Այս եռամսյակում iPhone-ի մատակարարումը կարող է նվազել 20 մլն-ով, Foxconn-ը կարող է կորցնել iPhone 15 Pro-ն արտադրելու մենաշնորհը

21:11    30 նոյեմբերի, 2022

Չինաստանի Չժենչժոու քաղաքում գտնվող Foxconn գործարանում աշխատանքի հետ կապված խնդիրների պատճառով Apple-ի iPhone 14 Pro և iPhone 14 Pro Max սմարթֆոնների մատակարարումն այս եռամսյակում կարող է կրճատվել 15-20 միլիոնով։ Նման կանխատեսում է արել TF International Securities Group-ի հայտնի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն:

iPhone-ների մատակարարման կրճատում

Այլ փորձագետների կանխատեսումներն ավելի լավատեսական էին. շատերն ասում էին, որ մինչև եռամսյակի վերջ Apple-ը կկարողանա առաքել 80-85 միլիոն սմարթֆոն, այսինքն՝ մոտ 6 միլիոնով պակաս, քան ի սկզբանե նախատեսված էր։

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Մինգ-Չի Կուոն վստահ է, որ ընկերությունը դժվար թե կարողանա մատակարարել ավելի քան 70-75 միլիոն սմարթֆոն։ Ավելին, ըստ նրա, iPhone-ների պահանջարկը ներկա իրավիճակում նույնպես կնվազի. մարդիկ շատ չեն հետաձգի սմարթֆոնի գնումը և պարզապես այլ ընկերությունների հեռախոսներ կգնեն: Փորձագետը նաև կանխատեսում է, որ Չժենչժոուի գործարանի ծանրաբեռնվածությունը դեկտեմբերին կբարձրանա մինչև առավելագույնը 30-40%, մինչդեռ նոյեմբերին այն չի գերազանցել 20%-ը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ պատվերների մի մասը, որոնք Foxconn-ը ներկայումս չի կարողանում ամբողջությամբ կատարել, Apple-ը փոխանցել է Pegatron և Luxshare գործարաններին, սակայն խոսքն ընդամենը 10%-ի մասին է, ինչը դժվար թե մոտ ապագայում էապես մեծացնի առաքումների ծավալը. ամենալավատեսական կանխատեսումների համաձայն՝ այս գործարաններից մատակարարումները դժվար թե սկսվեն մինչև 2022 թ․ դեկտեմբերի վերջը։

Սա, ըստ Կուոյի կանխատեսման, կազդի նաև ընկերության հասույթի վրա, որը, եռամսյակի արդյունքներով, կարող է կրճատվել 20-30%-ով։

Այնուամենայնիվ, CFRA Research-ի փորձագետները վստահ են, որ Apple-ին կհաջողվի կորցրած եկամտի մի մասը ստանալ հաջորդ տարվա առաջին եռամսյակում։ Սակայն ROBO Global-ի փորձագետները կարծում են, որ 2023 թ․ Apple-ի սմարթֆոնների պահանջարկը չի կարող վերականգնվել և հասնել նախկին մակարդակներին։

Foxconn-ը կարող է կորցնել iPhone 15 Pro հավաքողի մենաշնորհը

Առաջացած խնդիրների պատճառով Foxconn-ի Չժենչժոու քաղաքում գտնվող գործարանը կարող է կորցնել iPhone 15 Pro հավաքողի մենաշնորհը, քանի որ գործարանում անկարգությունները և արտադրության զգալի կրճատումը Apple-ի համար մեծ կորուստների կհանգեցնեն։

Պատահական չէ, որ Foxconn գործարանն անվանում են «iPhone-ների քաղաք»․ iPhone-ն ու MacBook-ը հավաքվում էին հենց այս գործարանում, որտեղ 200,000 աշխատող կա։ Ավելին, այն համարվում էր iPhone-ի հավաքման աշխարհի ամենամեծ հարթակը։

Բայց քանի որ տեղի ունեցածից հետո Apple-ը, ամենայն հավանականությամբ, չի ցանկանա հայտնվել նմանատիպ իրավիճակում, ընկերությունը հավանաբար կսկսի ընդլայնել իր սարքերի արտադրությամբ զբաղվող գործընկերների ցուցակը, և հաջորդ տարի iPhone 15 Pro-ի հավաքմամբ կզբաղվի ոչ միայն Foxconn-ը, այլև շատ այլ գործարաններ։

Խնդիրներ Foxconn-ում

Եթե ​տեղյակ չեք Foxconn գործարանի խնդիրների մասին, ապա կարճ ներկայացնենք, թե ինչ է կատարվում այնտեղ. նոյեմբերի 23-ին աշխատողներն սկսել են զանգվածային բողոքի ցույցեր, քանի որ դժգոհ էին աշխատավարձերի վճարման ուշացումներից և խոստացված բոնուսներից, որոնք այդպես էլ չեն վճարվել։ Նրանք նաև դժգոհ են կորոնավիրուսի տարածման պատճառով կիրառվող հակահամաճարակային սահմանափակումներից։

Իրականում, գործարանում խնդիրներն սկսվել են դեռ հոկտեմբերին, երբ 200,000 աշխատակիցներից 20,000-ը վարակվեց կորոնավիրուսով, և գործարանը ենթարկվեց կարանտինային միջոցառումների, որոնց պատճառով աշխատակիցներն ստիպված եղան աշխատել, ուտել և նույնիսկ քնել գործարանում։ Նրանք բողոքում էին սննդի և դեղորայքի պակասից՝ ոմանց կերակրում էին միայն հացով և արագ պատրաստվող լապշայով, մյուսներին ընդհանրապես չէին կերակրում, բայց թույլ էլ չէին տալիս դուրս գալ գործարանից։ Այդ ժամանակ շատ աշխատակիցներ սկսեցին պարզապես փախչել գործարանից: Այդ օրերին համացանցում հրապարակվեցին բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ, որոնցում երևում էր, թե ինչպես են մարդիկ բարձրանում ցանկապատների վրա և փախչում

 



© NEWS.am Medicine