Meta-ն սպառնացել է հեռացնել լրատվական բովանդակությունն իր հարթակներից

13:43    6 դեկտեմբերի, 2022

Facebook սոցցանցի սեփականատեր Meta-ն սպառնացել է հեռացնել լրատվական բովանդակությունն իր հարթակներից այն բանից հետո, երբ ԱՄՆ օրենսդիրները պաշտպանության թույլտվության մասին օրենքում ներառել են նաև «Լրագրության մրցակցության և պահպանության ակտ» օրենքի նախագիծը (JCPA), որում Meta-ն խնդիրներ է տեսնում իր բիզնես մոդելի համար։

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, բանն այն է, որ Սենատոր Էմի Կլոբուչարի առաջարկած և երկու կուսակցություններից մեկ տասնյակից ավելի այլ օրենսդիրների աջակցությանն արժանացած նախագիծը ԱՄՆ հակամենաշնորհային օրենքի դրույթների համաձայն չորս տարի ժամանակահատվածով լրատվամիջոցներին թույլ կտա բանակցել սոցիալական մեդիա հարթակների հետ և նրանց ստացած գովազդային եկամուտներից ավելի մեծ մասնաբաժին ստանալ իրենց լրատվական բովանդակության դիմաց:

«Եթե Կոնգրեսն ընդունի լրագրողական այս անխոհեմ օրինագիծը որպես ազգային անվտանգության օրենսդրության մաս, - ասել է Meta-ի խոսնակ Էնդի Սթոունն իր թվիթերյան գրառման մեջ,- մենք ստիպված կլինենք դիտարկել լուրերը մեր հարթակից ընդհանրապես հեռացնելու հնարավորությունը, քան տեղի տալ կառավարության կողմից պատվիրված բանակցություններին, որոնք անարդարացիորեն արհամարհում են ցանկացած արժեք, որը մենք տրամադրում ենք լրատվամիջոցներին՝ ավելացված թրաֆիկի և բաժանորդագրությունների միջոցով»։

Meta-ի նախկին փորձն ու JCPA-ի հետ կապված մտահոգություններ

Meta-ն արդեն մեկ անգամ ապացուցել է, որ հետևողական է նման հարցերում և անհրաժեշտության դեպքում կգնա նման կտրուկ միջոցների։ Երբ անցած տարի Ավստրալիան նմանատիպ օրենք էր նախատեսում ընդունել, ընկերությունը կարճ ժամանակով կասեցրեց օգտատերերի՝ իրենց օգտահաշիվներում նորությունների հղումներ տարածելու և դիտելու հնարավորությունը (ավելի ուշ ընկերությունը փոխեց իր մոտեցումը, իսկ օրենսդրությունն ընդունվեց նույն տարում):

Տեխնոլոգիական արդյունաբերությունը կտրականապես դեմ է եղել JCPA-ին, սակայն օրինագիծը նաև քննադատության է արժանացել քաղաքացիական հասարակության ավելի քան երկու տասնյակ խմբերի կողմից։

Կոնգրեսի առաջնորդներին ուղղված նամակում նրանք նշել են, որ JCPA-ն կարող է վատթարացնել ապատեղեկատվության հետ կապված իրավիճակը՝ լրատվական կայքերին թույլ տալով դատի տալ տեխնոլոգիական հարթակներին՝ այս կամ այն նյութի հասանելիությունը նվազեցնելու համար։ Սա, ըստ նրանց, իր հերթին կարող է հանգեցնել նրան, որ սոցցանցերն սկսեն խուսափել վիրավորական կամ ապակողմնորոշող բովանդակությունը մոդերացնելուց։

Նամակի հեղինակները նաև նշում են, որ JCPA-ն կարող է անհամաչափ արտոնյալ պայմաններ ստեղծել խոշոր մեդիա ընկերությունների համար, ի տարբերություն փոքր, տեղական և անկախ լրատվամիջոցների, որոնք ամենաշատն են տուժել թվային գովազդից ստացվող եկամուտների նվազումից:



© NEWS.am Medicine