Ի՞նչ է թվային գաղտնիությունը և ինչպե՞ս պահպանել այն

14:38    4 դեկտեմբերի, 2022

Օնլայն կամ թվային գաղտնիությունը ենթադրում է տարաբնույթ տեղեկատվության փոխանցում/փոխանակում համացանցում առանց արտահոսքի։ Թվային գաղտնիության կարելի է հասնել մարտավարությունների և տեխնոլոգիաների համադրությամբ՝ պաշտպանելով ներքին ինֆորմացիան հանրայնացումից։ Այլ կերպ ասած՝ թվային գաղտնիությունը համացանցում ինֆորմացիայի պաշտպանությունն է։ 

Յուրաքանչյուրիս առցանց գործունեությունը, ինչպիսիք են հրապարակումները սոցկայքերում, առևտրի և զվարճանքի նախընտրությունների մասին որոնումները, գտնվելու վայրի մասին տվյալները, ֆինանսական և առողջական տեղեկությունների տարածումը առցանց առևտրի հարթակներում թվային «ոտնահետքեր» են թողնում, որոնք կարող են օգտագործվել մեզ վրա ազդելու և նույնիսկ վնասելու համար՝ հաճախ առանց մեր համաձայնության։ Այդ տեղեկությունները կարող են, օրինակ՝ վաճառվել մեկ այլ ընկերության և կիրառվել բիզնես կամ այլ նպատակներով՝ առանց մեր իմացության, օրինակ՝ անհատականացված գովազդների ցուցադրման համար, կամ չարագործները կարող են օգտվել ոչ պատշաճ պահպանված գաղտնաբառերից և գողանալ մեր ֆինանսական միջոցները։

Սրանով է կարևորվում թվային գաղտնիության ապահովման անհրաժեշտությունը։ Համացանցի յուրաքանչյուր օգտատեր պետք է առնվազն նվազագույն գիտելիքներ ունենա տվյալների պաշտպանության եղանակների վերաբերյալ, գնահատի համացանցում իր յուրաքանչյուր քայլի հետևանքները։ Այս ամենը կարող է բարդ, վախեցնող և անհասկանալի թվալ, սակայն դա ամենևին այդպես չէ։ Հետևելով շատ պարզ քայլերի՝ կարելի է ապահովել օնլայն գործունեության անվտանգությունը։

Այսպիսով՝ օնլայն գաղտնիությունն ավելի լավ պատկերացնելու համար այն պայմանականորեն փորձենք բաժանել մի քանի ուղղությունների՝ 

Հաղորդակցության գաղտնիություն

Հաղորդակցության գաղտնիությունը ենթադրում է, որ ինտերնետ օգտատերերի թվային հաղորդակցությունները պետք է լինեն անվտանգ և գաղտնի, այսինքն՝ նամակներն ու հաղորդակցությունները պետք է հասանելի լինեն միայն նախատեսված ստացողներին։

chat-conversation-communication-connection-concept.jpg (1003 KB)

Ինֆորմացիոն գաղտնիություն

Ինֆորմացիոն կամ տվյալների գաղտնիությունը տվյալների պաշտպանության ուղղություններից է, որը վերաբերում է զգայուն տեղեկատվության պատշաճ պահպանությանը, հասանելիությանը, վերահսկողությանը, կայունությանը և պաշտպանությանը։ 

Տվյալների գաղտնիությունը հաճախ ասոցացվում է անձնական տվյալների կամ անձնապես ճանաչելի տեղեկատվության հետ, որի մեջ մտնում են անունները, հասցեները կամ բանկային քարտերի համարները։ Մինչդեռ այս ձևակերպման մեջ մտնում են նաև այլ գաղտնի տվյալների տեսակներ՝ ներառյալ ֆինանսական տվյալներ, մտավոր սեփականություն և անձի առողջական տեղեկություններ։

Անձնական գաղտնիություն

Անձնական գաղտնիության պահպանությունն ապահովում է անձի մասին տեղեկությունների ամբողջական գաղտնիություն՝ ներառյալ անունը և գտնվելու վայրը։ Այս նպատակով ինտերնետ օգտատերերը հաճախ օգտագործում են VPN ծառայություններ և այլ գործիքներ։

