RIPTwitter. լավագույն ինժեներները հեռանում են Twitter-ից, գիտնականները տեղափոխվում են այլ կայքեր, իսկ Թրամփը չի ցանկանում վերադառնալ

12:24    21 նոյեմբերի, 2022

Վերջերս Twitter-ում թրենդային է դարձել #RIPTwitter հեշթեգը․ և՛ շատ օգտատերեր, և՛ աշխատանքից ազատված աշխատակիցներ կանխատեսում են Twitter-ի դարաշրջանի մոտալուտ ավարտը, և այն, ինչ մինչ այժմ տեղի է ունենում ընկերությունում, հաստատում է նրանց մտավախությունները: Լավագույն ինժեներները լքում են ընկերությունը, հարթակը լքում են բազմաթիվ գիտնականներ և տիեզերագնացներ։ Իսկ Դոնալդ Թրամփը, ում Twitter-ի օգտահաշիվն ապաարգելափակվել է, կարծես թե չի ցանկանում վերադառնալ այս սոցցանց։

Գիտնականներն ու տիեզերագնացները լքում են Twitter-ը

Twitter-ում առկա խնդիրների ֆոնին սոցցանցը լքում են ոչ միայն քաղաքական գործիչներն ու այս հարթակի այլ ազդեցիկ դեմքերը, այլ նաև գիտնականները։ Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, #TwitterMigration հեշթեգը մեծ տարածում է գտնում գիտական ​​հանրության շրջանում: Այսպիսով՝ Twitter սոցցանցը որոշել են լքել Google-ի արհեստական ​բանականության էթիկայի հարցերով նախկին մասնագետ Թիմնիտ Գեբրուն, աստղաֆիզիկոս Չանդա Պրեսկոդ-Վայնշտեյնը և շատ ուրիշներ։

Տիեզերագնաց Խոսե Էրնանդեսը, մասնավորապես, գրել է, որ սկզբունքորեն հրաժարվում է 7,99 դոլար վճարել իր անվան կողքին կապույտ ստուգանիշն ունենալու համար։ Նա նաև լրջորեն մտածում է հարթակից հեռանալու մասին, եթե ատելություն պարունակող հաղորդագրությունները չմոդերացվեն։

Թրամփը չի ցանկանում վերադառնալ

Իլոն Մասկը վերջերս քվեարկություն էր նախաձեռնել Twitter-ում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը վերականգնելու թեմայով։ Թեև փոքր տարբերությամբ, բայց հաղթել էր վերականգնելու տարբերակը, ուստի Թրամփի օգտահաշիվը, որը կասեցվել է 2021 թ․ հունվարին, այժմ կրկին ակտիվ է։

Սակայն ինքը՝ Թրամփը, չի ցանկանում վերադառնալ այս հարթակ, թեև այստեղ նա ունի ավելի քան 80 միլիոն հետևորդ։

«Ես դրա [Twitter վերադառնալու] համար որևէ պատճառ չեմ տեսնում: Twitter-ում շատ խնդիրներ կան, դուք ինքներդ կարող եք տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ՝ ներգրավվածությունն ընկնում է, կան բազմաթիվ կեղծ օգտահաշիվներ։ Եվ TruthSocial-ը շատ մարդկանց դեպքում զբաղեցրել է [Twitter]-ի տեղը, և ես չեմ տեսնում, որ նրանք վերադառնան Twitter», - Լաս Վեգասում Հանրապետական ​​հրեական կոալիցիայի համաժողովի ժամանակ ասել է Թրամփը:

Մեկնաբանելով Թրամփի մերժումը` Իլոն Մասկը սադրիչ լուսանկար է հրապարակել և գրել.

«Եվ մի՛ տար մեզ փորձության»։

Apple-ի մարքեթինգի գծով ավագ փոխնախագահ, Apple-ի և App Store-ի միջոցառումների պատասխանատու Ֆիլ Շիլլերը ապաակտիվացրել է Twitter-ի իր օգտահաշիվը, երբ հայտնի է դարձել, որ Թրամփի օգտահաշիվն ակտիվացվել է։ Նա ուներ ավելի քան 200,000 հետևորդ, և նրա օգտահաշիվը ստեղծվել էր դեռևս 2008 թ․ նոյեմբերին:

Կրճատումներ՝ Twitter-ում․ սերիալը շարունակվում է

Այն բանից հետո, երբ Իլոն Մասկը գնեց Twitter-ը, ընկերության շատ աշխատակիցներ աշխատանքից ազատվեցին կամ հեռացան սեփական նախաձեռնությամբ: Լավագույն ինժեներների հեռանալը հարթակը խոցելի է դարձնում տարբեր խափանումների և հաքերային հարձակումների համար, և այդ պատճառով, ըստ Bloomberg-ի, սոցցանցը կարող է փլուզվել ցանկացած պահի։

Աշխատակիցների կեսին Մասկն աշխատանքից ազատեց գործադիր տնօրեն դառնալուց գրեթե անմիջապես հետո։ Ավելի ուշ նա նաև աշխատանքից ազատեց մի քանի ինժեների, որոնք բացահայտ քննադատում էին իրեն՝ հենց Twitter-ում արված գրառումներում կամ ընկերության ներքին հաղորդակցության համար կիրառվող Slack մեսենջերում:

Աշխատակիցները նույնիսկ սկսեցին նրան անվանել Վոլան-դե-Մորտ, որը Հարի Փոթերի սագայի գլխավոր չարագործն է։

Նա նաև մեկ այլ նամակ է ուղարկել աշխատակիցներին, որում առաջարկել էր, որպեսզի նրանք աշխատեն «երկար ժամեր և բարձր ինտենսիվությամբ» կամ լքեն աշխատանքը: Շատերը, ի զարմանս Մասկի, նախընտրեցին հեռանալ: Վախենալով սաբոտաժից՝ ղեկավարությունը նույնիսկ ստիպված եղավ մի քանի օրով փակել ընկերության գրասենյակները։

Ըստ Bloomberg-ի աղբյուրների տվյալների՝ Twitter-ից ինքնակամ հեռացել են կամ աշխատանքից ազատվել մի քանի թիմեր, որոնց աշխատանքը վճռական կարևորություն ունի սոցցանցի աշխատանքի ընթացքում ծառայության աջակցության համար (ներառյալ ենթակառուցվածքի աշխատանքն ապահովող թիմերը, որոնք ապահովում են հիմնական թարմացվող բովանդակությունը և Twitter-ի տվյալների բազան): Հիմա ստիպված են լինելու այլ գերատեսչություններից մասնագետներ ներգրավել նրանց փոխարինելու համար։ Այնուամենայնիվ, խնդիրն այն է, որ քանի որ ընկերությունում շատ քիչ աշխատակիցներ են մնացել, նրանք ֆիզիկապես չեն կարողանա կատարել աշխատանքի ողջ ծավալը, և դա անխուսափելիորեն կբերի ծառայության հետ կապված խնդիրների և այն կդարձնի խոցելի՝ օգտագործողի տվյալների անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելով:

Ինչպես բացատրել է հոսթինգի և ցանցային անվտանգության ապահովման մասնագետ, ծրագրավորող-ինժեներ Ալեք Մաֆեթը, բավարար թվով աշխատակիցներ չունեցող ընկերությունը նման է սեղանի, որի ոտքերից մեկը չկա. վաղ թե ուշ այն կընկնի: Twitter-ի դեպքում կարող են խափանվել կայքի կարևոր մասերը կամ նույնիսկ ամբողջ կայքը։



© NEWS.am Medicine