Արեգակի վրա վերջին 6 տարվա ընթացքում ամենահզոր բռնկումն է տեղի ունեցել․ մագնիսական փոթորիկը Երկրին կբախվի շաբաթ-կիրակի օրերին (տեսանյութ)

14:20    15 դեկտեմբերի, 2023

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել, որը համարվում է ամենահզորը վերջին վեց տարիների ընթացքում: Իրադարձությունը նկարահանվել է NASA-ի Solar Dynamics Observatory զոնդը: Բռնկման ինտենսիվությունը եղել է X2.8, որը համապատասխանում է ինտենսիվության ծայրահեղ մակարդակին։ Արեգակի վրա բռնկումն ուղեկցվել է կորոնար զանգվածային արտանետմամբ (մագնիսական փոթորիկ), որը Երկիրը կծածկի շաբաթի-կիրակիի ընթացքում:

Արեգակնային ակտիվության մոնիտորինգի պատմության համաձայն՝ վերջին անգամ այս ուժգնության բռնկումը գրանցվել է 2017-ին։ Այս տարվա սկզբին X դասի բռնկում տեղի է ունեցել փետրվարին, սակայն այն մի փոքր ավելի թույլ էր: Արեգակի բռնկումների գրանցման սկզբից (1976-ից) ամենահզորը տեղի է ունեցել 2003-ի փետրվարին, որի ինտենսիվությունը գնահատվել է X28-ին։

Երբեմն բռնկումներն ուղեկցվում են կորոնային զանգվածի արտանետմամբ, խոսքը պլազմայի ամպի մասին է՝ էլեկտրոնների և ջրածնի իոնների տեսքով։ Պլազմային ամպը կարող է բախվել Երկրին, ինչի հետևանքում մոլորակի իոնոսֆերայում առաջանում են զանգվածային և պայծառ բևեռափայլեր:

Ռադարների տվյալների համաձայն՝ X2.8 բռնկումը, որը գրանցվել է հինգշաբթի Երևանի ժամանակով ժամը 19:00-ի սահմաններում, ուղեկցվում է կորոնային զանգվածի արտանետմամբ, որը կարծես թե շարժվում է Երկրի ուղղությամբ: Եթե ​​դա այդպես է, ապա պլազմայի ամպը վաղը և մյուս օրը կհասնի Երկիր։ Ռադիոկապի խափանումներն արդեն նկատվել են, քանի որ դրանք տեղի են ունենում, երբ իոնացնող ճառագայթումը ներթափանցում է Երկրի մթնոլորտ:

Առաջիկա երկու տարիների ընթացքում նման իրադարձությունների ինտենսիվությունն ու հաճախականությունը կավելանան, քանի որ մոտենում ենք արևի 11-ամյա ակտիվության գագաթնակետին: Տեսականորեն այն պետք է տեղի ունենար ավելի շուտ՝ 2025-ի ամռանը, սակայն դիտարկված տվյալները ցույց են տալիս, որ այն այս անգամ կարող է ավելի շուտ տեղի ունենալ՝ 2024 թվականի երկրորդ կեսին:

Ի՞նչ է մագնիսական փոթորիկը և ինչպե՞ս են դրանք ազդում ինքնազգացողության վրա

Մագնիսական փոթորիկներն առաջանում են Արեգակի վրա բռնկումների հետևանքով, որոնք հանգեցնում են պլազմայի արտանետմանը տիեզերք: Պլազմայի այս հոսքը հասնում է Երկրի մակերեսին և փոխազդում մագնիսական դաշտի հետ՝ առաջացնելով մագնիսական փոթորիկներ։

Մագնիսական փոթորիկների ժամանակ եղանակային պայմաններից կախվածություն ունեցող մարդկանց մոտ կարող է նկատվել սթրես, անքնություն, անհարկի անհանգստություն, դյուրագրգռություն և վախի զգացում: Փոթորիկների ազդեցությունն ինքնազգացողության վրա նվազեցնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս հետևյալ միջոցները.

Ինչպե՞ս են մագնիսական փոթորիկներն ազդում տեխնիկայի վրա

Մագնիսական փոթորիկները կարող են բացասաբար ազդել սարքավորումների աշխատանքի վրա, հատկապես նրանց, որոնք կախված են տվյալների ճշգրիտ փոխանցումից և էլեկտրամագնիսական կայունությունից: Այսպիսով, փոթորիկները կարող են առաջացնել ռադիոլոկացիոն սարքավորումների և էլեկտրական սարքերի աշխատանքի անսարքություններ: Որոշ դեպքերում տիեզերական արբանյակները կարող են շարքից դուրս գալ, հնարավոր են նաև խնդիրներ կապի ցանցի հետ:



© NEWS.am Medicine