինի ասել, որ այն նաև թվայնացման օրակարգի թելադրող է: Ըստ նրա՝ երբ ընկերությունը տարիներ առաջ սկսեց բարձրաձայնել թվայնացման, թվային փոխակերպման մասին, մարդիկ չէին պատկերացնում՝ դա ինչ է։

«Մենք վերջերս հայտարարեցինք 5G-ի մեկնարկը, ու դա մեզ համար արագության խնդիր չէ։ Արագության մասին խոսելը անցյալ է, մենք ասում ենք, որ այսօր դնում ենք Հայաստանում թվային էկոհամակարգի հիմքը: Այն հարթակի, ենթակառուցվածքի ստեղծման հիմքը, որը պետք է ծառայի ապագայում զարգացմանը, ինչին մենք ձգտում ենք, կամ հավակնություն ունենք այնտեղ հասնել»,- ասաց նա՝ հավելելով, որ դա միայն խոսք չէ, արդեն դարձել է աշխատանք: 

Ucom-ը դեռ անցած տարի հայտարարել էր, որ կառուցելու է ցանցեր, հարթակներ, և հիմա կարող են ցույց տալ կատարված աշխատանքը։ «Եվ դա շարունակական բնույթ է կրելու, ու չի սահմանափակվելու մեկ քաղաքով կամ մայրաքաղաքով: Դա ամբողջ Հայաստանի համար է, բոլոր մարդկանց համար է, որ ապրում են մեր երկրում: Մենք պետք է միասին հասկանանք, որ մեզ պետք է այդ փոխակերպումը, որովհետև դա է ապագան: Մենք գնում ենք այնտեղ ու թվայինը դառնում է մեր կյանքի անբաժանելի մասը։ Հեռախոսից, ավտոմեքենայից, տան համակարգչից ու տեսախցիկներից սկսած մինչև մեր տան սարքավորումները, որ արդեն ինչ-որ թվային ռեժիմով գործում են։ Դա է թվային մտածելակերպը, արդեն մտել է մեր կյանք»,- հայտարարեց Ucom-ի տնօրենը։

Չպետք է վախենալ ԱԲ-ից, այդ ամենի հիմքում կրկին մարդն է 

«Մարդիկ երբեմն վախենում են թվային փոխակերպումից, արհեստական բանականությունից և այլն, բայց չպետք է վախենանք, որովհետև այս ամեն ինչի հիմքում մարդն է, մարդն է ստեղծում, մարդն է ղեկավարում կամ կառավարում այդ բոլոր ծրագրերը ու մարդն է որոշում, թե ինչպես պետք է աշխատի այս թվային միտքը կամ այդ թվային լուծումը։ Դրա համար պետք է վերցնենք այս ամենը ու գնանք դեպի ապագա»,-ասաց Ռալֆ Յիրիկյանը:

Ռալֆ Յիրիկյան  - 2.JPG (1013 KB)

Նրա խոսքով՝ հեռահաղորդակցության ոլորտը բավականին մրցակցային է. «Ես դա չեմ ասում ձեռնոց նետելով մեր գործընկեր մրցակիցներին, այլ ասում եմ, որ մենք տարբերակ չունենք, այլընտրանք չունենք, աշխարհը զարգանում է, ուրեմն մեր պատասխանատվությունն է, մեր պարտականությունն է, մեր պարտավորությունն է, որ մենք էլ այդ զարգացումը ունենանք Հայաստանում ու մատուցենք դա մեր բնակչությանը, տնտեսությանը: Եթե խոսում ենք թվային զարգացումից, արհեստական բանականությունից, ուրեմն պետք է բերենք այն, ինչ դրսում կա, և ունենանք այն Հայաստանում»։

Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ դա արդեն տեղի ունեցել է անցյալում, երբ խոսում էինք 3G-ից, 4G-ից, արագ ինտերնետից: «Չնայած այսօր չենք քննարկում այլևս արագությունը, քննարկում ենք տեխնոլոգիաները, հնարավորությունները, ծրագրերը, ու դա պետք է ներդրվի, ու դա անում է ոլորտը»,- ընդգծեց նա։

