20:14 20 նոյեմբերի, 2024Հայաստանում վերջերս անցկացվող միջոցառումների մեծ մասն արհեստական բանականությանն (ԱԲ) է վերաբերում, բոլորը խոսում են ԱԲ մասին, սակայն համաշխարհային տնտեսության մեջ ԱԲ կիրառությունն առայժմ 7%-ը չի գերազանցում, իսկ Հայաստանում պատկերը առավել ևս գոհացուցիչ չէ։ Հաշվի առնելով, որ ԱԲ-ն տնտեսության շարժիչ ուժի մեծ պոտենցիալ ունի, մի քանի տարում արդեն հեղափոխական փոփոխություններ կտեսնենք ԱԲ զարգացման և տնտեսության մեջ նրա կիրառման առումով։ Այս մասին Երևանում նոյեմբերի 15-ին անցկացված Silicon Mountains-2024 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը։
ԱԲ ամբողջ պոտենցիալը դեռ պետք է բացահայտենք
Ըստ նրա՝ պետք է հստակ հասկանալ, որ ԱԲ-ն շատ ավելի բարդ տեխնոլոգիա է, քան այն, ինչ մենք այժմ ունենք և նույնիսկ պատկերացնում ենք։ Արմեն Բալդրյանի խոսքով՝ երբ ասում ենք՝ բանականություն, ենթադրվում է, որ այն պետք է ունենա մտածելու, այսինքն՝ խնդիրները վերլուծելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու և իրականացնելու ունակություն։ ԱԲ-ն, ըստ նրա, այժմ որոշակիորեն կատարում է տվյալներ հավաքելու, վերլուծելու գործառույթները՝որոշումներ կայացնելու սաղմնային ունակությամբ։
«Հենց ինքնուրույն մտածելու, որոշումներ կայացնելու և իրականացնելու կարողությունն էլ ավելացնենք, որն իրականում կլինի բավականին արագ, շրջադարձային փոփոխություններ կտեսնենք»,- ասաց Բալդրյանը:
Մարզերում չիրացված մեծ ներուժ կա
ՏՀՏ գործատուների միության նախագահն ասում է, որ տարբեր երկրներից բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների այցը Հայաստան շատ կարևոր է մեր երկրի համար։ Տեղեկատվության փոխանակումն ու համագործակցությունը սրընթաց զարգացող տեխնոլոգիաների պայմաններում այլընտրանք չունի։ Իսկ անձնական շփումները դեռևս ամենաարդյունավետ գործիքն են այդ ճանապարհին։
«Նախ դա հնարավորություն է տալիս պատկերացում կազմել, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում։ Երկրորդը՝ հնարավորություն է ստեղծում կապեր հաստատել այլ երկրների և տեխնոլոգիական կենտրոնների, ազդեցիկ մարդկանց հետ։ Եվ երրորդ՝ մենք հնարավորություն ենք ստանում ցույց տալ, որ Հայաստանը հետաքրքիր տեղ է տեխնոլոգիաներով զբաղվելու, բիզնես անելու և կապեր ստեղծելու համար: Մեր նպատակը հենց այս երեքի համադրությունն է»,- ասաց նա:
Բալդրյանի խոսքով՝ տեխնոլոգիական միջոցառումները մարզերում անցկացնելը շատ ավելի նպատակային է այս պահին, քանզի Երևանը գերբնակեցված ու գերհագեցված է. «Բայց մարզերում շատ մեծ չիրացված ներուժ ունենք։ Այնտեղ մարդիկ, երիտասարդները ծարավ են գիտելիքի, ինֆորմացիայի, և եթե նրանց ներգրավենք երկրի տեխնոլոգիական զարգացման պրոցեսում, շատ լավ արդյունքներ կստանանք»: Սա այն է ինչով զբաղվում է ՏՀՏ գործատուների Միությունը, անցկացնելով նաև Silicon Mountains ֆորումներ մարզերում։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում իսկական պատերազմ է. շտապել է պետք
Ըստ Բալդրյանի՝ աշխարհում «տեխնոլոգիական պատերազմ» է ընթանում, առավել ևս ԱԲ ասպարեզում։ Ո՛չ մասնավոր հատվածը, ո՛չ պետականն առանձին առանձին ոչ մի հարց չեն կարող լուծել։ «Մենք բոլոր ուժերը պիտի միացնենք իրար, պետք է մեր քայլերի հստակ ռազմավարություն ունենանք և գնանք առաջ»,- համոզված է նա։ Այժմ այս միտումը հստակ զգացվում է բոլոր երկրներում։
