14:11 1 նոյեմբերի, 2024Apple-ը ներկայացրել է 2024-ի երրորդ եռամսյակի արդյունքները և գերազանցել է հիմնական ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ վերլուծաբանների սպասումները։ Ընկերության եկամուտը հասել է 94,93 միլիարդ դոլարի՝ գերազանցելով 94,58 միլիարդ դոլարի գնահատականը, իսկ մեկ բաժնետոմսի հաշվով եկամուտը կազմել է 1,64 դոլար, ինչը նույնպես գերազանցում է 1,60 դոլարի սպասումները: Այնուամենայնիվ, ընկերության զուտ շահույթը նվազել է Եվրոպայում միանվագ հարկային գանձումների պատճառով, ինչի արդյունքում բաժնետոմսերի գինը նվազել է 2%-ով: Հաշվետու ժամանակահատվածում ավելացել է iPhone 16 նոր շարքի նկատմամբ հետաքրքրությունը։
iPhone-ի վաճառքը կրկին առանցքային դեր է խաղացել ընկերության ընդհանուր եկամտի գեներացման մեջ, որը տարեկան կտրվածքով աճել է 6%-ով՝ հասնելով 46,22 մլրդ դոլարի, ինչը ավելին է, քան փորձագետների կանխատեսումները՝ 45,47 մլրդ դոլար։ Այս աճը մասամբ պայմանավորված է սեպտեմբերի 20-ին վաճառքի հանված նոր iPhone 16 շարքի պահանջարկի ավելացմամբ: Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը նշել է, որ iPhone 15-ի վաճառքը նախորդ եռամսյակում ավելի լավն է եղել, քան iPhone 14-ինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, իսկ նոր iPhone 16-ն է՛լ ավելի մեծ պահանջարկ ունի: Ընդհանուր առմամբ, iPhone-ը մնում է Apple-ի առաջատար արտադրանքը, որի վաճառքից գոյանում է ընկերության ընդհանուր եկամտի գրեթե 49%-ը:
Բացի դրանից՝ Կուկն ընդգծել է Apple Intelligence-ի ԱԲ հնարավորությունների կարևորությունը, որոնք վերջերս հասանելի են դարձել Mac համակարգիչների և iPhone-ների համար՝ iOS 18.1 թարմացման շրջանակում: Նրա խոսքով՝ անցյալ տարի օգտատերերը iOS 17.1-ից երկու անգամ ավելի արագ են անցել iOS-ի նոր տարբերակին, և օգտատերերի ու մշակողների արձագանքները մնում են դրական:
iPad-ի վաճառքը գրանցել է Apple-ի սարքերի վաճառքից ստացված հասույթի ամենամեծ աճը` մոտ 8%, ինչը կազմում է 6,95 մլրդ դոլար: Apple-ը մայիսին թողարկել է iPad Pro-ի և Air-ի նոր մոդելները այն բանից հետո, երբ ամբողջ 2023-ին iPad-ի ոչ մի նոր մոդելներ չէր ներկայացրել: Mac-ից ստացված հասույթն աճել է 2%-ով՝ հասնելով 7,74 մլրդ դոլարի՝ հիմնականում պայմանավորված գարնանը ներկայացված նոր չիպերով MacBook Air-ի մեծ վաճառքով:
«Այլ ապրանքներ» կատեգորիայի հասույթը, որը ներառում է AirPods, HomePod բարձրախոսներ և Apple Watch խելացի ժամացույցներ, հասել է 9,04 միլիարդ դոլարի՝ տարեկան կտրվածքով նվազելով 3%-ով և վերլուծաբանների սպասումներից ավելի ցածր ցուցանիշ է: Չնայած ընկերությունը նորացված Apple Watch և AirPods մոդելները ներկայացրեց iPhone-ի նոր շարքի հետ միաժամանակ, սակայն այս ապրանքների նկատմամբ հետաքրքրությունը սպասվածից ցածր է եղել:
Apple-ի եկամուտը մայրցամաքային Չինաստանում, Թայվանում և Հոնկոնգում նվազել է 1%-ով և կազմել 15,03 մլրդ դոլար՝ առաջացնելով ներդրողների մտահոգությունը: Տեղական արտադրողների կողմից (ինչպիսին է Huawei-ը) աճող մրցակցությունը լուրջ մարտահրավերներ է ստեղծում Apple-ի համար այս ռազմավարական կարևոր տարածաշրջանում, որն իր վաճառքի ծավալով երրորդն է:
Հաշվետու եռամսյակի ընթացքում Apple-ը 29 միլիարդ դոլար է ծախսել իր իսկ բաժնետոմսերի հետգնման և շահաբաժինների վճարման վրա՝ որպես բաժնետոմսերի գինը պահպանելու և բաժնետերերի շահերն ամրապնդելու իր ռազմավարության մաս: Ընկերության ֆինանսական պահուստները հասել են 156,65 միլիարդ դոլարի, ինչը նրան հնարավորություն է տալիս պահպանել անկախությունը աճող մրցակցության և տնտեսական ծանր պայմանների պարագայում: