Քաոսի 15 օր. Twitter-ը կարող է սնանկանալ, իսկ դրա ձեռքբերումը ֆինանսավորած բանկերը կարող են միլիարդների կորուստներ ունենալ

10:45    11 նոյեմբերի, 2022

Արդեն 15 օր է, ինչ աշխարհը հետևում է, թե ինչպես է աշխարհի ամենահարուստ մարդկանցից
մեկը միայնակ ոչնչացնում հաղորդակցության ամենահզոր հարթակներից մեկը, որը վերջերս գնել է 44 միլիարդ դոլարով:   

Ընկերության աշխատակիցների խոսքով՝ այն, ինչ կատարվում է ընկերությունում, նման է «վերջի սկզբին»։ Նույնիսկ ինքը՝ Իլոն Մասկը, այժմ չի բացառում, որ ընկերությունը կարող է սնանկանալ, ավելին, բանկերը, որոնք ֆինանսավորել են սոցցանցը գնելու գործարքը, կարող են միլիարդավոր դոլարներ կորցնել։

Ինչպե՞ս և ինչո՞ւ Twitter-ը դարձավ խորտակվող «Տիտանիկը»

Վերջերս աշխատանքից ազատված աշխատակիցներից մեկը (իսկ վերջերս շատերն են ազատվել աշխատանքից՝ գրեթե յուրաքանչյուր երկրորդը) ասել է, որ ընկերությունն այժմ նման է «Տիտանիկին», որը խորտակվում է մինչ «բոլորը փրկանավակներ են փնտրում»։

Ի՞նչ սխալ տեղի ունեցավ

Twitter-ի եկամտի հիմնական աղբյուրը գովազդն է։ Այնուամենայնիվ, այն պահից, երբ Իլոն Մասկը գնեց հարթակը, շատ խոշոր գովազդատուներ (L'Oréal, General Motors և այլք) որոշեցին հեռու մնալ Twitter-ից, գոնե առայժմ: Դա, ըստ dw.com-ի, հանգեցրել է եկամուտների նվազմանը, ինչպես և սպասվում էր։

Խնդիրները սկսվեցին նաև երեք տեսակի օգտահաշիվներ ստեղծելու որոշումից հետո՝ «պաշտոնական» օգտահաշիվներ՝ մոխրագույն ստուգանիշով, ստուգված հաշիվներ՝ կապույտ ստուգանիշով, որոնց համար պետք է վճարել 8 դոլար, և մնացած բոլորը։ Բաժանորդագրության այս մոդելը հանգեցրեց կեղծ օգտահաշիվների ավելացմանը, որոնք ներկայանում են որպես տարբեր հայտնի դեմքեր, օրինակ՝ Լեբրոն Ջեյմսի և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի անվան ներքո բացված կեղծ օտգահաշիվները: Մոխրագույն ստուգանիշի գործարկումից կարճ ժամանակ անց Մասկը, ի վերջո, հրաժարվեց դրանից։

Խնդիր դարձան նաև ընկերության աշխատակիցների զանգվածային կրճատումները։ Երբ Մասկը աշխատանքից ազատեց Twitter-ի 7000 աշխատակիցների կեսին, կարևոր պաշտոններում զբաղեցնող շատ բարձրաստիճան ղեկավարներ հեռացան իրենց կամքով: Նրանց թվում են Twitter-ի վստահության և անվտանգության բաժնի ղեկավար Յոել Ռոթը, Twitter-ի գաղտնիության հարցերով գլխավոր տնօրեն Դեմիեն Քեյրանը և սոցցանցի տեղեկատվական անվտանգության գլխավոր տնօրեն Լեա Քիսները:

Այս բոլոր կրճատումները չէին կարող չազդել հարթակի աշխատանքի վրա։ Facebook-ի անվտանգության նախկին ղեկավար Ալեքս Ստամոսը նույնիսկ մտավախություն էր հայտնել, որ անձնակազմի կտրուկ կրճատման պատճառով լուրջ վտանգ կա, որ Twitter-ը կարող են կոտրել:

