SpaceX-ի գերծանր Falcon Heavy-ն 2019-ից ի վեր առաջին թռիչքն է կատարել և ուղեծիր դուրս բերել ԱՄՆ ռազմական արբանյակը

12:00    2 նոյեմբերի, 2022

SpaceX-ը 2019-ից ի վեր առաջին անգամ արձակել է գերծանր Falcon Heavy հրթիռը, որը համարվում է աշխարհի ամենահզոր հրթիռը։ Falcon Heavy-ին, ամենայն հավանականությամբ, տիեզերք է բարձրացրել ամերիկյան ռազմական արբանյակներ:

Մինչև տարեվերջ SpaceX-ը նախատեսում է իրականացնել ևս մեկ կարևոր արձակում և փորձարկել Starship համակարգը։

SpaceX Falcon Heavy հրթիռի արձակումը

Հրթիռը, որը բաղկացած է Falcon 9-ի առաջին աստիճանի երեք մոդիֆիկացված և իրար միացված  արագացուցիչներից, NASA-ի Քենեդու անվան տիեզերական կենտրոնի (KSC) 39A հարթակից մեկնարկել է նոյեմբերի 1-ին արևելյան ստանդարտ ժամանակով ժամը 09:41-ին (Երևանի ժամանակով 18:41)՝ խիտ մառախուղի պայմաններում:

Սա Falcon Heavy հրթիռի ընդհանուր առմամբ չորրորդ արձակումն է և առաջինը 2019 թ․ հունիսից ի վեր։ Falcon 9 ընկերության «աշխատանքային ձին» շատ ավելի հաճախ է օգտագործվում․ այս տարի այն տիեզերք է թռել առնվազն շաբաթը մեկ անգամ: Դեպքերի ճնշող մեծամասնությունում Falcon 9-ը գործարկելու համար կիրառվել են արդեն օգտագործված արագացուցիչներ։ Falcon Heavy-ն այս անգամ գործարկվել է առաջին փուլի համար նախատեսված երեք միանգամայն նոր արագացուցիչներով։

spaceX

Երբ հետհաշվարկի ժամացույցը հասել է զրոյին, Falcon Heavy-ի առաջին աստիճանի բոլոր 27  Merlin շարժիչներն սկսել են աշխատել 64 մետրիկ տոննա մղման ուժով, որպեսզի բարձրացնեն հսկայական և շատ ծանր հրթիռը: Մեկնարկից մոտ 2,5 րոպե անց երկու կողային արագացուցիչները բաժանվել են, որպեսզի կատարեն սինխրոնացված արագացում և սկսեն վերադառնալ դեպի Կանավերալ հրվանդան:

Falcon Heavy-ի նախորդ առաքելությունների շրջանակում մասնագետները փորձել են կենտրոնական արագացուցիչն իջեցնել Ատլանտյան օվկիանոսում SpaceX-ի ավտոմատ անօդաչու տիեզերանավերից մեկի վրա: Այժմ USSF-44 առաքելության ուղեծրային և զանգվածի այսպիսի ծանրաբեռնվածության պահանջները պարտադրում են, որ հրթիռի հիմնական արագացուցիչը վայրէջք չկատարի և հետագայում չօգտագործվի. դա հնարավորություն կտա առավելագույն քանակությամբ վառելիք հատկացնել հրթիռն անմիջական գեոստացիոնար ուղեծիր արձակելու համար:

spaceX

Մեկնարկից մոտ չորս րոպե անց Falcon Heavy-ի կենտրոնական արագացուցիչն առանձնացել է վերին հատվածից և սկսել իջնել դեպի Ատլանտյան օվկիանոսում գտնվող, այսպես կոչված, ջրային գերեզման: Այդ ընթացքում, վերին հատվածը գործարկել իր միակ Merlin շարժիչը՝ արբանյակները ավելի բարձր՝ ուղեծիր տանելու համար: Դրանից կարճ ժամանակ անց USSF-44-ի օգտակար բեռը պաշտպանող ֆեյրինգի երկու կեսերը բաժանվել են հրթիռից և վերադարձել Երկրի մթնոլորտ: SpaceX-ը նախատեսում է վերականգնել երկուսն էլ՝ ապագայում նորից օգտագործելու համար:

