Իլոն Մասկը և Թիմ Կուկը հանդիպել են. արդյո՞ք Apple-ը չէր նախատեսում Twitter-ը հեռացնել App Store-ից

11:40    1 դեկտեմբերի, 2022

Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը և Apple-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Կուկը հանդիպել են. Մասկն այցելել է Apple-ի գլխամասային գրասենյակ, զրուցել նրա հետ, և նրանք վերջ են դրել «թյուրիմացությանը», թե Apple-ը հնարավոր է իր App Store խանութից հեռացնի Twitter-ի հավելվածը։

«Լավ զրույց էր։ Ի թիվս այլ բաների, մենք լուծել ենք թյուրիմացությունը՝ կապված App Store-ից Twitter-ի հնարավոր հեռացման հետ: Թիմը հասկացրեց, որ Apple-ը երբեք նման մտադրություն չի ունեցել»,- գրել է նա՝ Կուկին շնորհակալություն հայտնելով ընկերության գրասենյակում իր համար շրջագայություն կազմակերպելու համար։

Հիշեցնենք, որ Մասկը վերջերս մի շարք զայրացած գրառումներ էր արել Twitter-ում, որոնցում խոսել էր Twitter-ի և Apple-ի լարված հարաբերությունների մասին։ Մասկը նշել էր, թե Apple-ը գործնականում դադարեցրել է գովազդ գնելը Twitter-ում և նույնիսկ ցանկացել է Twitter-ի հավելվածը հեռացնել իր App Store-ից՝ առանց պատճառները ներկայացնելու։

Ցանցում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին շատերն սկսեցին խոսել այն մասին, որ Մասկը կարող է ստեղծել իր սեփական սմարթֆոնը, որը կմրցի iPhone-ի հետ։ Նույնիսկ սմարթֆոնի անունն էին առաջարկել՝ TeslaPhone։

Նշենք, որ Twitter-ը վերջերս դժվարություններ ունի ոչ միայն Apple-ի, այլև որոշ այլ գովազդատուների հետ. արդյունքում տարեկան 5 միլիարդ դոլար գովազդային եկամուտ ունեցող հարթակի գովազդային բիզնեսը սկսում է վնասներ կրել։ General Motors-ը, Volkswagen-ը, Carlsberg-ը և այլ ընկերություններ արդեն դադարեցրել են գովազդային արշավները Twitter-ում։

Շատ փորձագետներ պնդում են, որ բոլոր այս խնդիրների պատճառը Իլոն Մասկի անկանխատեսելի պահվածքն ու գովազդատուների հետ նրա կոնֆլիկտներն են, այլ ոչ թե անձնակազմի էական կրճատումը և դրան հետևանքով առաջացած տեխնիկական խնդիրները։ 



© NEWS.am Medicine