Բալդրյանի խոսքով՝ ողջունելի է, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման ռազմավարություն է ստեղծվում, կան ոլորտին աջակցության օրենքների նախագծեր. «Այսինքն՝ պետություն-մասնավոր համագործակցությունն ինչ-որ արդյունքներ սկսում է տալ։ Պետք է փորձենք այդ գործընթացն է՛լ ավելի արագացնել և առաջանցիկ զարգացում ապահովել։ Հաշվի առնելով, որ պետական հատվածը բյուրոկրատական մեխանիզմ է, պետք է նաև տեխնոլոգիաների կիրառմամբ առավել արագ և արդյունավետ դարձնենք գործընթացները»,- նկատեց նա:
Պետք է թռիչք, հեղափոխական փոփոխություն ոչ թե տեխնոլոգիաներում, այլ մեր մտածելակերպում
Արմեն Բալդրանը նշեց, որ նախորդ մի քանի տարիների համեմատ հայկական բիզնեսում այսօր փոփոխություններ կան տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ, սակայն դրանք բավարար չեն։ «Մեզ պետք է իրոք թռիչք, հեղափոխական փոփոխություն, և ոչ միայն տեխնոլոգիաներում, այլ առաջին հերթին մեր մտածելակերպում։ Օրինակ 2019-ի Silicon Mountains-ում, որ խոսում էինք արհեստական բանականությունից, շատերը ասում էին՝ դա ի՞նչ թեմա է, ֆանտաստիկայի ժանրից է ․․․․: Բայց երեք տարի հետո բոլորը սկսեցին խոսել դրա մասին: Պետք է կարողանանք, առավել ևս մասնավոր բիզնեսը և պետությունը, մի քայլ առաջ նայել, երեք տարի ավելի շուտ ուշադրություն դարձնել զարգացումներին, ոչ թե երեք տարի ավելի ուշ․․․ Արագ մտածել և գործնական քայլեր կատարել»,- նկատեց նա։
ԱԲ առաջընթացին զուգահեռ մի շարք մասնագիտություններ արմատապես կփոփոխվեն
ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը կարծում է, որ Հայաստանի և՛ պետական, և՛ մասնավոր հատվածներն այսօր համաշխարհային զարգացումներին համընթաց չեն կարողանում ինտեգրել ՏՀՏ-ն որպես ավելի արդյունավետ կառավարման գործիք:
«Ուրախալին այն է, որ հիմա մենք ակտիվորեն ձգտում ենք դրան, սակայն գործընթացները շատ դանդաղ են, կա արագացնելու և բյուրոկրատական խոչընդոտները հաղթահարելու կարիք։ Հույս ունեմ, որ կկարողանանք դա անել մոտ ապագայում, առաջիկա մեկ տարվա ընթացքում: Եթե այս տարվա վերջը, երկրորդ տարվա սկիզբը արդյունավետ օգտագործենք, զարգացման ռազմավարություն և օրենսդրական մրցունակ դաշտ ստեղծենք, իրոք ներառական՝ բոլոր կողմերի մասնակցությամբ գործընթաց սկսենք, կարծում եմ կհաջողենք»,- ասաց նա:
ԱԲ զարգացմանը զուգընթաց փոփոխություններ են կատարվում աշխատաշուկայում, աշխատատեղեր են կրճատվում դրա պատճառով, այդ համատեքստում, ո՞ր մասնագետներն ավելի պահանջված կլինեն ապագայում։ Անդրադառնալով այս հարցին, Բալդրյանն ասաց, որ իրականում այդ ամենը կանխատեսելի էր ու շատ հետազոտություններ դեռ 10 տարի առաջ ենթադրում էին, որ այդպես է լինելու, որ որոշ մասնագիտություններ կվերանան կամ էապես կձևափոխվեն, մի քանի տարում կառաջանան նոր մասնագիտություններ, որոնց մասին մենք նույնիսկ չենք էլ մտածում։
«Այսինքն` որոշակի մասնագիտությամբ աշխատատեղեր իհարկե կկրճատվեն, սակայն նոր աշխատատեղեր կբացվեն, որոնք կպահանջեն ավելի բարձր կրթական մակարդակ և նաև կլինեն ավելի եկամտաբեր»,- ասաց նա հավելելով, որ այստեղ փոխվում է աշխատանք-կրթություն հարեբերակցությունը․ պատկերավոր ասած, եթե նախկինում մարդն աշխատում էր յոթ ժամ, սովորում մեկ ժամ, աստիճանաբար իրավիճակը փոխվելու է և գալու ենք հակառակ իրավիճակին, աշխատելով մեկ ժամ և սովորելով 7 ժամ, քանի որ ԱԲ-ն, բարդ տեխնոլոգիաները ավելի խորը և բազմաբնույթ գիտելիքներ են պահանջելու մի կողմից, իսկ մյուս կողմից կտրուկ բարձրացնում են աշխատանքի արտադրողականությունը։
«Այսինքն` կրթությանը, ուսուցմանը ավելի շատ ժամանակ տրամադրելը արդյունքում բերելու է աշխատանքի արդյունավետության զգալի բարձրացման։ Դա նշանակում է որ հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնելու է կրթական համակարգի վրա։ Այնտեղ մեզ շատ ավելի կտրուկ փոփոխություններ են պետք, շատ ավելի հեղափոխական»,- հայտարարեց նա:
