5 էժան, բայց հիանալի սմարթֆոններ

18:29    16 փետրվարի, 2024

Ցանկանում եք լավ, բարձր կատարողականություն ունեցող սմարթֆո՞ն՝ պատշաճ տեսախցիկով և նորմալ ծավալի հիշողությամբ, սակայն պատրաստ չեք դրա համար վճարել 1000 դոլար կամ ավելի: Լավ նորությունն այն է, որ այսօր միանգամայն հնարավոր է գերազանց սարք գնել համեմատաբար համեստ գնով:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի սմարթֆոններ, որոնց արժե ուշադրություն դարձնել։

Xiaomi Redmi Note 12

Շատերը 2023-ի լավագույն բյուջետային սմարթֆոն են համարում Xiaomi ընկերության (կամ Սիաոմի, մարդիկ տարբեր կերպ են արտասանում այս ապրանքանիշի անվանումը) արտադրության Redmi Note 12-ը: Այս հեռախոսն ունի գերազանց AMOLED էկրան՝ 120 Հց հաճախականությամբ, կատարողականությունը բավականին բարձր է, իսկ մեկ լիցքավորմամբ սարքի աշխատանքի տևողությունը՝ պատշաճ՝ շնորհիվ մեծ մարտկոցի։

Առավելություններից կարելի է նշել նաև ջրցողումից պաշտպանության (IP53), մինիմալիստական ​​դիզայնը և հիշողության քարտի հատուկ բնիկի առկայությունը:

Ինչ վերաբերում է թերություններին, ապա առաջին հերթին հարկ է նշել լայնանկյուն մոդուլով նկարահանման ցածր որակը, ստերեո բարձրախոսների բացակայությունը և ցածր կատարողականության դեպքում մի փոքր թրոթլինգը՝ դինամիկ հաճախականության մասշտաբավորումը։ Բացի այդ, այս մոդելն ունի ավելի քիչ օպերատիվ հիշողություն, քան մրցակիցները:

Չնայած թերություններին՝ այս սմարթֆոնը հանգիստ կարելի է անվանել լավագույններից մեկը մինչև 90.000 դրամ գնային կատեգորիայում։ Այս գնով մեկ այլ հեռախոս գտնելը, որն ունի բարձր հաճախականությամբ AMOLED էկրան, լայնանկյուն տեսախցիկ և պաշտպանություն ջրցողումից, հեշտ չի լինի:

Infinix NOTE 30

Infinix NOTE 30-ն ունի 120 Հց հաճախականությամբ մեծ էկրան, ստերեո բարձրախոսներ, որոնք հազվադեպ են հանդիպում այս սեգմենտի սմարթֆոններում, մեծ ծավալի հիշողություն, գումարած հիշողության քարտի առանձնացված բնիկ: Այն արագ լիցքավորվում է, իսկ կատարողականը բավականին բարձր մակարդակի է: Բացի այդ, սարքի դիզայնը շատ գեղեցիկ է՝ այն նման է iPhone-ին, հետևի վահանակն ապակյա է, որն անկասկած դուր կգա շատ օգտատերերի։ Այս ամենը սմարթֆոնը դարձնում է իր գնային կատեգորիայի լավագույններից մեկը:

Ինչ վերաբերում է թերություններին, ապա հարկ է նշել առաջին հերթին տեսախցիկի տարբեր հեռավորությունների համար ֆոկուսի տարբերակների բացակայությունը և դիմանկարի՝ տարօրինակ կերպով գործող ռեժիմը։ Բացի այդ, սմարթֆոնը բավականին մեծ է և ծանր, ինչը ոմանց համար նույնպես կարող է լուրջ թերություն լինել։ Այն ունի նաև բազմաթիվ նախապես տեղադրված հավելվածներ, որոնք նույնպես կարող են թերություն լինել օգտատերերի համար։

TECNO POVA 5

TECNO POVA 5 սմարթֆոնն ունի մեծ էկրան՝ 120 Հց հաճախականությամբ, պատշաճ ծավալի հիշողություն, լավ կատարողական և ինքնավար աշխատանքի գերազանց տևողություն․ 6000 մԱ/ժ մարտկոցի շնորհիվ սարքը կարող է աշխատել երկու օր առանց վերալիցքավորման: Այո՛, սմարթֆոնը նաև շատ, շատ ոճային տեսք ունի:

Սակայն այն նաև թերություններ ունի։ Նախ՝ սմարթֆոնի տեսախցիկը բավականին միջակ է, և չունի լայնանկյուն կամ մակրո մոդուլ, իսկ դիմանկարի ռեժիմը գործում է մի փոքր տարօրինակ կերպով, թեև այս ապրանքանիշի սմարթֆոնների օգտագործողների համար սա ինչ-որ առումով արդեն ծանոթ երևույթ է դարձել: Թերություններից է նաև փաստը, որ սմարթֆոնն ունի մեծ թվով նախապես տեղադրված հավելվածներ, որոնցից շատերը, ամենայն հավանականությամբ, չեք օգտագործի: Բացի այդ, սմարթֆոնը բավականին ծանր է:

HONOR X8a

HONOR X8a սմարթֆոնը մյուսների շարքում առանձնանում է իր մեծ՝ 6,7 դյույմանոց էկրանով, ընդորում՝ գրեթե առանց շրջանակների, լայնանկյուն տեսախցիկի առկայությամբ և 100 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկի բավականին բարձր որակի նկարահանման հնարավորությամբ: Հիմնական տեսախցիկի որակով այս սմարթֆոնը միանշանակ առաջատարն է այսօրվա ցանկում։ Բացի այդ, սարքը բարակ է և թեթև, նույնիսկ չնայած մեծ անկյունագծին։

Ինչ վերաբերում է թերի կողմերին, ապա սմարթֆոնը չունի ականջակալի բնիկ, չկա նաև հիշողության քարտի բնիկ, իսկ լայնանկյուն տեսախցիկն այնքան էլ լավ որակի պատկերներ չի ստանում։ Բացի այդ, հեռախոսի մարտկոցի ինքնավար աշխատանքը, ինչպես նաև կատարողականը բավականին միջին մակարդակի են։ Խնդիրներ կան նաև թրոթլինգի՝ դինամիկ հաճախականության մասշտաբավորման հետ։

Samsung Galaxy A24

Samsung Galaxy A24-ն ստացել է AMOLED էկրան՝ 90 Հց հաճախականությամբ, լավ կատարողականությամբ, լայնանկյուն տեսախցիկ և 50 ՄՊ հիմնական տեսախցիկ՝ օպտիկական կայունացմամբ։ Այսօրվա ընտրանիում սա միակ բյուջետային սմարթֆոնն է, որն օպտիկական կայունացում ունի հիմնական տեսախցիկի վրա, որը թույլ է տալիս բարձրորակ լուսանկարներ անել նույնիսկ ցածր լույսի ներքո և գիշերը նկարելիս։

Թերություններից այն է, որ լայնանկյուն տեսախցիկն այնքան էլ լավ պատկերներ չի ստանում, սմարթֆոնը չունի ստերեո բարձրախոսներ, բացի դրանից սմարթֆոնը վաճառվում է առանց լիցքավորիչի:



© NEWS.am Medicine