Corning-ը ներկայացրել է սմարթֆոնների համար նախատեսված Gorilla Glass Victus 2 թրծված ապակին․ որքանո՞վ է այն դիմացկուն

15:16    1 դեկտեմբերի, 2022

2021 և 2022 թվականներին թողարկված առաջատար շատ սմարթֆոնների արտադրության ժամանակ կիրառվել է Corning ընկերության Gorilla Glass Victus թրծված ապակին, սակայն ընկերությունն արդեն ներկայացրել է Gorilla Glass Victus 2 ապակին, որը կօգտագործվի հաջորդ սերնդի մոդելների արտադրության ժամանակ։

Նոր ապակին էլ ավելի է ամրացվել և դիմանում է կոշտ և անհարթ մակերեսների վրա ընկնելիս, ինչպիսին բետոնն է: Մշակողները նպատակ են դրել ապակին ավելի ամուր դարձնել, որպեսզի այն «ավելի լավ դիմանա գոտկատեղի բարձրությունից ավելի կոպիտ մակերեսների վրա ընկնելու» դեպքում:

Ընկերությունը հավելել է, որ վերջին չորս տարիների ընթացքում հեռախոսները դարձել են 15%-ով ավելի ծանր և 10%-ով ավելի մեծ (հավանաբար նկատի ունեն էկրանի մեծացումը), և դա նույնպես ապակու ամրությունն ուժեղացնելու պատճառներից մեկն է։

«Լաբորատոր փորձարկումների ժամանակ Gorilla Glass Victus 2-ը դիմացել է մինչև մեկ մետր բարձրությունից բետոնին նմանվող մակերևույթի վրա ընկնելու ժամանակ»,- ասել են  ընկերությունից՝ հավելելով, որ մրցակից ընկերությունների ապակիները կոտրվում են նույնիսկ դրանից կրկնակի քիչ բարձրությունից ընկնելու ժամանակ։

Corning ընկերությունը նաև վստահեցրել է, որ, Victus 2-ը դիմանում է մինչև երկու մետրից ասֆալտի նմանվող մակերևույթի վրա ընկնելու ժամանակ և չորս անգամ ավելի դիմացկուն է քերծվածքների հանդեպ, քան մրցակից ալյումինոսիլիկատները։

Victus 2-ի սերիական արտադրությունն սպասվում է առաջիկա ամիսներին։ Ընկերությունը չի նշել, թե որ հեռախոսներն առաջինը կստանան նոր ապակին, սակայն այն, որ Victus 2-ի մասին ընկերությունը հայտարարել է նոյեմբերի 30-ին, իսկ Xiaomi-ի 13 շարքի հեռախոսների շնորհանդեսը նույնպես նախատեսված էր այդ օրը (թեև Xiaomi 13-ի շնորհանդեսը հետաձգվեց Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինի մահվան պատճառով) ոլորտի մասնագետներին հիմք է տվել ենթադրելու, որ Xiaomi-ի հեռախոսներն առաջիններից կարող են լինել, որոնք կարտադրվեն նոր՝ Victus 2 ապակիով:

Բջջային հեռախոսներ արտադրող ավելի քան 20 հայտնի ընկերություններ իրենց սմարթֆոններն արտադրում են Gorilla Glass տիպի ապակիներով, այդ թվում՝ Samsung-ը, Sony-ն, Google-ը, Huawei-ը, Lenovo-ն, Motorola-ն, Nokia-ն։ Corning-ն ապակիներ արտադրում է դեռ 1960-ականներից, այսօր շուկայում վաճառվում են ընկերության արդեն 7-րդ սերնդի ապակիները։ Թերևս, ամենաուժեղ մրցակիցը Dragontrail ապակիներն են, որոնք արտադրում է AGC Inc.-ը:  



© NEWS.am Medicine