«Թռչունն ազատ է». Մասկը գնել է Twitter-ը, հեռացրել ղեկավարությանը, կոդն ուսումնասիրելու համար բերել է իր ինժեներներին

10:07    28 հոկտեմբերի, 2022

Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը վերջապես ավարտել է Twitter-ը գնելու գործարքը՝ դրա համար վճարելով 44 միլիարդ դոլար: Իր միկրոբլոգում նա գրել է «Թռչունն ազատ է» (The bird is free)։ Դրանից առաջ նա սոցցանցում իրեն ներկայացրել էր որպես «Թվիթերի ղեկավար (Chief Twit):

Որպես Twitter-ի նոր սեփականատեր Մասկը նախ աշխատանքից ազատել է ընկերության մի քանի բարձրաստիճան ղեկավարների և Tesla-ից իր ինժեներներին բերել է գլխավոր գրասենյակ, որպեսզի կարողանան ստուգել Twitter-ի կոդը: Իսկ աշխատակիցների 75 տոկոսին խոստացել է չազատել աշխատանքից։

Twitter-ի ղեկավարությունն ազատվել է աշխատանքից

FOX Business-ը, վկայակոչելով իր ստուգված աղբյուրները, տեղեկացնում է, որ Մասկը աշխատանքից ազատել է Twitter-ի գործադիր տնօրեն Պարագ Ագրավալին, ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալին և իրավական քաղաքականության, վստահության և անվտանգության բաժնի ղեկավար Վիջայա Գադեին:

Մասկի խոսքով՝ Twitter-ի կեղծ էջերի քանակի հարցում երեքն էլ մոլորեցրել են և՛ իրեն, և՛ ներդրողներին։

Elon-Musk

Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, Մասկը նաև աշխատանքից ազատել է հաճախորդների հետ աշխատանքների գծով տնօրեն Սառա Պերսոնետին և գլխավոր իրավախորհրդատու Շոն Էդջեթին: Վերջինիս, ընկերության աշխատակիցների խոսքով, աշխատանքից ազատվելու մասին հայտարարությունից անմիջապես հետո անվտանգության աշխատակիցներն անմիջապես դուրս են բերել ընկերության գլխավոր մասնաշենքից։

Ինչպես հայտնում է Business Insider-ը, աշխատանքից ազատված բոլոր թոփ-մենեջերները փոխհատուցում կստանան։ Ագրավալը կարող է ստանալ 38,7 մլն դոլար, Սեգալը՝ 25,4 մլն դոլար, Գադեն՝ 12,5 մլն դոլար, իսկ Պերսոնետը՝ 11,2 մլն դոլար։

Որոշ ժամանակ Մասկն ինքը կարող է լինել Twitter-ի գործադիր տնօրենը, սակայն ապագայում, ինչպես ակնկալում են փորձագետները, նա կարող է այդ պաշտոնը զիջել ընկերության նոր ուղեգծին հավատարիմ աշխատակցի։

twitter-mask

Tesla-ի ինժեներները կստուգեն ծրագրի կոդը 

Twitter-ը ձեռք բերելուց անմիջապես հետո Մասկը Tesla-ից ինժեներներին հրավիրել է ընկերության գլխավոր գրասենյակ, որպեսզի նրանք կարողանան ստուգել սոցցանցի ծրագրային կոդը:

Ինչպես նշում է Bloomberg-ը, տարբեր գերատեսչությունների ղեկավարներ արդեն Tesla-ի ինժեներներին տրամադրել են անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, որպեսզի նրանք կարողանան ամեն ինչ ուսումնասիրել ու զեկուցել Մասկին։

Ավելին, գործարքի պայմանների համաձայն՝ երեկվանից Twitter-ի ինժեներներն այլեւս չէին կարող փոփոխություններ կատարել ծրագրային կոդում, որպեսզի մինչև գործարքը փակվելը սոցցանցի ծրագրային մասում ոչինչ չփոխվի։

Մասկը և լվացարանը

Գործարքի նախօրեին Մասկն արդեն այցելել էր Twitter-ի գլխավոր գրասենյակ՝ որպես դրա սեփականատեր, ընդորում՝ ձեռքին լվացարան։ Դրանով նա իրականում բեմականացրել է անգլերեն հայտնի արտահայտությունը՝ «let that sink in», որի իմաստն այն է, որ պետք է գիտակցել և համակերպվել իրականության հետ։

mask-twitter-sink

Շատ լրատվամիջոցների կարծիքով՝ Մասկը այդ կերպ ցանկացել է աշխատակիցներին հասկացնել, որ ամեն ինչ լավ կլինի։ Նա նաեւ ասել է, որ ընկերության աշխատակիցների 75 տոկոսին չի պատրաստվում ազատել աշխատանքից։ Twitter-ն արդեն, կարծես թե, կադրերի արտահոսքի խնդիր ունի, որն առաջացել է ծախսերի կրճատման և 2023 թ․ սպասվող աշխատավարձերի կրճատման հետևանքով։

Արդյո՞ք ավարտվել է ամիսներ տևած պատմությունը

Իլոն Մասկի կողմից Twitter-ի ձեռքբերման պատմությունն սկսվել է այս տարվա ապրիլին։

Այժմ արդեն այս երկար պատմությունը վերջապես ավարտվեց։ Իսկ թե գործարքը ինչպես կազդի Twitter-ի աշխատանքի վրա և ինչպես կզարգանա այս սոցիալական ցանցը, ցույց կտա ժամանակը։



© NEWS.am Medicine