Էլեկտրոնիկայի հայտնի ապրանքանիշը զանգվածաբար հետ է կանչում իր էներգաբանկերը․ ի՞նչն է պատճառը

19:12    24 սեպտեմբերի, 2024

Սմարթֆոնների և այլ էլեկտրոնիկայի համար աքսեսուարների չինական արտադրող Anker-ը հայտարարել է, որ մի քանի մոդելի արտաքին մարտկոցներ հանում է վաճառքից՝ հայտնաբերված տեխնիկական թերությունների պատճառով, հայտնում է The Sun-ը։

Ըստ The Sun-ի՝ Anker-ը, մասնավորապես, հետ է կանչում 334 MagGo Battery, Power Bank և 334 MagGo Battery PowerCore 10k էներգաբանկերի մոդելները։ Հետկանչի պատճառը եղել է թերության հայտնաբերումը, որի պատճառով այս մոդելների մարտկոցները ենթակա են գերտաքացման։ Որոշ դեպքերում այս անսարքության հետևանքով սարքի պլաստիկ մասերը կարող են հալչել, սարքը նույնիսկ կարող է ինքն իրեն բռնկվել։

Նշվում է, որ էներգաբանկի թվարկված մոդելները մշակվել են iPhone-ի համար, սակայն կարող են օգտագործվել ցանկացած սմարթֆոնի հետ։ Արտադրողի խոսքով՝ հետկանչը վերաբերում է բոլոր մարտկոցներին, որոնք արտադրվել են 2024-ի հունվարի 3-ից սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում։ Anker-ը շեշտում է, որ խնդիրը վերաբերում է միայն սահմանափակ թվով էներգաբանկերի, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ պետք է հետ կանչվեն բոլոր սարքերը։

Աղբյուրը նաև նշում է, որ ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Նիդեռլանդների և Ավստրալիայի օգտատերերը կարող են իրենց Anker արտաքին մարտկոցները վերադարձնել արտադրողին և ստանալ դրանց համար վճարած գումարի ամբողջական փոխհատուցում:



© NEWS.am Medicine