Տեղի ունեցածի ֆոնին Twitter-ը հայտնվեց ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովի (FTC) դիտակետում։ FTC-ն կարգավորող մարմին է, որի հիմնական գործառույթը հաճախորդների պաշտպանությունն է: Նոյեմբերի 10-ին FTC-ն հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում է, որ հանձնաժողովը «խորը մտահոգությամբ հետևում է Twitter-ի վերջին զարգացումներին», և որ «ոչ մի գործադիր տնօրեն կամ ընկերություն օրենքից վեր չէ»:

Փորձագետները մտավախություն ունեն, որ այս կարգավորիչի հետ կապված խնդիրները կարող են հանգեցնել լուրջ տուգանքների՝ միլիարդավոր դոլարների չափով:

Հնարավո՞ր է, որ Twitter-ը սնանկանա

Twitter-ը ներկայումս ամեն օր կորցնում է 4 միլիոն դոլար։ Սոցցանցն ունի նաև 13 միլիարդ դոլարի պարտք, որի միայն տոկոսները մարելու համար առաջիկա 12 ամիսների ընթացքում ընկերությունը պետք է 1,2 միլիարդ դոլար վճարի։

Դա ավելին է, քան վերջին տվյալներով կազմում է Twitter-ի դրամական հոսքը՝ 1,1 միլիարդ դոլար:

Նոյեմբերի 10-ին Իլոն Մասկը Twitter-ի աշխատակիցներին զգուշացրել է պատրաստվել «դժվար ժամանակների», որոնց նրանք կարող են առերեսվել: Նա չի բացառել Twitter-ի սնանկացումը, եթե ընկերությունը հաջորդ տարի չսկսի ավելի շատ գումար աշխատել, քան ծախսում է: Իսկ դրա համար անհրաժեշտ կլինի վաստակելու նոր ուղիներ գտնել։

Խոշոր գովազդատուների հետ կապված խնդիրների ֆոնին Մասկը նախատեսում է անել այնպես, որ Twitter-ը ավելի քիչ կախվածություն ունենա գովազդային պայմանագրերից և իր եկամտի առնվազն կեսը ստանա օգտատերերի ստուգված հաշիվների 8 դոլարանոց բաժանորդագրություններից:

Twitter-ի ձեռքբերումը ֆինանսավորած բանկերը կարող են միլիարդավոր դոլարներ կորցնել

Բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ Twitter-ը գնելու գործարքը տեղի ունեցավ ԱՄՆ պարտատոմսերի շուկայի համար վատ ժամանակաշրջանում։ Եվ այժմ բանկերը, որոնք Մասկին 13 միլիարդ դոլար են տվել Twitter-ը գնելու համար, դժվարանում են վերավաճառել այդ պարտատոմսերը։ Ըստ Bloomberg-ի, այս պարտքի զեղչերն այժմ կարող են հասնել 40 ցենտի՝ մեկ դոլարի համար, ինչը ամենացածր մակարդակն է վերջին տասնամյակում:

Յոթ բանկերի կոնսորցիումը, որը գլխավորում է Morgan Stanley-ն, այժմ ստիպված է այդ պարտքերը պահել սեփական հաշվեկշռում, քանի որ վարկատուները չեն ցանկանում վաճառել դրանք ընթացիկ տոկոսադրույքներով: Ի սկզբանե նախատեսվում էր վաճառել այդ պարտքի ամենալիկվիդային մասը՝ 6,5 միլիարդ դոլարի չափով, սակայն բանկերը չեն ցանկանում կորցնել ավելի քան 30 ցենտ յուրաքանչյուր դոլարի համար, և նույնիսկ այդ զեղչի դեպքում առաջին օղակի վարկատուները կարող են միլիարդավոր դոլարներ կորցնել:

Նշենք, որ Twitter-ի ձեռքբերումը բացասաբար է ազդել նաև Tesla-ի գործերի և Իլոն Մասկի հարստության վրա. սոցիալական ցանցի ձեռքբերման մասին առաջին լուրերից հետո Tesla-ի բաժնետոմսերի գինն սկսել է նվազել և հասել է երկու տարվա նվազագույնին, իսկ Մասկը կորցրել է 70 մլրդ դոլար։ Մասկի կարողությունն այժմ կազմում է 194,8 մլրդ դոլար։ 



© NEWS.am Medicine