Picture-in-picture ռեժիմ տեսազանգերի համար. WhatsApp-ի բետա տարբերակում նոր գործառույթ է փորձարկվում

12:29    5 դեկտեմբերի, 2022

WhatsApp մեսենջերն ունի նոր գործառույթ։ Խոսքը վերաբերում է Picture-in-picture գործառույթին, որը նախատեսված է տեսազանգերի համար: Առայժմ այս գործառույթը հասանելի է միայն հավելվածի բետա տարբերակում և աշխատում է iOS 16.1-ի և այս օպերացիոն համակարգի ավելի ուշ թողարկված տարբերակներով սարքերի վրա։ Օգտատերերի ավելի լայն շրջանակի համար գործառույթը հասանելի կդառնա առաջիկա օրերին։

Ինչպես տեղեկացնում է WABetaInfo-ն, նոր գործառույթը թույլ է տալիս օգտվել այլ հավելվածներից WhatsApp-ի տեսազանգերի ժամանակ։ Picture-in-picture ռեժիմն անմիջապես հայտնվում է բազմաֆունկցիոնալ աշխատանքի ժամանակ այն օգտահաշիվներում, որոնցում նոր գործառույթն արդեն հասանելի է։

Վերջերս WhatsApp մեսենջերում մեկ այլ նոր գործառույթ է ավելացել՝ Message Yourself, որը օգտատիրոջը թույլ է տալիս ինքն իրեն հաղորդագրություններ, նշումներ ուղարկել՝ հեշտացնելով համապատասխան տեղեկություններին ու հիշեցումներին արագ հասանելիությունը:  

WhatsApp-ը Android-ի 2.22.24.18 բետա տարբերակում վերջերս նաև ներկայացրել է մեկ այլ գործառույթ, որը թույլ է տալիս մեկ օգտահաշիվն օգտագործել միանգամից մի քանի սմարթֆոնների վրա։

WhatsApp-ի՝ վերջերս գործարկած նոր հնարավորություններից է նաև Communities-ը, որը նախատեսված է խմբերով հաղորդակցվելը հեշտացնելու համար։ Այն նաև մինչև 32 հոգու հետ տեսազանգեր կատարելու հնարավորություն է ընձեռում:

Վերջերս մեսենջերն ավելացրել է նաև անձնական չատերում հարցումներ անցկացնելու, վիրտուալ ավատար ընտրելու և ձայնային հաղորդագրությունների նվագարկումը 1,5-2 անգամ արագացնելու հնարավորություն։

WhatsApp-ի մեկ այլ նոր գործառույթ է նաև Call Links-ը, հնարավորություն է տալիս հիպերլինքի միջոցով  օգտատերերին հրավիրել խմբային զանգին միանալու համար։ Ընդորում՝ կապ չունի, թե դա տեսազա՞նգ է, թե ձայնազանգ։ 

 



© NEWS.am Medicine