Ucom-ը տեխնոլոգիական զարգացումն սկսում է մարզերից

Ռալֆ Յիրիկյանն ասում է, որ սխալ է, երբ տեխնոլոգիական միտքը կենտրոնացած է Երևանում: «Մենք մոտ մի տասը օր առաջ մեր հինգերորդ սերնդի ցանցի մեկնարկը հատուկ տվեցինք մարզերում, որովհետև Հայաստանը միայն Երևանը չէ, միայն Գյումրին չէ, այլ ամբողջ Հայաստանն է՝ իր բոլոր գյուղերով, սարերով, ձորերով, դաշտավայրերով:

Մինչև Երևան գալը մենք մարզերում շատ գործ ենք անելու, որովհետև մեր մեսիջը շատ պարզ է՝ Հայաստանը բոլորն են, և ճիշտ կլինի, որ մենք մարզերից սկսենք»,- ընդգծեց Ucom-ի գլխավոր տնօրենը։

Նրա խոսքով՝ մարզերն անուշադրության չպիտի մատնվեն, մարզերում ևս պետք է աշխատանք տարվի: «Դրա համար մենք սկսեցինք մարզերից, ու սրան հաջորդելու է հինգերորդ սերնդի վերաբերյալ հայտարարությունները»,- նշեց նա։

ՀՀ-ում կա ՏՏ զարգացում ապահովելու ներուժը, այն հնարավոր է նաև արտահանել

Ռալյֆ Յիրիկյանն ասում է, որ Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը խրախուսում է թվայնացման գաղափարախոսությունը, հնարավորություն է տալիս մարդկանց, որոնք տեխնոլոգիական լուծումներով լավացրել են մարդկանց կյանքը, հավաքվել մեր երկրում, ներկայացնել իրենց անցած ճանապարհը, կիսել իրենց փորձը մեր լսարանում և խոսել ապագայից։

«Դա հնարավորություն է տալիս մեր երիտասարդներին հարցեր տալ նրանց, սովորել: Մեզ մոտ շատ երիտասարդներն կան, որ արդեն ստարտափ են ստեղծում, աշխատում են, մտածում են այդ ուղղությամբ, ու նրանց համար այդ փորձը շատ օգտակար է։

Միևնույն ժամանակ դրսից եկածների համար հետաքրքիր է տեսնել Հայաստանը, որը թեև փոքր է, բայց շատ տեխնոլոգիական հնարավորություններ ունի, տեսնել մտածելակերպը Հայաստանում, այն զարգացումը, թռիչքը, որ ունենում է մեր երկիրը,  այն մեծ կազմակերպությունները, որ բացում են իրենց մասնաճյուղերը այստեղ: Դա նշանակում է, որ այո, Հայաստանում կա այն ներուժը, կարողությունն ու տեխնոլոգիան, որ զարգացնենք ոլորտը և անգամ արտահանենք դեպի մեծ աշխարհ»,- ընդգծեց Յիրիկյանը:

ARS_4051.JPG (1.05 MB)

 ԱԲ-ն մտնելու է կյանքի յուրաքանչյուր ոլորտ. պետք է կարողանալ այն ճիշտ օգտագործել

Ucom-ի տնօրենը նշում է, որ 50 տարի առաջ գունավոր հեռուստացույցը չկար, 10 տարի առաջ ԱԲ-ով աշխատող, ինքնակառավարվող ավտոմեքենաներ չկային։ Իսկ հիմա դրանք կան, և դա զարգացում է, ապագան է, որից պետք չէ վախենալ, այլ պետք է փորձել խորանալ, ավելի լավ ուսումնասիրել ու զինվել գիտելիքով: 

