iPhone 15-ի բոլոր մոդելները կունենան USB-C, ինչը Apple-ը կգովազդի որպես մեծ հաղթանակ և նորարարություն

12:19    5 սեպտեմբերի, 2023

Apple ընկերությունը, կատարելով Եվրոպական միության պահանջը, iPhone հեռախոսների լիցքավորման Lightning համակարգից կանցնի USB-C-ի, սակայն սեպտեմբերի 12-ին կայանալիք շնորհանդեսի ժամանակ դա կգովազդի որպես նորարարություն և նույնիսկ չի հիշատակի ԵՄ պահանջները, այս մասին ասել է Bloomberg-ի լրագրող և վերլուծաբան Մարկ Գուրմանը։

Հիշեցնենք, որ ԵՄ-ն բջջային սարքեր արտադրողներից պահանջել է մինչև հաջորդ տարվա վերջ արդեն անցնել USB-C ստանդարտին: Apple-ը որոշել է չսպասել մինչև հաջորդ տարվա վերջ և ավելացրել է USB-C ստանդարտը iPhone 15 բոլոր չորս մոդելներին, ինչպես նաև նոր AirPods Pro-ին: «Apple-ը սա կանվանի մեծ հաղթանակ հաճախորդների համար: Պատրաստվեք լսել այս փոփոխությունների անհամար առավելությունների մասին»,- գրում է Մարկ Գուրմանը։

Ըստ նրա՝ Apple-ը USB-C-ին անցումը կգովազդի հետևյալ կերպ.

«Ընկերությունն ունի երկաթյա կանոն՝ երբ ներկայացնում է նոր ապրանք կամ շփվում է լրատվամիջոցների հետ, միշտ ցանկանում է հանդես գալ ուժի դիրքերից։ Apple-ի հիմնական շնորհանդեսում չի հիշատակելու Եվրոպական միությունը, ինչպես նաև չի նշվելու, որ ընկերությունը վերջին մի քանի տարիներին բազմիցս քննադատել է USB-C-ի վերաբերյալ ԵՄ պահանջը»,- ասել է Գուրմանը։

Նա հավելել է, որ այս փոփոխությունները նաև թերություններ ունեն Apple-ի համար.

Apple-ը պաշտոնապես հաստատել է, որ աշնանային շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին՝ Սթիվ Ջոբսի անվան թատրոնում՝ Կուպերտինոյում գտնվող Apple Park կամպուսում (Կալիֆոռնիա, ԱՄՆ): Այն կանցկացվի Wonderlust կարգախոսի ներքո, որն անգլերենից թարգմանվում է որպես «հրաշքների ծարավ»:

Նոր սարքերը, վաճառքի կհանվեն սեպտեմբերի 22-ին, իսկ նախապատվեր հնարավոր կլինի անել արդեն սեպտեմբերի 15-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ iPhone 15-ի շնորհանդեսից հետո iPhone 14 Pro-ն և Pro Max-ը կհանվեն արտադրությունից, մյուս հեռախոսների գները կիջեցվեն։



© NEWS.am Medicine