Apple-ը iOS 18-ի 5-րդ բետա տարբերակն էթողարկել․ ի՞նչ նոր գործառույթներ ունի այն

18:31    6 օգոստոսի, 2024

Apple-ը մշակողների համար թողարկել է iOS 18-ի հինգերորդ բետա տարբերակը, որում մի քանի ուշագրավ գործառույթներ են ավելացվել։ Թարմացվել է Photos հավելվածի դիզայնը, Safari դիտարկչում հայտնվել է նոր տարբերակ, կան ևս մի քանի այլ փոփոխություններ։

Apple-ն արձագանքել է նոր Photos հավելվածի նախնական տարբերակի վերաբերյալ օգտատերերի արձագանքներին և կատարել դիզայնի լրացուցիչ փոփոխություններ: Մասնավորապես, այն հեռացրել է «կարուսել»-ի հնարավորությունը, որը թույլ էր տալիս թերթել լուսանկարների տարբեր հավաքածուներով լուսանկարներ հիմնական ցանցից, հիմա արդեն հավելվածը դառնում է պակաս շփոթեցնող և առանց կրկնվող տարրերի:

ios18_1.jpg (299 KB)

Էկրանի բացվելու ժամանակ հիմա ցուցադրվում է լուսանկարների ցանց, սակայն այժմ էկրանին ավելի շատ լուսանկար է տեղավորվում։ Կարելի է նաև թերթել ցանցը դեպի ներքև՝ ավելի հին հավաքածուներին հասնելու համար: Բազմաթիվ ալբոմներ ունեցող օգտատերերը դրանք կտեսնեն հավելվածի վերևի հատվածում, իսկ վերջերս պահված բովանդակությունն այժմ ինտեգրված է Recent Days (Վերջին օրեր) հավաքածուում: Հավաքածուների ցուցադրման կարգը կարող է փոխվել:

Safari-իում հայտնվել է նոր հնարավորություն, որը թույլ է տալիս թաքցնել շեղող տարրերը վեբ էջերում, օրինակ՝ Cookie ֆայլերի կարգավորումների մասին բացվող պատուհանները, եվրոպական (GDPR) ստանդարտներին համապատասխանության մասին ծանուցումներ, տեղեկագրերի բաժանորդագրության բաներներ, ավտոմատ նվագարկվող տեսանյութեր և այլ բաներ, որոնք կարող են զայրացնել:

ios18_2.jpg (201 KB)

Սա գովազդի արգելափակում չէ. գովազդային պաստառները կարող են թաքցվել էջը դիտելիս, բայց էջը վերբեռնելու դեպքում գովազդը կվերադառնա, քանի որ գործառույթն աշխատում է միայն ստատիկ տարրերի հետ: Գործառույթն օգտագործելու համար հարկավոր է կարգավորումներում ընտրել «Թաքցնել շեղող տարրերը», ապա ընտրել այն տարրերը, որոնք թաքնված կլինեն։ Այնտեղ էլ կարելի է հետագայում ընտրել «Ցույց տալ թաքնված տարրերը» տարբերակը: Գործառույթի համաժամանակացման աջակցություն չկա, այսինքն՝ յուրաքանչյուր սարքի վրա հարկավոր է առանձին թաքցնել տարրերը:

ios18_3.jpg (117 KB)

Հիմնական էկրանին երկար սեղմելու և «Փոխել» հրահանգն ընտրելու դեպքում հայտնվում է «Փոխել էջերը» տարբերակ, որը թույլ է տալիս ջնջել կամ թաքցնել հիմնական էկրանի ամբողջ էջերը:

Բացի դրանից, վերափոխվել են մութ ռեժիմի որոշ ընտրանքներ, այդ թվում՝ Maps-ի և Find My-ի դիզայնը։ Apple-ը նաև վերափոխել է ինտերֆեյսի մի շարք փոքր տարրեր, ներառյալ պատկերակները Control Center-ում:



© NEWS.am Medicine