Twitter-ում կլինեն 3 տեսակի օգտահաշիվներ. արդյո՞ք սոցցանցը վճարովի կդառնա բոլորի համար

12:22    9 նոյեմբերի, 2022

Ստուգման նոր համակարգը Twitter-ի բոլոր օգտահաշիվները կբաժանի երեք խմբի։ Twitter Blue-ի բաժանորդները, որոնք կլինեն երեք խմբերից մեկը, այլեւս ստիպված չեն լինի փաստաթղթեր ներկայացնել կապույտ ստուգանիշ ստանալու համար՝ բավական կլինի ամսական 8 դոլար վճարել և վերջ։ Այնուամենայնիվ, լուրեր են պտտվում, որ Իլոն Մասկը, որը վերջերս է դարձել Twitter-ի նոր սեփականատերը, մտադիր է հարթակը վճարովի դարձնել բոլորի համար։

Twitter-ում կլինի երեք տիպի օգտահաշիվ

Ինչպես տեղեկացրել է Twitter-ի փորձարարական նախագծերի պատասխանատու Էսթեր Քրոուֆորդը, վերիֆիկացիայի նոր համակարգի շնորհիվ հարթակում կլինեն երեք տիպի օգտահաշիվներ.

Նախկինում հարթակն ուներ ստուգման անվճար ընթացակարգ, որի շրջանակում օգտատերերը կարող էին տրամադրել անձնական տվյալներ (փաստաթղթեր, վարորդական իրավունք, հեռախոսահամար և այլն), որոնց օգնությամբ իրենց կարող էին նույնականացնել: Սակայն այժմ Twitter Blue-ի բաժանորդներն այլևս ստիպված չեն լինի կապույտ ստուգանիշ ստանալու համար վերիֆիկացիան անցնել այս կերպ։ Քանի որ Twitter Blue-ի բաժանորդագրությունը վճարովի է, ընկերությունը կկարողանա օգտատերերին նույնականացնել վճարման փաստաթղթերում առկա տվյալների հիման վրա։

Արդեն իսկ վերիֆիկացված օգտահաշիվներից մի քանիսը առանց հավելավճարի և առանց բաժանորդագրության կկարողանան ստանալ «Պաշտոնական» պիտակը: Բայց այս հնարավորությունը, ամենայն հավանականությամբ, կտրվի պետական ​​կազմակերպություններին, պաշտոնյաներին, քաղաքական գործիչներին, հասարակական գործիչներին և լրատվամիջոցներին: Ավելին, «Պաշտոնական» պիտակի օգտագործման իրավունքը հնարավոր չի լինի գնել, ինչպես Blue ստուգանիշի դեպքում է։

Twitter-ի մյուս բոլոր օգտահաշիվները կհամարվեն չստուգված:

Իլոն Մասկը ցանկանում է Twitter-ը դարձնել վճարովի՞

Խոսակցություններ կան, որ նոր սեփականատերը մտածում է Twitter-ը վճարովի հարթակ դարձնելու մասին: Ըստ Platformer-ի տվյալների՝ Մասկը վերջերս իր խորհրդական Դեյվիդ Սաքսի հետ քննարկել է Twitter-ին հասանելիության համար վճարովի բաժանորդագրություն կիրառելու հնարավորությունը։

Թե կոնկրետ ինչպես դա կարող է իրականացվել, և արդյոք այն ընդհանրապես կիրականացվի, դեռ հայտնի չէ: Գուցե Twitter-ը ամսական սահմանափակում մտցնի կայքի անվճար օգտագործման համար, որը գերազանցելուց հետո օգտատերերին կառաջարկվի վճարովի բաժանորդագրության անցնել։

Twitter-ի պաշտոնական ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս լուրերը, և, ըստ ամենայնի, այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել։ 



© NEWS.am Medicine