2024-ի 1-ին կիսամյակում հաքերները $1,38 մլրդ արժողությամբ կրիպտոարժույթ են գողացել

10:12    8 հուլիսի, 2024

2024-ի առաջին կիսամյակում հաքերները տարբեր միջոցների կիրառմամբ 1,38 միլիարդ դոլար արժողությամբ կրիպտոարժույթ են գողացել, ինչը կրկնակի շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով TRM-ի՝ բլոկչեյն վերլուծական ընկերության տվյալները:

Կիբեռհանցագործների գողացած ամբողջ կրիպտոարժույթների մոտ 70%-ը ստացվել է հինգ խոշորագույն հարձակումներից: Ինչպես նախորդ տարիներին, բոլոր միջոցների զգալի մասը գողացվել է փոքր թվով խոշոր միջադեպերի արդյունքում:

Պարզվել է, որ թվային ակտիվների գողության ամենատարածված մեթոդները եղել են չարտոնված հասանելիությունը մասնավոր բանալիներին և մնեմոնիկ seed արտահայտություններին, որոնք ապահովում են մուտք դեպի կրիպտո դրամապանակ: Այս տարվա ամենամեծ հարձակումն իրականացվել է ճապոնական DMM Bitcoin կրիպտո փոխանակման վրա ֏ միջադեպի արդյունքում գողացվել է ավելի քան 300 մլն դոլար արժողությամբ ավելի քան 4500 թոքեն։ Այս հարձակման մասին մանրամասները դեռևս անհայտ են։

Միևնույն ժամանակ, այս տարի գողացված թվային միջոցների ծավալը պակաս է եղել 2022-ի առաջին վեց ամիսներին գողացված ռեկորդային 2 միլիարդ դոլարից։ 2024-ը նշանակալից է եղել նաև կրիպտոարժույթների ռեկորդային գների առումով. վերջին անգամ նման բան նկատվել էր 2021-ի երկրորդ կեսին։ Ըստ վերլուծաբանների՝ բարձր գները նպաստում են կրիպտոարժույթների գողությունների ծավալի աճին։



© NEWS.am Medicine