Պետք է տեխնոլոգիական ընկերությունների շղթա ստեղծենք և բուն արտադրանքը ստեղծենք Հայաստանում
Ըստ Արմեն Բալդրյանի՝ երբեք չի կարելի ասել, որ մենք ճիշտ ենք օգտագործում ԲՏ ոլորտում մեր ռեսուրսները, քանի որ միշտ կա զգալի լավացման հնարավորություն։ Բացի այդ՝ հիմա ամբողջական ինֆորմացիա չունենք մեր իրական ռեսուրսների մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանում շատ ընկերություններ կան, մեծ թե փոքր` նշանակություն չունի, որոնք ինչ-որ աշխատանք են կատարում ու արտահանում կամ աութսորս են անում, և շատ դեպքերում մենք չգիտենք այդ ընկերությունների մասին։
«Բայց իրականում իրենք օգտագործում և ստեղծում են առաջադեմ տեխնոլոգիաներ և լուծումներ։ Մեր հիմնական նպատակներից մեկը պետք է լինի այդ ընկերություններից շղթա ձևավորելը, հնարավորինս ավելի մեծ հավելյալ արժեք Հայաստանում ստեղծելու նպատակով։ Նպատակը պետք է լինի տեխնոլոգիայի, արտադրանքի հնարավորինս մեծ կտոր ստեղծել Հայաստանում, ապահովելով ավելի մեծ հավելյալ արժեք։ Իհարկե, մի ընկերությունը չի կարող ինքնուրույն շատ բարդ արտադրանք ստեղծել, բայց 10 ընկերություն իրար միանալով կարող են»,- ասաց նա։
«Օրինակ՝ Գերմանիայի ավտոմոբիլային արդյունաբերությունը․ մեքենաների դետալները արտադրվում են բազմաթիվ գործարաններում, մեծամասնությամբ գերմանական: Նույնը պետք է անենք մենք, այդ բոլոր կազմակերպությունները միանալով՝ պետք է ստեղծեն ամբողջական հայկական արտադրանք։ Դա իր հերթին կարող է լուծել մեր երկրի և՛ տեխնոլոգիական զարգացման, և՛ անվտանգության և կայուն զարգացման հարցեր»,- ընդգծեց Բալդրյանը:
Նշենք, որ Silicon Mountains-2024 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը Երևանում անցկացվել է նոյեմբերի 15-ին։ Այս տարի միջոցառումն ունեցել է ավելի քան 1000 մասնակից։ Գագաթնաժողովն այս անգամ նվիրված էր տնտեսության մեջ ԱԲ կիրառությանը և մարտահրավերներին։ Միջոցառման ժամանակ եղան առանձին ելույթներ և պանելային քննարկումներ։
Առաջին քննարկման ժամանակ, որը վերնագրված է «Industry.ai», քննարկվեց ԱԲ զարգացումն ու կիրառումը արդյունաբերության տարբեր ոլորտներում: «Invest.ai» խորագրով երկրորդ պանելային քննարկումը նվիրված էր ԱԲ ֆինանսական ասպեկտներին, ԱԲ ստեղծման, զարգացման և կիրառման մեջ ներդրումներ կատարելու կաևորությանը: Երրորդ պանելային քննարկման՝ «Impact.ai»-ի ժամանակ, քննարկվեց ԱԲ սոցիալական ազդեցությունը, հատկապես կրթության վրա:
Միջոցառման հատուկ հյուրերն էին Infosys ընկերության հիմնադիր, ՀՀ բնագավառում համաշխարհային նշանակալի ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2023-ի դափնեկիր Նարայանա Մուրտին, SIEMENS EDA-ի Կենտրոնական և հյուսիսային Եվրոպայի տնօրեն Սաշա Ահնեն, CINI Կիբեռանվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Պաոլո Պրինետտոն, Open Compute Project (OCP) Հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ճափարիանը, AMD ընկերության ավագ գիտաշխատող Պատրիկ Գյոնեվելդը, հեղինակ և միջազգային խոսնակ Ռոն Իմմնիկը։
Գագաթնաժողովն անցկացվում է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Գագաթնաժողովի պլատինե գործընկերը Ucom ընկերությունն է։
Միջոցառման մեդիա գործընկերը NEWS.am տեղեկատվական-վերլուծական գործակալությունն է:
Գագաթնաժողովի գործընկերների թվում են նաև EasyPay-ը, Visa-ն, Synospys-ը, USAID-ը Staffmedia-ն, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, և UNICOMP-ը: