20:05 22 հուլիսի, 2024Dynamic Legged Systems Lab-ը մշակել է VERO ռոբոտ, որը լողափերը մաքրում է աղբից, իսկ ռուսական «Սեվերստալ» ընկերությունն սկսել է Deep Robotics-ի ստեղծած ռոբոտ շանն իր արտադրամասերում կիրառելու առաջին փորձերն անել։
Իտալական Dynamic Legged Systems Lab ընկերության ինժեներների մշակած VERO (Vacuum-cleaner Equipped Robot) ռոբոտային հարթակը լողափերի աղտոտվածության խնդրի յուրահատուկ լուծում է, հայտնում է New Atlas-ը։
Նախագիծը չինական AlienGo ռոբոտը շատ արդիականացված տարբերակն է՝ հագեցած փոշեկուլով՝ հատուկ պլաստմասե ճկուն խողովակներով և գխադիրներով, որոնք գտնվում են ռոբոտի ոտքի մոտ և ապահովում են ներծծման բարձր ճնշում։
Երկու տեսախցիկները թույլ են տալիս ռոբոտին ճանաչել ծխախոտի մնացորդները ծովափին և պլանավորել արդյունավետ հավաքման երթուղի: Երբ VERO-ն հայտնաբերում է ծխախոտի մնացորդը, այն ոտքը դնում է դրա կողքին և սպասում, որ օդն այն քաշի ներս՝ հատուկ տարրայի մեջ։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ VERO-ն ունակ է լողափերում հավաքել ծխախոտի մնացորդների մինչև 90%-ը։
Severstal ընկերությունն իր արտադրամասերում իրականացրել է Deep Robotics ռոբոտ շան առաջին փորձարկումները։ Թեստավորումը տեղի է ունեցել երկու ընկերությունների ձեռնարկությունների տարածքում, հայտնում է «Պրայմ» գործակալությունը։
Փորձարկումների ընթացքում ռոբոտը ցուցադրել է տեղանքով կողմնորոշվելու, մանիպուլյատոր թևի միջոցով մետաղական նմուշներ տեղափոխելու և անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու ունակություն: Որպես գործնական կիրառություն՝ նա հրակայուն զանգվածի բրիկետները հասցրել է անմիջապես ձուլարանի վառարանների մոտ, որտեղ դրանք կիրառվում են։
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ համակարգչային տեսողության, 3D պրոֆիլավորման և LiDAR-ի ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ ռոբոտ շունը կարող է կատարել տարբեր առաջադրանքներ, այդ թվում՝ չափել առարկաներ, տեղափոխել մինչև 40 կգ կշռող առարկաներ, կատարել ստուգումներ և ախտորոշել սարքավորումներ։
Այն կարող է նաև ստուգել աշխատակիցների համար անձնական պաշտպանիչ սարքավորումների առկայությունը, կատարել ջերմային պատկերների վերլուծական հետազոտություններ և ստեղծել քարտեզներ ձեռնարկությունների թվային երկվորյակների զարգացման համար։
Ընկերությունը նախատեսում է շարունակել ռոբոտ շների փորձարկումն իր մյուս արտադրամասերում: