15:02 16 օգոստոսի, 2024Google-ը պնդում է, որ իր Pixel սմարթֆոններն ունեն բարձր անվտանգություն, քանի որ դրանցում տեղադրված է մաքուր Android OS, ենթադրաբար առանց հավելումների և երրորդ կողմի ծրագրերի։ Բայց, ինչպես պարզել են iVerify-ի կիբեռանվտանգության փորձագետները, շարքի բոլոր հեռախոսներում 2017-ի սեպտեմբերից ի վեր տեղադրվել է երրորդ կողմի թաքնված հավելված, որը դրանք խոցելի է դարձնում հաքերային հարձակման համար:
Խոսքը Showcase.apk անունով փաթեթի մասին է, որն աշխատում է համակարգի մակարդակով և անտեսանելի է օգտատիրոջ համար։ Այն ստեղծվել է ամերիկյան Verizon օպերատորի համար ձեռնարկատիրական ծրագրերի մշակող Smith Micro-ի կողմից. հավելվածն օգտագործվում է մանրածախ խանութներում հեռախոսները ցուցադրական ռեժիմի դնելու համար, և Google-ը դրա հետ կապ չունի:
Սակայն արդեն մոտ յոթ տարի է, այն ներառված է Pixel-ի համար Android-ի յուրաքանչյուր թողարկման մեջ և ունի համակարգի խորը արտոնություններ, ներառյալ կոդի հեռավար գործարկումը և այլ ծրագրերի հեռավար տեղադրումը: Բացի դրանից՝ հավելվածը թույլ է տալիս վերբեռնել կոնֆիգուրացիայի ֆայլ անապահով HTTP կապի միջոցով, որը կարող է որսալ պոտենցիալ չարագործ և վերահսկել հավելվածը, այնուհետև զոհի ամբողջ սարքը:
iVerify-ն իր հայտնաբերած խնդրի մասին տեղեկացրել է Google-ին դեռ մայիսի սկզբին, սակայն տեխնոլոգիական հսկան դեռ չի լուծել այն: Google-ի ներկայացուցիչ Էդ Ֆերնանդեսը Wired-ին ասել է, որ հավելվածն այլևս «չի օգտագործվում» Verizon-ի կողմից և Android-ի հաջորդ թարմացումով «առաջիկա շաբաթների ընթացքում» կհեռացվի բոլոր Pixel սարքերից: Verizon-ը հաստատել է, որ Showcase-ն իրոք նախկինում օգտագործվել է մանրածախ խանութներում ցուցադրությունների համար, բայց այլևս չի օգտագործվում։ Smith Micro-ն մեկնաբանություն չի տրամադրել:
Չնայած Showcase.apk-ը վտանգավոր խոցելիություն է հեռախոսների համար՝ հավելվածը լռելյայն անջատված է: Սա նշանակում է, որ այն չարամիտ նպատակներով օգտագործելու համար պոտենցիալ կիբեռհանցագործին անհրաժեշտ կլինի ֆիզիկապես հասանելիություն ստանալ տուժողի հեռախոսին՝ հավելվածը գործարկելու համար: Ըստ iVerify-ի՝ հավանական է, որ Showcase.apk-ը տեղադրված լինի ոչ միայն Pixel հեռախոսներիում, այլ նաև այլ արտադրողների սարքերում։ Եվ դա անուղղակիորեն հաստատել է Google-ի ղեկավար Էդ Ֆերնանդեսը, երբ ասել է, որ «մենք ծանուցում ենք նաև Android-ի բնօրինակ սարքավորումների այլ արտադրողներին»: