Բլոգերները կգրանցվեն Ռոսկոմնադզորում. Պուտինը մեսենջերների կարգավորման մասին օրենք է ստորագրել

14:04    9 օգոստոսի, 2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեսենջերների ծառայությունների գործունեությունը կարգավորող օրենք է ստորագրել, որն ավելի վաղ հաստատվել էր Պետդումայի և Դաշնության խորհրդի կողմից։ Օրենքի համաձայն՝ 10,000-ից ավելի բաժանորդ ունեցող հանրահայտ ալիքների տերերը պետք է կառավարության սահմանած կարգով իրենց մասին տեղեկություններ հաղորդեն Ռոսկոմնադզորին: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական կայքում։

Օրենքն ուժի մեջ է մտնում 2024-ի նոյեմբերի 1-ից։ Ավելի քան 10,000 բաժանորդ ունեցող ալիքների մշտադիտարկումը կիրականացնի Ռոսկոմնադզորը։ Հանրային ալիքների սեփականատերերին, որոնց տեղեկությունները ներառված չեն լինի ցանկում, կարգելվի դրանցում տեղադրել գովազդ և ֆինանսավորման առաջարկներ։ Կարգելվի նաև նման ալիքներից տեղեկության վերահրապարակումը։

Օրենքի համաձայն՝ մեսենջերների սեփականատերերը պարտավոր են ապահովել, որպեսզի օգտատերերը հաղորդագրություններ չստանան անհայտ անձանցից։ Նրանք պետք է նաև լիազոր մարմինների խնդրանքով տեղեկություն տրամադրեն ակնթարթային մեսենջերների օգտատերերի մասին՝ կառավարության կողմից սահմանված կարգով:

Օրենքի մեկ այլ նորմի համաձայն, որն ուժի մեջ է մտնում 2025-ի հունվարի 1-ից, հարթակի սեփականատերերը պարտավոր են Ռոսկոմնադզորի հարցումն ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում սահմանափակել հասանելիությունը դեպի այն օգտատերերի անձնական էջեր, որոնք կարգավորողին չեն տրամադրել իրենց մասին տեղեկություն։ Բացի դրանից՝ օրական ավելի քան 500,000 այցելու ունեցող սոցցանցերի սեփականատերերից կպահանջվի տեղեկություն տրամադրել նրանց մասին Ռոսկոմնադզորի կամ Անվտանգության դաշնային ծառայության պահանջով։

Օրենքը կարգավորում է նաև կապի օպերատորների և բաժանորդների միջև փոխհարաբերությունները բջջային կապի ծառայությունների մատուցման հարցում։ Մասնավորապես, ՌԴ քաղաքացին կարող է ստանալ ոչ ավելի, քան 20 SIM քարտ, իսկ օտարերկրյա քաղաքացին՝ ոչ ավելի, քան 10 քարտ, այդ թվում՝ կորպորատիվ:

Բաժանորդի կողմից տրամադրվող տեղեկության իսկության ստուգումը պետք է իրականացնեն հեռահաղորդակցության օպերատորները նախքան կապի ծառայությունների մատուցման մեկնարկը՝ օգտագործելով Նույնականացման և իսկորոշման միասնական համակարգը, Միասնական կենսաչափական համակարգը, Ներքին գործերի նախարարության Միջգերատեսչական փոխգործակցության էլեկտրոնային համակարգը կամ անձնագրային տվյալների հաստատման հիման վրա կառավարության սահմանած գերատեսչություններում: Ստուգումից հետո օպերատորը պարտավոր է տեղեկությունն ուղարկել SIM քարտերի վերահսկման պետական ​​տեղեկատվական համակարգ:

Կապի ծառայությունների դիմաց կանխիկ վճարումը կիրականացվի միայն բանկի մասնաճյուղերում, փոստային ծառայություններում, կառավարության կողմից որոշված ​​այլ կազմակերպություններում, ինչպես նաև սահմանված պահանջներին համապատասխան հատուկ սարքավորված տերմինալների միջոցով վճարողի նույնականացումից հետո միայն:



© NEWS.am Medicine