Լի Յոնգ Հին ստանձնել է Samsung Device eXperience (DX) համաշխարհային մարկետինգային կենտրոնի նախագահի պաշտոնը: Yonhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընկերության պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ նման բարձր պաշտոնը կին է զբաղեցնում։
Լին, ըստ պարբերականի, ընկերությանը միացել է 2007 թ․, իսկ 2012 թ․ դարձել է փոխնախագահ։ Samsung DX բաժինը, որն այժմ նա ղեկավարում է, վերահսկում է նաև սմարթֆոնների և շարժական այլ սարքերի բիզնեսը։ Ղեկավարության խոսքով՝ Լին մեծ դեր է խաղացել Galaxy սմարթֆոնների շարքի իմիջն ստեղծելու և այդ արտադրանքն առաջ մղելու գործում:
Լին այժմ ընկերության յոթ նոր նախագահներից մեկն է. կորպորատիվ վերադասավորումները տեղի ունեցան այն բանից հետո, երբ խմբի փաստացի առաջնորդ Լի Ձե Յոնգը հոկտեմբերին նշանակվեց ընկերության գործադիր նախագահ:
Samsung-ի ղեկավարներն ակնկալում են, որ Լիի առաջխաղացումը օրինակ կծառայի և ազդանշան կլինի այլ կին աշխատակիցների համար, որոնք կտեսնեն, որ եթե ջանք գործադրեն և իրենք իրենց մարտահրավեր նետեն, ապա իրենք նույնպես կարող են բարձրանալ կարիերային սանդուղքով։
Նշենք, որ Samsung-ում դեռ չեն նշանակել կենցաղային տեխնիկայի բաժնի նոր ղեկավար։ Այս պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ նախկին ղեկավար Լի Ձե-Սոնգը հոկտեմբերին այդպես էլ չբացահայտված «անձնական պատճառներով» հրաժարական տվեց: Լի Ձե-Սոնգի պարտականությունները ներկայումս կատարում է Samsung-ի փոխնախագահ և գործադիր տնօրեն Հան Չունգ Հինը: