NASA-ի Artemis 1 առաքելությունն ավարտվել է․ Orion տիեզերանավը հաջողությամբ վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսում:
«NASA-ի Orion տիեզերանավի անձնակազմի մոդուլը հաջողությամբ անջատվել է իր սպասարկման մոդուլից կենտրոնական եվրոպական ժամանակով առավոտյան ժամը 11:00-ին՝ անձնակազմի մոդուլի Երկիր վերադարձին նախապատրաստելու շրջանակում»- ասվում է NASA-ի տարածած հաղորդագրությունում:
NASA-ի Artemis 1 անօդաչու առաքելությունը հաջողությամբ մեկնարկել էր նոյեմբերի 16-ին։ Orion տիեզերանավը հնարավորինս (մոտ 130 կմ) մոտեցել է Լուսնին։ Orion-ն իր հետ տիեզերք է տարել երեք մանեկեն, որոնք հագեցած են 5600 սենսորներով, որպեսզի չափեն ճառագայթման մակարդակը։ Դա գիտնականներին կօգնի հասկանալ, թե որքան վտանգավոր են նման թռիչքները տիեզերագնացների համար:
Artemis 1 առաքելությունից հետո NASA-ն նախատեսել է Artemis 2 առաքելությունը, որը տիեզերագնացներին 2024 թ․ կտանի Լուսնի ուղեծիր, սակայն տիեզերագնացները Լուսնի վրա վայրէջք չեն կատարի: Իսկ արդեն 2025 թ․, Artemis 3 առաքելության շրջանակում, տիեզերագնացները կկարողանան նաև վայրէջք կատարել Լուսնի մակերեսին։
Orion տիեզերանավը Artemis 1 անօդաչու առաքելության շրջանակում Լուսնի հեռավոր ռետրոգրադային ուղեծրով թռչելիս նկարահանել է Երկիրը և Լուսինը: Առաքելության ընթացքում Orion-ը նաև Լուսնի մակերեսի գեղեցիկ լուսանկարներ է արել։