«Այդ ժամանակ ավելի հեշտ կլինի, ավելի հեշտ կըմբռնենք և ավելի հեշտ կմարսենք նոր մոտեցումները մեր մտքում։ Այսօր արհեստական բանականությունն է, վաղը կարող է ուրիշ թեմա լինել, մյուս ամիս կարող է մեկ այլ թեմա լինել, որովհետև տեխնոլոգիան շատ արագ է զարգանում: Ամեն տեղ մեր առօրյա կյանքում մտնելու է արհեստական բանականությունը, և մենք պետք է համակերպվենք դրա հետ, ու ճիշտ կլինի սովորենք, օգտագործենք այն»,- ասաց նա։

Պնդումները, թե ԱԲ-ի արդյունքում ինչ-որ մարդիկ կզրկվեն աշխատանքից, քարոզչություն է

Ռալֆ Յիրիկյանն ասում է, թե «պնդումները, որ արհեստական բանականության արդյունքում ինչ-որ մարդիկ կզրկվեն աշխատանքից, քարոզչություն է, և պետք չէ դրանից մտահոգվել»։

«Ես չեմ հավատում դրան, որովհետև ցանկացած ծրագիր աշխատացնում է մարդը: Այսօր ինժեներների պակաս կա, դա աշխատուժի պակաս է։ Ասենք, կարող է ինչ-որ մի աշխատանքի կամ մի պաշտոնի կարիքը չլինել, բայց դիմացը բացվում են ուրիշ հնարավորություններ։ Միշտ էլ այդպես է եղել. առաջ մարդիկ մի տեղից մյուս տեղը գնում էին ձիով, հետո եկավ ավտոմեքենան, հիմա ավտոմեքենան առանց վարորդի է մարդկանց տեղափոխում: Այսինքն՝ կարիք է առաջանում ինժեների, ծրագրավորողի, նախագծողի և այլն։ Եթե առաջ շատ մարդիկ ուզում էին հաշվապահություն սովորել, հիմա ուզում են արհեստական բանականություն սովորել: Մտածելակերպը փոխվում է, միտումները փոխվում են»,- նկատեց նա:

Նշենք, որ Silicon Mountains-2024 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը Երևանում անցկացվել է նոյեմբերի 15-ին։ Այս տարի միջոցառումն ունեցել է ավելի քան 1000 մասնակից։ Գագաթնաժողովն այս անգամ նվիրված էր տնտեսության մեջ ԱԲ կիրառությանը և մարտահրավերներին։ Միջոցառման ժամանակ եղան առանձին ելույթներ և պանելային քննարկումներ։

Առաջին քննարկման ժամանակ, որը վերնագրված է «Industry.ai», քննարկվեց ԱԲ զարգացումն ու կիրառումը արդյունաբերության տարբեր ոլորտներում: «Invest.ai» խորագրով երկրորդ պանելային քննարկումը նվիրված էր ԱԲ ֆինանսական ասպեկտներին, ԱԲ ստեղծման, զարգացման և կիրառման մեջ ներդրումներ կատարելու առավելություններին:  Երրորդ պանելային քննարկման՝ «Impact.ai»-ի ժամանակ, քննարկվեցին ԱԲ սոցիալական ազդեցությունը:

Միջոցառման հատուկ հյուրերն էին Infosys ընկերության հիմնադիր, ՀՀ պետական մրցանակի 2023-ի դափնեկիր Նարայանա Մուրտին և Կենտրոնական և հյուսիսային Եվրոպայում գործող SIEMENS EDA-ի տնօրեն Սաշա Ահնեն։

Գագաթնաժողովն անցկացվում է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Գագաթնաժողովի պլատինե գործընկերը Ucom-ն է։

Միջոցառման մեդիա գործընկերը NEWS.am տեղեկատվական-վերլուծական գործակալությունն է:

Գագաթնաժողովի գործընկերների թվում են նաև EasyPay-ը, Visa-ն, Synospys-ը, Staffmedia-ն, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, USAID-ն, UNICOMP-ը:



© NEWS.am Medicine