Հրթիռի մեկնարկից ութ րոպե անց Falcon Heavy-ի կողային երկու արագացուցիչները միաժամանակ վայրէջք են կատարել Կանավերալ հրվանդանում SpaceX-ի վայրէջքի կայանի 1-ին և 2-րդ գոտիներում:

Ի՞նչ է տեղափոխում Falcon Heavy-ն

USSF-44 կոչվող առաքելության շրջանակում Falcon Heavy-ը գեոստացիոնար ուղեծիր (Երկրից 35,400 կիլոմետր բարձրության վրա) է հասցրել Northrop Grumman ավիատիեզերական ընկերության ստեղծած LDPE-2 սարքը։ Դա տիեզերական ավտոբուսի նման մի բան է, որը վեց կտոր գաղտնի բեռ է տեղափոխում ԱՄՆ տիեզերական ուժերի համար:

«LDPE-2 սարքը գեոսինխրոն ուղեծրին մոտ տարածք կհասցնի վեց օգտակար բեռներ, որոնք կբարելավեն հաղորդակցությունը, տիեզերական եղանակի ուսումնասիրությունը և այլ տեխնոլոգիաներ»,- ասվում է ԱՄՆ տիեզերական ուժերի հայտարարությունում։

spaceX

Ըստ Gizmodo.com-ի՝ բեռներից մեկը, ամենայն հավանականությամբ, ամերիկյան ռազմական կապի արբանյակ է: Քանի որ դրա մասին տեղեկությունը գաղտնի է, դրա բնութագրերի և նպատակների մասին կարելի է միայն կռահել:

Բեռը ներառում է նաև TETRA-1 արբանյակի նախատիպը, որը կառուցել է Boeing-ի դուստր ձեռնարկությունը՝ Millennium Space Systems ընկերությունը, և Lockheed Martin ընկերության CubeSat տիպի LInuss-A 1 և LInuss-A 2 սարքեր։

SpaceX-ի ևս մեկ կարևոր առաքելություն մինչև 2022 թ․ ավարտը 

Դեկտեմբերին SpaceX-ը նաև նախատեսում է իրականացնել տարվա կարևորագույն արձակումներից մեկը և ամբողջությամբ փորձարկել Starship համակարգը. ցուցադրական թռիչքի ժամանակ 70 մետրանոց Super Heavy հրթիռը 50 մետրանոց Starship տիեզերանավը կհասցնի երկրամերձ ուղեծիր։

Ըստ պլանի՝ մեկնարկից հետո Super Heavy հրթիռը կվերադառնա Երկիր, իսկ Starship տիեզերանավը 90 րոպե ուղեծրային թռիչք կկատարի, որից հետո կվերադառնա Երկրի մթնոլորտ և վայրէջք կկատարի Հավայան կղզիների ափից մի քանի տասնյակ մղոն հեռավորության վրա։

SpaceX-ը նախկինում Starship-ի նախատիպի միայն փորձնական արձակումներ է կատարում մինչև 10 կիլոմետր բարձրության վրա՝ համակարգերը ստուգելու և վայրէջքը փորձարկելու համար: Մի քանի անգամ տիեզերանավը պայթել է հենց վայրէջքի ժամանակ, սակայն ավելի ուշ մասնագետներին հաջողվել է դա շտկել։

NASA-ն հենց Starship տիեզերանավն է ընտրել 2025 թ․ մարդկանց Լուսին հասցնելու համար, որից հետո ընկերության հետ մոտ 3 միլիարդ դոլարի պայմանագիր կնքվեց։ Մինչև 2025 թ․ SpaceX-ը պետք է իր համակարգի մի քանի փորձարկումներ կատարի ուղեծրում։



© NEWS.am Medicine