Մասկը նախատեսում է կրճատել Twitter-ի աշխատատեղերի կեսը՝ ծախսերը նվազեցնելու համար

12:25    3 նոյեմբերի, 2022

Twitter սոցցանցի նոր գլխավոր տնօրեն Իլոն Մասկը նախատեսում է կրճատել ընկերության 3700 աշխատատեղ կամ ընկերության աշխատուժի կեսը՝ ծախսերը կրճատելու նպատակով, թեև Twitter-ը ձեռք բերելուց հետո  խոստացել էր աշխատակիցների 75 տոկոսին չազատել աշխատանքից, տեղեկացնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ իր աղբյուրներին։

Ըստ նույն աղբյուրի՝ Twitter-ի նոր սեփականատերը այս որոշումից տուժող անձնակազմին այդ մասին կտեղեկացնի ուրբաթ։

Բացի դրանից, Մասկը մտադիր է փոխել ընկերության քաղաքականությունը, ըստ որի՝ աշխատակիցները կարող են աշխատել ցանկացած վայրից։ Հիմա արդեն նրանք ստիպված կլինեն աշխատել գրասենյակից։ Որոշ բացառություններ, իհարկե, կլինեն։

Մասկը թվիթերյան գրառմամբ ավելի վաղ հերքել էր New York Times-ի լուրը, թե պատրաստվում է  աշխատանքից ազատել Twitter-ի աշխատակիցներին մինչև նոյեմբերի 1-ը, որպեսզի խուսափի բաժնետոմսերի տեսքով նրանց փոխհատուցում տրամադրելուց։

Մասկը Twitter-ը գնել է 2022 թ․ հոկտեմբերի 28-ին 44 միլիարդ դոլարով։ Սոցցանցը ձեռք բերելուց հետո նա անմիջապես հեռացրել էր ընկերության ողջ ղեկավարությանը։

Ավելի ուշ Մասկը փոխել է սոցցանցի գլխավոր էջը, նաև Twitter-ում վերիֆիկացված՝ Blue օգտահաշիվ ունենալու ամսական բաժանորդագրությունը, այն 5 դոլարից կթանկանա և կդառնա 8 ԱՄՆ դոլար։ Ի պատասխան դժգոհությունների՝ նա Twitter-ում գրել է. «Բոլոր բողոքողներին, խնդրեմ շարունակեք բողոքել, բայց դա կարժենա 8 դոլար»:

Մասկի խոսքով՝ այս որոշումը կօգնի քանդել «Twitter-ում լորդերի և գյուղացիների ներկայիս համակարգը», որը, ըստ երևույթին, չի համապատասխանում այս հարթակի ապագա զարգացման մասին նրա պատկերացումներին։ Մասկը, թերևս, նկատի է ունեցել, որ այժմ կապույտ ստուգանիշը հասանելի կլինի ոչ միայն պոպուլյար օգտատերերի և հայտնիների սահմանափակ շրջանակին, ինչպես նախկինում էր։

 



© NEWS.am Medicine