Թանկարժեք նյութերից պատրաստված սմարթֆոններ արտադրող Caviar ընկերությունը ներկայացրել է ոսկե iPhone 15 Pro-ի նոր հավաքածու։ Շարքը ներառում է նոր դիզայնով յոթ սարք, որոնց գինն սկսվում է մոտ 33,000 դոլարից։
Հավաքածուի «ամենաէժան» տարբերակը՝ iPhone Essence-ը, ստացել է 18 կարատանոց ոսկուց կորպուս՝ զարդարված երկրաչափական նախշով, որն արված է «հռոմեական զարդերի մոտիվներով»։ Սարքի հետնամասում գտնվող Apple-ի տարբերանշանը նույնպես պատրաստված է 18 կարատանոց ոսկուց։ Սմարթֆոնում առկա թանկարժեք մետաղի ընդհանուր քաշը Pro և Pro Max տարբերակներում համապատասխանաբար 180 և 220 գրամ է։
Հավաքածուի առաջատար ներկայացուցիչը՝ iPhone Majesty-ն, ստացել է 18 կարատանոց ոսկուց պատրաստված կորպուս, որի վրա տեղադրված է 107 ադամանդ։ Սմարթֆոնի հետևի պանելի նախշերն արված են արևելյան ոճով։ Apple-ի լոգոն ևս 18 կարատանոց ոսկուց է, որի վրա կա 39 ադամանդ:
Ընդհանուր առմամբ, այս սմարթֆոնը, ինչպես Essence-ը, Pro և Pro Max մոդելներում պարունակում է համապատասխանաբար 180 և 220 գրամ ոսկի։ Այս շարքի սմարթֆոնների համար գնորդներն ստիպված կլինեն վճարել 47,000 դոլարից մինչև 54,400 դոլար՝ կախված ընտրված մոդիֆիկացիայից:
Այս շարքում հասանելի են iPhone 14 Pro և Pro Max, iPhone 15 Pro և Pro Max մոդելներ՝ 128 ԳԲ-ից մինչև 1 ՏԲ ներկառուցված հիշողությամբ։