ՏՏ մասնագիտություններ․ ինչո՞ւ չի կարելի թերագնահատել UX և UI դիզայներների աշխատանքը

11:00    5 նոյեմբերի, 2022

Կայքից կամ հավելվածից օգտվելու պարզությունից և հարմարավետությունից է կախված՝ օգտատերը կվերադառնա դրան, թե՝ ոչ։ Սրանով է կարևորվում ՏՏ դիզայներների դերը դրանց ստեղծման գործընթացում։ Փորձենք հասկանալ, թե ինչ են իրենցից ներկայացնում UI և UX դիզայներների մասնագիտացումները, ինչումն է դրանց տարբերությունը և ինչու են այս տերմինները հաճախ միասին օգտագործվում։

Ի՞նչ է իրենից ներկայացնում UX դիզայնը

UX հապավումը բացվում է որպես User Experience կամ օգտատիրոջ փորձառություն։ Այս մասնագետի խնդիրն է ստեղծել կամ մշակել այնպիսի թվային արտադրանք, որը կլինի առավելագույնս արդյունավետ, հասանելի, վստահելի և կլուծի օգտատերերի հիմնական խնդիրները (կլինի օգտակար): Այսինքն՝ նրանք պետք է ստանան կայքի կամ հավելվածի տրամաբանական կառուցվածք, որի շնորհիվ օգտատերը անմիջապես կկողմնորոշվի՝ ինչպես օգտվել և ինչ կարող է ստանալ դրանից։ 

UI դիզայները՝ թվային էսթետ

UI-ը User Interface (օգտատիրոջ ինտերֆեյս) բառակապակցության հապավումն է։ UI դիզայների խնդիրն է ստեղծել թվային արտադրանքի ինտերֆեյսի ինտերակտիվ և վիզուալ պատկերը։ Այսինքն՝ այս մասնագետը ստեղծում է կոճակներ, գովազդային բաներներ, պատկերակներ (icons), ընտրում տառատեսակներ, գույներ և տեսողական այլ բաղադրիչներ, որոնք օգտատերն օգտագործում է արտադրանքն օգտագործելիս։ Աշխատանքի գլխավոր առանձնահատկությունն ընտրված բոլոր բաղադրիչները ներդաշնակեցնելն է՝ ստեղծելով աչքի համար հաճելի համակցություն՝ համապատասխան ընկերության կորպորատիվ ոճին։

ui_ux1.jpg (249 KB)

Շատ դեպքերում այս երկու մասնագիտությունները միավորվում են՝ ստեղծելով UI/UX դիզայների մասնագիտությունը, որը պատասխանատու է կայքի էսթետիկ ու ֆունկցիոնալ որակի և հարմարավետության համար։

Աշխատանքի ընթացքում UI/UX դիզայներները հիմնականում օգտագործում են հետևյալ ծրագրերը՝ Maze, Sketch, Adobe XD, Balsamiq, Figma, Invision, Zeplin, Marvel, Axure, Framer, UXPin, Flinto և այլն։

Մի փոքր վիճակագրություն

UI/UX դիզայների մասնագիտությունը Հայաստանում

Հայկական շուկայում հիմնականում UI և UX դիզայներների մասնագիտությունները մեկտեղվում են։ Գաղտնիք չէ, որ մասնագիտությունը մեծ պահանջարկ է վայելում այստեղ, այսպիսով պահանջարկ ստեղծելով նաև այն սովորեցնելու դասընթացների համար, որոնք խոստանում են ամիսների ընթացքում ծանոթացնել դրա բոլոր նրբություններին և պատրաստել աշխատանքի պատրաստ մասնագետներ։ 

Համաձայն Glassdoor հարթակի՝ UI/UX դիզայներների աշխատավարձը Հայաստանում տատանվում է ամսական 150,000-1,000,000 դրամի միջակայքում։



© NEWS.am Medicine