Նոր սխալ՝ iOS-ում․ ջնջված լուսանկարներն սկսել են վերականգնվել iPhone-ում և iPad-ում

10:12    16 մայիսի, 2024

iOS օպերացիոն համակարգում նոր սխալ է հայտնաբերվել. iOS 17.5-ի թարմացումից հետո օգտատերերն սկսել են իրենց սարքերում գտնել նախկինում ջնջված լուսանկարները։

Ինչպես տեղեկացնում է 9to5Mac կայքը, օգտատերերը նշում են, որ Photos հավելվածը սկսել է ցուցադրել լուսանկարներ, որոնք ջնջվել են մի քանի տարի առաջ։ Օգտատերերից մեկն ասել է, որ իր հեռախոսում հայտնաբերել է 2010-ի լուսանկարներ, որոնք վաղուց ջնջել է, սակայն այժմ դրանք հայտնվել են iCloud-ում՝ որպես վերջերս ներբեռնված լուսանկարներ։ Մեկ այլ օգտատեր իր iPhone-ում հայտնաբերել է վաղուց ջնջված ինտիմ լուսանկարներ:

Որոշ տուժածների խոսքով՝ ջնջված լուսանկարները վերականգնվում են ոչ միայն iPhone-ում, այլև iPad-ում։ Ճիշտ է, այս պահին խնդիրը դեռ համատարած չէ։

Շատ տարիներ առաջ արված և սարքի հիշողությունից ջնջված լուսանկարների անսպասելի վերականգնումը շատերի մոտ հարցեր է առաջացնում տվյալների գաղտնիության վերաբերյալ: Ավելին, լուսանկարները չեն գտնվել անգամ «Վերջերս ջնջված» թղթապանակում, որտեղ ֆայլերը պատկերասրահից ջնջվելուց հետո կարող են պահվել մինչև մեկ ամիս։

Apple-ը դեռ չի մեկնաբանել իրավիճակը, և դեռ պարզ չէ, թե ինչպես են լուսանկարները հայտնվել սարքի հիշողության մեջ և iCloud-ում, եթե օգտատերերը մեկ անգամ ամբողջությամբ ջնջել են բոլոր հնարավոր տեղերում։



© NEWS.am Medicine