16:14 8 հուլիսի, 2024Տնտեսության թվային փոխակերպումը և Հայաստանի մարզերի զարգացումը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) գործունեության առաջնահերթ ուղղություններից են։ NEWS.am Tech-ի հետ զրույցում ասել է կազմակերպության տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
Նրա խոսքով` կազմակերպության գլոբալ ռազմավարությունը դեռ զարգացման փուլում է, սակայն կասկած չկա, որ վերոհիշյալ երկու ոլորտներն իսկապես առաջնահերթ են։ Իսկ այս ոլորտների հետ կապված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է երկրում լուրջ աշխատանք տանել՝ բարձրացնելով կրթական մակարդակը, պայմաններ ստեղծելով, որ Հայաստան գան բարձրակարգ մասնագետներ և մնան այստեղ։
Երկրի տեխնոլոգիական ներուժի կենտրոնացումը մայրաքաղաքում կամ մեկ-երկու քաղաքներում լուրջ խնդիր է, որը քննարկվել է նաև հուլիսի 4-ին Գյումրիում կայացած Silicon Mountains Shirak գագաթնաժողովում։ Այս խնդիրը բացասաբար է անդրադառնում թե՛ բիզնեսի զարգացման, թե՛ երկրի տնտեսության, և թե՛ մարդկանց կյանքի որակի վրա։
Էդուարդ Մուսայելյանը վստահ է, որ այս խնդրի լուծման ուղղությամբ կարևոր քայլ կլինի մարզերում կրթության մակարդակի բարձրացումը։ Երբ մարզային քաղաքներում սկսեն հայտնվել բարձրակարգ կադրեր, այդ կադրերի համար «որս» կսկսվի, և շատ ձեռնարկություններ կտեղափոխվեն մարզեր։ Նոր մասնաճյուղերի և նոր թափուր աշխատատեղերի բացումը կբերի բազմաթիվ աշխատատեղերի ի հայտ գալուն այլ ոլորտներում, մասնավորապես՝ սպասարկման ոլորտում. կա կարծիք, որ ՏՏ ոլորտում յուրաքանչյուր նոր աշխատատեղ բերում է 3-6 լրացուցիչ աշխատատեղի բացմանը սպասարկման ոլորտում։ Հետևաբար, ազդեցությունը քաղաքի և ամբողջ մարզի տնտեսական վիճակի վրա հսկայական կլինի։
«Այսօր նույնիսկ եթե մարդն աշխատում է մարզային քաղաքում և լավ աշխատավարձ է ստանում, հաճախ այդ աշխատավարձը ծախսելու տեղ չի ունենում, քանի որ չկան զարգացած ենթակառուցվածքներ։ Սակայն մարզերի տեխնոլոգիական զարգացումն ամբողջությամբ կփոխի այս իրավիճակը։ Որքան շատ այնտեղ հայտնվեն բարձրակարգ մասնագետներ, նրանց համար նոր աշխատատեղեր, այնքան մարզը կզարգանա»,- նշեց մասնագետը։
Բոլոր այս գործընթացները, ըստ Մուսայելյանի, պետք է սկսվեն մարզերում կրթության մակարդակի բարձրացմամբ, ինչը կհանգեցնի մի շարք այլ խնդիրների լուծմանը։
Ե՛վ երկրի, և՛ նրա մարզերի զարգացման համար կարևոր է նաև պայմաններ ստեղծել, որպեսզի Հայաստան եկող օտարերկրյա մասնագետները մնան այստեղ։
«Բարձր որակավորում ունեցող ցանկացած մասնագետի համար Հայաստանը պետք է դառնա յուրօրինակ «սիլիկոնային դրախտ»,- պարզաբանեց Մուսայելյանը։
Ինքնուրույն, մեկ կազմակերպության օգնությամբ, եթե անգամ այն համագործակցում է մեծ թվով ՏՏ ընկերությունների և հանրապետության գրեթե բոլոր ուսումնական հաստատությունների հետ, անհնար է հասնել դրված բոլոր նպատակներին, ուստի ՏՀՏԳՄ-ն համագործակցում է նաև Հայաստանի կառավարության հետ։
«Մենք տարբեր հարթակներում շփվում ենք կառավարության ներկայացուցիչների հետ, խոսում այն խնդիրների մասին, որոնք տեսնում ենք մեր ոլորտում, քննարկում հնարավոր լուծումները և հնարավորության դեպքում առաջարկում մեր օգնությունը։ Իհարկե, այս համագործակցությունը կարող է ավելի արդյունավետ դառնալ. համագործակցությունը միշտ էլ կարելի է զարգացնել, երկու կողմն էլ կարող են ավելի շատ ջանք ներդնել դրանում, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ իրականացնել մեր ծրագրերը»,- նշեց Մուսայելյանը։