FTX-ի սնանկության հետևանքները. կրիպտոշուկան հայտնվել է տարբեր երկրների կարգավորողների ուշադրության կենտրոնում

20:23    25 նոյեմբերի, 2022

FTX կրիպտոբորսայի սնանկացումից հետո կրիպտոարժույթների շուկան հայտնվել է կարգավորող մարմինների ուշադրության կենտրոնում ողջ աշխարհում։ Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության (IOSCO) նոր նախագահ Ժան-Պոլ Սերվեի խոսքով՝ «կոնգլոմերատ» կրիպտոհարթակները 2023 թ․ կլինեն կարգավորողների ուշադրության կենտրոնում։

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Սերվեն ասել է, որ կրիպտոարժույթների պլատֆորմների կարգավորումը կարող է հիմնված լինել նույն սկզբունքների վրա, որոնք կիրառվում են տնտեսության այլ ոլորտներում, որոնք շահերի բախման հետ գործ ունեն։ Նրա խոսքով՝ զրոյից սկսելու կարիք չկա։

Թեև կրիպտոարժույթների շուկան վաղուց գոյություն ունի, աշխարհի շատ երկրներում դրա գործունեությունը կարգավորող կանոնները դեռ մշակված չեն: Այնուամենայնիվ, FTX-ի սնանկացումը, որն ազդել է միլիոնավոր ներդրողների վրա և միլիարդների վնաս հասցրել, ստիպում է փոխել այս ոլորտում կարգավորումների վերաբերյալ մոտեցումը։

IOSCO-ն, որը համակարգում է կանոնները G20-ի և դրանից դուրս գտնվող երկրներում, արդեն հաստատել է ստեյբլքոյնների կարգավորման սկզբունքները, և այժմ ​​իր ուշադրությունը կսևեռի այն հարթակների վրա, որոնք դրանով առևտուր են անում:

«Ներդրողների պաշտպանության նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտ է լրացուցիչ պարզություն մտցնել կրիպտոարժույթների այս շուկաներում՝ կենտրոնացված ուղեցույցի հրապարակման միջոցով, թե ինչպես կիրառել IOSCO-ի սկզբունքները կրիպտոակտիվների պարագայում», - նշել է մասնագետը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին FTX կրիպտոարժույթի բորսան, որը գնահատվում էր 32 միլիարդ դոլար, հայտարարեց սնանկության մասին՝ համաձայն ԱՄՆ սնանկության օրենսգրքի 11-րդ հոդվածի: Այս կրիպտոբորսան իրացվելիության խնդիր ունեցավ, քանի որ հաճախորդներն սկսեցին զանգվածաբար դուրս հանել իրենց միջոցները, իսկ մրցակից բորսան Binance-ը, որը իրավաբանական ուժ չունեցող հայտարարություն էր ստորագրել FTX-ը կլանելու մասին, հրաժարվեց այդ գաղափարից։ Թեև FTX-ում խնդիրները ծագել էին նաև հենց նույն Binance-ի գործողությունների պատճառով:

Այս բորսայի փլուզմանը հաջորդեցին բազմաթիվ խնդիրներ. կրիպտոարժույթների ոլորտի նկատմամբ վստահությունն ընկավ, կրիպտոարժույթների գները՝ նույնպես, ավելին, շատ ներդրողներ դադարեցին դրանք դիտարկել որպես պորտֆելի կամ թվային ոսկու դիվերսիֆիկացման միջոց:

 



© NEWS.am Medicine