ՌԴ-ում մշակվում է 3D տպիչ, որը մինչև 450 x 450 x 550 մմ չափերով մասեր կտպի. ինչո՞վ է այն առանձնահատուկ

22:13    23 ապրիլի, 2024

Ռուսաստանում մշակում են ընտրովի լազերային հալեցման տեխնոլոգիայով գործող առաջին արդյունաբերական 3D տպիչը՝ AM450-ը, որը կկարողանա տպել մեծ չափի մետաղական մասեր, որոնք օգտագործվում են մասնագիտացված մեքենաշինության և օդատիեզերական արդյունաբերությունում:

Կոնստրուկտորական փաստաթղթերը և ծրագրային ապահովումն ստեղծել է Onsint ընկերությունը, որը տպիչը կհամալրի նաև մասնագիտացված բաղադրիչներով: Այդ բաղադրիչների պատրաստման և զանգվածային արտադրության համար պատասխանատու է TechnoSpark ընկերությունը: Ակնկալվում է, որ առաջին նախատիպի հավաքումը TechnoSpark-ի տարածքում կավարտվի մինչև 2024-ի վերջ, իսկ տպիչը կփորձարկվի հաջորդ տարի։

AM450-ը հնարավորություն կտա տպել մինչև 450 x 450 x 550 մմ չափի մասեր տիտանից, քրոմ-նիկելի, կոբալտ-քրոմի համաձուլվածքներից, ինչպես նաև ալյումինից և չժանգոտվող պողպատից: Տպիչի տարբերակներից մեկը կունենա մեկ լազեր, երկրորդը՝ չորս, համապատասխանաբար 500 և 1000 Վտ հզորությամբ։

Ավելի մեծ տպիչնե՞ր

Այսօր հասանելի են տարբեր չափերի 3D տպիչներ, և դրանց տպելու առավելագույն ծավալները կարող են զգալիորեն տարբերվել: Կան տպիչներ, որոնք կարող են իսկապես տպավորիչ չափերի մասեր տպել.

Massivit 10000-ը կարող է պարծենալ ապշեցուցիչ` 1420 x 1110 x 1500 մմ չափերով, ինչը մոտ փոքր սենյակի չափ է:

Ինչո՞վ է AM450-ն առանձնահատուկ

Չնայած կան տպիչներ, որոնք կարող են տպել ավելի մեծ մասեր, քան AM450-ը, վերջինս դեռ որոշակի հետաքրքրություն է ներկայացնում: Փորձենք պարզել, թե ինչու:

Նախ՝ սարքը կաշխատի մի շարք նյութերով՝ թեթև ալյումինից մինչև դիմացկուն տիտան, և դա լայն հնարավորություններ է բացում: Յուրաքանչյուր նյութ ունի իրեն բնորոշ առանձնահատկությունները, ինչը տպիչը հարմար է դարձնում հատուկ կիրառությունների համար՝ մեքենաշինությունից մինչև օդատիեզերական արդյունաբերություն:

Մեքենաշինական արդյունաբերությունում նման տպիչը կկարողանա ստեղծել շարժիչների, արտանետման համակարգերի և մի շարք այլ մասերի նախատիպեր և բաղադրիչներ: Ավիատիեզերական արդյունաբերությունում նման տպիչը կարող է ստեղծել ինքնաթիռի շարժիչի մասեր, կառուցվածքի և վայրէջքի մեխանիզմի բաղադրիչներ։

Այն կարող է օգտագործվել նաև էներգետիկայի ոլորտում՝ տուրբինների, գեներատորների և ջերմափոխանակիչների բարդ մասեր տպելու համար, ինչպես նաև բժշկության մեջ՝ անհատական ​​իմպլանտներ, վիրաբուժական գործիքներ և պրոթեզներ ստեղծելու համար։

Իհարկե, և՛ նման տպիչի ստեղծումը, և՛ դրա շահագործումը ներառում է մի շարք դժվարություններ։ Բայց եթե այս նախագիծը հաջողվի, նման տպիչը կարող է մեծացնել Ռուսաստանի արտադրական հնարավորությունները, նվազեցնել կախվածությունը ներմուծումից և խթանել նորարարությունը:



© NEWS.am Medicine