18:18 24 օգոստոսի, 2023Sony-ն ներկայացրել է իր նոր շարժական խաղային կոնսոլը: Նախկինում Project Q ծածկանունով հայտնի նորույթը խանութների դարակներում կհայտնվի Sony PlayStation Portal անունով:
Խաղային այս վահանակի վաճառքը կսկսվի 2023-ի վերջին։ ԱՄՆ-ում այն կարժենա 200 դոլար, իսկ Եվրոպայում՝ 220 եվրո: Նախնական պատվերների մեկնարկի ճշգրիտ ամսաթիվը դեռ չի նշվում:
PlayStation Portal-ն ունի 8 դյույմանոց 1080p LCD էկրան՝ էկրանի թարմացման 60 Հց հաճախականությամբ: Այն նախատեսված է PlayStation Remote Play հոսքային խաղերի համար և PlayStation 5-ին միանում է ներքին ցանցի Wi-Fi-ի միջոցով։ PlayStation Portal-ով հնարավոր է խաղալ PS5 վահանակի վրա տեղադրված խաղեր, այդ թվում՝ օգտագործելով Dualsense կարգավորիչը:
Խաղային վահանակի վրա կա ականջակալի համար նախատեսված 3,5 մմ աուդիո խցիկ: PlayStation Portal-ը նաև ունի DualSense կարգավորիչի հիմնական առանձնահատկությունները, ներառյալ հապտիկ հետադարձ կապը և ադապտիվ տրիգերները:
PlayStation Portal-ը չունի վիրտուալ իրականության խաղերի աջակցություն, որոնք պահանջում են PS VR2 ակնոց, ինչպես նաև ամպային հոսքային խաղերի աջակցություն, որոնք հեռարձակվում են PlayStation Plus Premium-ի միջոցով: