Մրջյուններն ու մեղուները փոքրիկ դրոններին «սովորեցրել» են տեղաշարժվել առանց GPS-ի, փարոսների կամ լիդարների

15:02    20 հուլիսի, 2024

Նիդեռլանդներում գիտնականները փոքրիկ անօդաչու սարք են ստեղծել, որն առանց GPS-ի, օգտագործելով մրջյունների և մեղուների՝ տարածքում կողմնորոշվելու մեթոդները, կարողանում են հեշտությամբ վերադառնալ ելման կետ։

Այսօր տարածությունում անօդաչու թռչող սարքերի կողմնորոշման համակարգը, օրինակ՝ ինքնուրույն բազա վերադառնալու համար, պահանջում է կա՛մ ռադիոազդանշաններ, կա՛մ հզոր հաշվողական հարմարություններ: Նման լուծումները հարմար չեն սահմանափակ կապի պայմաններում աշխատելու կամ փոքր սարքերի համար: Միևնույն ժամանակ, մրջյուններն ու մեղուները տարածությունում կողմնորոշվելու հետ կապված խնդիրներ չունեն՝ չնայած նրանց փոքր չափերին։ Պարզվում է, որ անօդաչու սարքերը նույնպես կարող են դա անել։

Հետդարձի ճանապարհը հիշելու համար մրջյունները համատեղում են երկու մոտեցում: Նախ՝ սեփական աչքերով շրջակա տարածքի «համայնապատկերային նկարներ» են անում։ Երկրորդ՝ նրանք «հաշվում են» իրենց հիշած վայրերի միջև եղած քայլերի քանակը։ Մեկն ու մյուսը համեմատելով՝ մրջյունը ցանկացած ճանապարհորդությունից հետո կարողանում է տուն վերադառնալ։ Օդային անօդաչու սարքերը չեն կարող հաշվել քայլերը, թեև համայնապատկերային լուսանկարներ անելու հնարավորությունը նրանց համար խնդիր չէ։

Անօդաչու թռչող սարքերը կարող են մեղուների օրինակով կիրառել օդոմետրիայի այլ մեթոդ: Մեղուները տեղանքների միջև շարժման արագությունը հիշում են այն առարկաների տեղաշարժման արագությամբ, որոնց վրայով նրանք թռնում են: Սա նաև օգնում է հիշել շարժման ուղղությունը:

Նիդեռլանդների Դելֆտի տեխնիկական համալսարանի (TU Delft) գիտնականները երկու տեխնոլոգիաները համատեղել են CrazyFlie կոչվող փոքրիկ 56 գրամանոց դրոնի մեջ, որը չափազանց փոքր է հզոր ինքնավար նավիգացիոն համակարգ կրելու համար:

dron_auto_01.jpg (139 KB)

Երթուղիները փոխելիս նա լուսանկարել է տարածքի համայնապատկերը, իսկ հետո հիշել շարժման ժամը և արագությունը դեպի հաջորդ նկարահանման վայր։ Իր իսկ տեղաշարժը հակառակ ուղղությամբ դիտարկելու միջոցով անօդաչու սարքը կարողացել է վերադառնալ ելման կետ 100 մետրանոց լաբիրինթոսով՝ օգտագործելով ընդամենը 1,16 ԿԲ հիշողություն:

Նորարարության հեղինակները նշում են, որ մի գեղեցիկ օր նմանատիպ տեխնոլոգիայով հազարավոր անօդաչու թռչող սարքեր կկարողանան ինքնուրույն իրականացնել օբյեկտների ստուգման, գյուղատնտեսական մշակաբույսերի մշտադիտարկման կամ նույնիսկ բույսերի փոշոտման աշխատանքը՝ հենվելով միայն տարածքում կողմնորոշվելու մրջյունի կարողության վրա:



© NEWS.am Medicine