Ի՞նչ է տեղի ունենում համացանցում ամեն րոպե. մարդիկ սկսել են ավելի շատ որոնել, շատ գրել X-ում և ավելի քիչ տեսանյութեր դիտել

18:24    15 դեկտեմբերի, 2023

Հրապարակվել է Data Never Sleeps ինֆոգրաֆիկայի 11-րդ ամենամյա թողարկումը՝ նվիրված համացանցում ամեն րոպե տեղի ունեցող իրադարձություններին։ 2013-ից ի վեր Domo վերլուծական ընկերության փորձագետները քրտնաջան աշխատանք են անում և հավաքում ու համախմբում են համացանցում տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ տվյալները: Domo-ի արտադրանքի ավագ փոխնախագահ Բեն Շեյնն ասել է, որ ընկերությունն ամեն տարի հաշվի է առնում թե ինչն է հանրաճանաչ, ինչ է տեղի ունենում առցանց մշակույթում։

Domo-ի վերլուծաբանները ներկայացրել են համացանցում ամեն րոպե տեղի ունեցող իրադարձությունների տարեկան վիճակագրական մի քանի ամենանկատելի ցուցանիշները.

domo-2.jpg (1.28 MB)

Միակ ընկերությունը, որը 2013-ից ի վեր հայտնվել է Domo-ի վիճակագրության բոլոր 11 թողարկումներում, Instagram-ն է: Այս տարի Instagram-ն ստացել է երկու «անվանակարգ»՝ անձնական հաղորդագրություններով Reel տեսանյութերն իրար ուղարկելու հաճախականությունը (694,000 անգամ րոպեում) և Threads հավելվածի ներբեռնումների քանակը (3720 անգամ մեկ րոպեում)՝ հուլիսին գործարկվելուց ի վեր։ Նախկինում ընկերությունն առաջատար էր այլ բաժիններում, օրինակ՝ 2017-ին Instagram-ի օգտատերերը րոպեում հրապարակում էին 46,740 լուսանկար։

Արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT նեյրոցանցը նույնպես ներառվել է այս ցանցում։ Պարզվում է, որ յուրաքանչյուր րոպե ընդհանուր առմամբ 6944 հարցում է արվում այս նեյրոցանցին։

Թերևս Domo-ի ներկայացրած վիճակագրությունից ամենանշանակալի տեղեկությունը համացանցից օգտվողների թիվն է աշխարհում, որը կազմում էր 5,2 մլրդ մարդ կամ աշխարհի բնակչության 64,6%-ը։ Սա ավելի քան կրկնակի է, քան 2013-ի ցուցանիշը, երբ համացանցից օգտվում էր ընդամենը 2,1 մլրդ մարդ։ 



© NEWS.am Medicine