Ինչպե՞ս պաշտպանել թվային գաղտնիությունը

  1. Գաղտնաբառեր
    Օգտագործե՛ք ուժեղ և անհատական գաղտնաբառեր բոլոր առցանց հարթակներում։
    Ձեր անձնական գաղտնիության ապահովման նպատակով օգտագործե՛ք երկար գաղտնաբառեր, որոնց մեջ կլինեն մեծատառեր, փոքրատառեր, թվանշաններ և կետադրական նշաններ։ Ոչ պակաս կարևոր է նաև ամեն հարթակում առանձին գաղտնաբառի օգտագործումը։ Լրացուցիչ պաշտպանություն կարող է ապահովել նաև երկփուլանի անվտանգության համակարգերի ներդրումը (two-factor authentication)։
  2. Տեղեկությունների հնարավորինս քիչ տարածում
    Տեղեկությունների տարածման սահմանափակումը ենթադրում է, օրինակ՝ սոցիալական կայքերում անձնական կյանքին, նախընտրություններին վերաբերող հրապարակումների սահմանափակումը կամ առհասարակ բացառումը, օնլայն առևտրի հարթակներում վճարելու միջոցների մասին տեղեկությունները չպահպանելը։
  3. Որոնողական համակարգերի սահմանափակում
    Որոնողական համակարգերը հսկայական ծավալների տեղեկություններ են հավաքում օգտատերերի վերաբերյալ։ Չնայած չկա գործիք, որով հնարավոր կլինի ամբողջությամբ սահմանափակել որոնողական համակարգերի գործունեությունը, սակայն դրանք թույլ են տալիս ջնջել հավաքված տեղեկությունները։
    tablet-search-engine-system-screen.jpg (1.25 MB)
  4. Թարմացումներ
    Ծրագրերի ու հավելվածների թարմացումները ենթադրում են ոչ միայն նոր գործառույթների ավելացում, այլև անվտանգության միջոցառումների արդիականացում։ Հետևաբար շատ կարևոր է պարբերաբար ներբեռնել նոր թարմացումները, ինչպես նաև ջնջել չօգտագործվող ծրագրերն ու հավելվածները։

  5. Cookies
    Հաճախ տարբեր վեբ կայքեր մուտք գործելիս բացվում է պատուհան, որն առաջարկում է ընդունել քուքիները, թույլ չտալ դրանք կամ թույլատրել մասնակի։ Քուքիների միջոցով կայքերը հնարավորություն են ստանում հետևել ձեր առցանց գործունեությանը տարբեր նպատակներով։ Եվ ձեր պատասխանից կախված՝ տվյալ կայքին թույլ եք տալիս այս կամ այն չափով հետևել ձեր առցանց գործունեությանը։ Օնլայն գաղտնիության ապահովման նպատակով մերժե՛ք քուքիների ներդրման առաջարկները կամ ընդունե՛ք միայն ամենաանհրաժեշտները, իսկ եթե բացված պատուհանը ձեզ չի խանգարում, կարող եք պարզապես անտեսել այն։
  6. Հավելվածների սահմանափակում
    Հավելվածները շատ հաճախ օգտատերերից հայցում են նրանց մասին տարաբնույթ տեղեկությունների հասանելիություն՝ օրինակ որոնողական համակարգերի, գտնվելու վայրի, կոնտակտային ինֆորմացիայի և այլն։ Հնարավորության դեպքում խուսափե՛ք նման թույլտվության տրամադրումից։

    Tristate Location Permissions | Android Open Source Project
  7. Սարքավորումներին հասանելիության սահմանափակում
    Այս նպատակով անհրաժեշտ է կատարել մի քանի քայլ։ Հուսալի գաղտնաբառեր օգտագործեք ձեր անձնական օգտագործման սարքավորումների համար (համակարգիչ, սմարթֆոն, պլանշետ և այլն)։ Թույլ մի՛ տվեք երրորդ անձանց օգտագործել սարքավորումն առանց ձեր ներկայության։ Սարքավորումը վաճառելիս ջնջե՛ք ամբողջ ինֆորմացիան՝ այն բերելով գործարանային վիճակի։

  8. Wifi սարքեր
    Կարևոր է հուսալի գաղտնաբառեր կիրառել նաև WiFi սարքերի դեպքում, քանի որ դրանց հասանելիություն ստանալով՝ ցանցահենները կարող են մուտք գործել այդ ծածկույթին միացած սարքեր և գողանալ ձեր անձնական տվյալները։ Խուսափեք նաև հանրային WiFi ծածկույթների օգտագործումից, քանի որ դրանք հիմնականում որևէ կերպ պաշտպանված չեն լինում և դրանց միջոցով հեշտությամբ կարելի է վարակել սարքավորումները։ 


© NEWS.am Medicine