17:28 6 սեպտեմբերի, 2024Lenovo ընկերությունը IFA 2024 ցուցահանդեսին ցուցադրել է Auto Twist AI PC նոութբուքի կոնցեպտը, որն ունի շարժիչային ծխնի։ Նորույթը կարող է ավտոմատ կերպով պտտել էկրանը՝ հետևելով օգտատիրոջ շարժումներին, ինչպես նաև ձայնային հրամանների միջոցով նոութբուքից վերածվել պլանշետի և հակառակը։
Auto Twist AI PC-ն պտտվող էկրանով նոութբուքի ֆորմֆակտորի նոր մեկնաբանություն է, որն ավելի քան 20 տարվա պատմություն ունի, գրում է The Verge-ը։ Ի տարբերություն ժամանակակից տրանսֆորմեր նոութբուքների՝ 360 աստիճանի ծխնիներով, որոնք ծալվում են էկրանը դեպի դուրս, վաղ մոդելները պտտվում էին կենտրոնական առանցքի շուրջ և ծալվում ստեղնաշարի վրա: Lenovo-ն նմանատիպ դիզայնով փորձեր արդեն արել է 2012 և 2023 թվականներին՝ թողարկելով մոդել, որի մի կողմն OLED, իսկ մյուսը՝ E Ink էկրան է:

Թեև նոր կոնցեպտը ձայնային հրամաններին արձագանքում է գրեթե ակնթարթորեն, դրա փոխակերպման մեխանիզմը բավականին դանդաղ է աշխատում․ փոխակերպման համար պահանջվում է մոտ 10 վայրկյան: Սակայն օգտատիրոջ շարժումներին հետևելու գործառույթը կարող է արագ կարգավորել էկրանը ցանկալի անկյան տակ և հատկապես օգտակար է, օրինակ, տեսազանգերի ժամանակ:
Lenovo-ի հաղորդակցության հարցերով տնօրեն Ջեֆ Վիտի խոսքով՝ ընկերությունը դեռևս փորձարկում է այս տեխնոլոգիան։ «Շատ կոնցեպտներ չեն մտնում շուկա, սակայն նման տեխնոլոգիաների տարրերը կարող են հայտնվել ապագայում,- ասել է Վիտը,- Դա գործնականում տեսահամակարգ է, որը ներկառուցված է նոութբուքում, որը, ի թիվս այլ բաների, մեծ ներուժ ունի սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար»: Նա կարծում է, որ ձայնային հրամանների միջոցով նոութբուքը կառավարելու տարբերակը ոչ միայն հարմար է, այլև ոճային։