18:33 23 սեպտեմբերի, 2024Վերջին տարիներին տեխնոլոգիաները դարձել են մեր առօրյա կյանքի անբաժանելի մասը. այսօր դրանք են մեծապես որոշում, թե ինչպես ենք մենք աշխատում, շփվում և փոխազդում աշխարհի հետ: Այնուամենայնիվ, ըստ ALL DIGITAL-ի (Բելգիա) փոխնախագահ Մարիաննա Մարկուչիի՝ չնայած թվային գործիքների լայն տարածմանը, զգալի բաց կա այս տեխնոլոգիաների հասանելիության և դրանք արդյունավետ օգտագործելու ունակության միջև:
Նրա խոսքով՝ ամեն տարի ավելի ու ավելի են շատանում մարդիկ, որոնց հասանելի է ժամանակակից թվային հանրային ենթակառուցվածքը: Մյուս կողմից, ոչ բոլորն ունեն այդ տեխնոլոգիաները ճիշտ և գրագետ օգտագործելու գիտելիքները։ Շատերը, հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները, չունեն գիտելիքներ թվային տեխնոլոգիաներ օգտագործելիս սեփական անվտանգությունն ապահովելու համար. նրանք չգիտեն, թե ինչ է կիբեռանվտանգությունը, կիբեռբուլինգը, չգիտեն, թե ինչպես կարող են իրենց խաբել կամ մոլորեցնել և ինչպես խուսափել այս ամենից։
Մյուսները նույնպես չգիտեն կամ չեն հասկանում իրենց հասանելի գործիքների ողջ ներուժը և, հետևաբար, չեն կարող դրանք ամբողջությամբ օգտագործել:
«Մենք All Digital-ում հաճախ ասում ենք, որ շատերի համար թվային տեխնոլոգիան նման է Ferrari-ին տալ մեկին, որը նոր է ստացել իր վարորդական իրավունքը: Գերազանց մեքենա, բայց մարդն դրա ողջ ներուժը չի կարող օգտագործել»,- նշեց մասնագետը։
Այս խնդրի պատճառն այն է, որ թվային գործիքներն ավելի մատչելի են դառնում, բայց նույնը չի կարելի ասել այդ գործիքները գրագետ օգտագործելու վերաբերյալ տրամադրվող տեղեկատվության համար: Մասնագետը բերեց պարզ օրինակ. պետությունը կամ ինչ-որ մասնավոր ընկերություն կարող է ստեղծել շատ խոստումնալից և հարմար թվային ծառայություն, բայց մանրամասն չբացատրել, թե ինչ հնարավորություններ ունի այս ծառայությունը, ինչպես պետք է այն օգտագործել և ինչ ռիսկերի մասին արժե իմանալ:
Ըստ Մարիաննա Մարկուչիի՝ այս ամբողջ տեղեկատվությունը պետք է տարածեն ինչպես պետությունը, այնպես էլ մասնավոր ընկերությունները, որոնք որևէ թվային ծառայություն ունեն, նաև տարբեր հասարակական կազմակերպությունները։
«Մենք բոլորս միասին պետք է աշխատենք՝ հասնելու ընդհանուր նպատակին՝ բնակչության թվային գրագիտության բարձրացմանը»,- նշեց մասնագետը։