Իլոն Մասկին Twitter-ում արդեն անվանում են Վոլան-դե-Մորտ, իսկ Tesla-ի ներդրողների մտավախությունները հաստատվում են

10:23    17 նոյեմբերի, 2022

Twitter-ի աշխատակիցներն ընկերության նոր ղեկավար Իլոն Մասկին արդեն անվանում են Վոլան-դե-Մորտ, որը Հարի Փոթերի սագայի գլխավոր չարագործն է։ Նա ավելի ու ավելի շատ պայմաններ է դնում նրանց առջեւ՝ անտեսելով իր մյուս բիզնեսը՝ Tesla-ն։

Նամակ Վոլան-դե-Մորտից

Վերջերս Twitter-ի աշխատակիցները Մասկից ևս մեկ նամակ են ստացել, որում վերջինս նրանց առաջարկում է աշխատել քրտնաջան կամ ազատվել աշխատանքից։

Ինչպես գրում է The Washington Post-ը, Twitter-ում աշխատանքը շարունակելու համար աշխատակիցները պետք է անցնեին նամակում ներառված հղումով և մինչև երեկոյան 17:00-ն սեղմեին «այո»: Նամակում ասվում էր, բոլոր նրանք, ովքեր չեն հետևի նամակի հրահանգներին, կազատվեն աշխատանքից և նրանց կվճարվի եռամսյա վերջնահաշվարկ։

Նամակում Մասկը նշել է, որ ընկերությունում մնացած աշխատակիցներից կպահանջվի աշխատել «երկար ժամեր և բարձր ինտենսիվությամբ», և որ «միայն բացառիկ արդյունավետությունը կլինի անցողիկ միավոր»:

Բացի դրանից, Մասկը աշխատանքից հեռացնում է այն աշխատակիցներին, որոնք բացահայտ քննադատում են իրեն։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Slack կորպորատիվ մեսենջերում քննադատական ​​հայտարարությունների համար արդեն աշխատանքից ազատվել է առնվազն 10 մարդ։ Այդ պատճառով աշխատակիցներն սկսել են Մասկին անվանել «Նա, ում անունը չպետք է տալ», ինչպես Հարի Փոթերի սագայում Վոլան-դե-Մորտի դեպքում է:

Աշխատակիցները վախենում են, որ նոր աշխատակիցները, որոնց Մասկը բերել է Tesla-ից, կուսումնասիրեն Slack-ի բոլոր հաղորդագրությունները և «Elon» և «Musk» բանալի բառերով որոնման միջոցով գտնեն մարդկանց, որոնք քննադատում են նոր ղեկավարին:

«Նա կարծես Վոլան-դե-Մորտը լինի, կամ «Նա, ում անունը չպետ է տալ»: Բոլորը նրան անվանում են «վերևում գտնվող տղան» կամ «նոր սեփականատերը», որպեսզի եթե նրա ջահելները ստուգեն չատերում «Elon» և «Musk» բառերը, ոչինչ չկարողանան գտնել»,- գրել է The Daily Mail-ը՝ վկայակոչելով ընկերության աշխատակցին, որը ցանկացել է անանուն մնալ։

Tesla-ն Մասկին այլևս չի՞ հետաքրքրում

Մինչ Մասկը զբաղված է Twitter-ով, Tesla-ն դադարել է լինել նրա ուշադրության կենտրոնում, իսկ ընկերության բաժնետոմսերի գինը վերջերս նկատելիորեն նվազել է. այս պահին ընկերության մեկ բաժնետոմսի գինը կազմում է մոտ 187 դոլար՝ ամենացածրը վերջին երկու տարում։ Ավելին, Tesla-ի բաժնետոմսերի գնի նվազման պատճառով Մասկն այս տարի արդեն 70 միլիարդ դոլար է կորցրել:

Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ էլեկտրական ավտոմեքենաների ոլորտում մրցակցությունն աճում է, Մասկը այժմ, դատելով ամենից, գրեթե չի զբաղվում Tesla-ի գործերով՝ հաստատելով ընկերության ներդրողների ամենավատ մտավախությունները:

Ինչպես հայտնում է Reuters գործակալություն՝ վկայակոչելով Tesla-ի խորհրդի անդամ Ջեյմս Մերդոքի հայտարարությունը, Մասկն արդեն ընտրել է Tesla-ի գործադիր տնօրենի պաշտոնում իր իրավահաջորդին և դա արել է «մի քանի ամիս առաջ»: Ավաղ, ընկերության նոր գործադիր տնօրենի ինքնությունը դեռևս չի բացահայտվում։



© NEWS.am Medicine