Google-ը նախատեսում է աշխատանքից հեռացնել անարդյունավետ աշխատող 10,000 աշխատակցի

14:21    25 նոյեմբերի, 2022

Google կորպորացիան նախատեսում է աշխատանքից հեռացնել 10,000 աշխատակցի, որոնք, ըստ ընկերության, բավարար արդյունավետությամբ չեն աշխատում։ Այսպիսով՝ Google-ը նույնպես կընդգրկվի ՏՏ հսկաների ցանկում, որոնք զանգվածային կրճատումներ են կատարում։

Ինչպես տեղեկացնում է Economic Times-ը, ընկերությունների ղեկավարները պետք է գնահատեն աշխատակիցների աշխատանքի որակը, և ամենաանարդյունավետ աշխատողները կհեռանան ընկերությունից։ Կրճատումների տակ կարող է ընկնել ընկերության ընդհանուր անձնակազմի մոտ 6%-ը։

Կորոնավիրուսային համաճարակի պայմաններում պահանջարկի աճի պատճառով, Google-ը, ինչպես և շատ այլ ընկերություններ, զգալիորեն ավելացրել էր իր աշխատողների քանակը։ Սակայն դա հանգեցրեց նաև գործառնական ծախսերի։ Հիմա, երբ արդեն համաճարակն ավարտվել է, շատ ընկերություններ սկսել են աշխատանքից ազատել շատ աշխատակիցների, որպեսզի կրճատեն անձնակազմը և դրա հետ կապված ծախսերը։ Որոշ փորձագետների կարծիքով՝ կրճատումները, ընդհանուր առմամբ, դրական կազդեն ոլորտի վրա։

«Աշխատատեղերի կրճատումները նոր են սկսվել։ Դա կանդրադառնա ինչպես խոշոր, այնպես էլ փոքր ընկերություններին։ Հեշտ չի լինելու, բայց երբ ամեն ինչ ավարտվի, ոլորտը կառողջանա»,- ասել է ձեռներեց և C3.ai Inc․ ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Սիբելը։

Խոշորամասշտաբ կրճատումներ են անում նաև այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Meta-ն, Amazon-ը, HP-ն և շատ ուրիշներ: Twitter-ը վերջերս աշխատանքից ազատել է իր աշխատակիցների մեծ մասին։

Meta Platforms-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը պատրաստվում է աշխատանքից հեռացնել 11,000 մարդու՝ կորպորացիայի աշխատակիցների մոտ 13%-ին։ Սա կորպորացիայի պատմության մեջ ամենամեծ կրճատումն է։ Meta-ում այսօր շատ խնդիրներ կան, և դրանք կապված են ոչ միայն հետհամաճարակային շրջանի, այլ նաև ընկերությունում ընդունված մի շարք որոշումների հետ։

Amazon-ը նույնպես նախատեսում է ընկերության պատմության մեջ ամենախոշոր կրճատումներն անել՝ մոտ 10,000 աշխատակից, ինչը ընկերության լրիվ դրույքով աշխատողների մոտ 3%-ն է և համաշխարհային աշխատուժի 1%-ից պակաս մասը:

HP Inc. ընկերությունը նախատեսում է առաջիկա երեք տարվա ընթացքում կրճատել մինչև 6000 աշխատակից: Նախորդ երեք տարիներին ընկերությունն արդեն կրճատել է մոտ 9000 աշխատակից։

Twitter-ում կրճատվել է աշխատակազմի գրեթե երկու երրորդը. գործադիր տնօրեն դառնալուց անմիջապես հետո Իլոն Մասկը 7500 աշխատակցից ազատեց 3500-ին։ Ավելի ուշ նա աշխատանքից ազատեց առնվազն մեկ տասնյակ ինժեներների, որոնք բացահայտ քննադատում էին նրան: Ընկերության շատ աշխատակիցներ սկսեցին աշխատանքից ազատվել սեփական նախաձեռնությամբ, երբ կարդացին Մասկի վերջնագիրը, որում վերջինս նրանց առաջարկում էր աշխատել «երկար ժամեր և բարձր ինտենսիվությամբ» կամ հեռանալ։ 

 



© NEWS.am Medicine