Չինական Huawei ընկերությունը հրապարակել է Watch Buds կոչվող խելացի ժամացույցի նոր մոդելի մասին պաշտոնական թիզերը։
Տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես է «աշխատում» ժամացույցի պատյանը։ Մասնավորապես հատուկ կոճակը սեղմելուց հետո ինչպես է էկրանը դեպի վեր բացվում, ինչից հետո երևում են ներսում տեղադրված անլար ականջակալները։
Թիզերում չկան տեխնիկական մանրամասներ, իսկ ժամացույցի մասին առայժմ հայտնի է միայն այն, որ այն օգտագործում է HarmonyOS ծրագրային հարթակը։
Watch Buds-ի պաշտոնական շնորհանդեսը նախատեսված էր դեկտեմբերի 2-ին, սակայն Huawei-ը չեղարկել է միջոցառումը։ Ոլորտի մասնագետների համոզմամբ՝ պատճառը Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինի մահն է։ Վերջինս մահացել է նոյեմբերի 30-ին՝ 96 տարեկան հասակում։
Նշենք, որ չինական Xiaomi ընկերությունը նույնպես այդ պատճառով հետաձգել է իր Xiaomi 13 շարքի սմարթֆոնների շնորհանդեսը, որը նախատեսված էր դեկտեմբերի 1-ին։ Իրենց նմանատիպ միջոցառումները հետաձգել են նաև iQOO-ը և MediaTek-ը։
Հիշեցնենք, որ ինսայդեր Rodent950-ն առաջինն էր, որը պատմել էր Watch Buds-ի մասին: Այդ ժամանակ նա այս խելացի ժամացույցն անվանել էր «տարօրինակ»։