James Webb տիեզերական աստղադիտակի կողմից տիեզերքի առաջին գիտական հետազոտության առաջին տարեդարձի նախօրեին գիտնականները ներկայացրել են աստղադիտակի կողմից ուսումնասիրված մոտ 5000 գալակտիկաների եռաչափ վիզուալիզացիա: Այն վիրտուալ թռիչք է տիեզերքում մինչև Մեյսիի գալակտիկաներից ամենահինը, որը նախքան James Webb-ի գործարկումը Երկրի վրա ոչ ոք չէր տեսել:
Տեսանյութում երևում են գալակտիկաներ տիեզերքի մի շրջանից, որը կոչվում է Գրոտի ընդլայնված շերտ և գտնվում է Մեծ արջի և Բոյոտի համաստեղությունների միջև: Hubble աստղադիտակն այս շրջանն ուսումնասիրել է մոտ 20 տարի առաջ և այնտեղ հայտնաբերել մոտ 100,000 գալակտիկա։ Կարելի է ասել, որ James Webb-ը վերագտել է դրանք, սակայն դա ամբողջովին ճիշտ չի լինի, քանի որ Hubble-ի պատկերների ամենահեռավոր գալակտիկաները պարզապես կետեր էին, իսկ James Webb-ը, իր գերզգայուն սարքերի շնորհիվ, թույլ է տալիս շատ մանրամասներ տեսնել, որոնք տեսանելի չեն Hubble-ի արած պատկերներում։
Ավելին, վիզուալիզացիան ավարտվում է Մեյսիի գալակտիկայի տեսարանով (CEERSJ141946.35+525632.8, Maisies): Այս գալակտիկան իր անունն ստացել է նախագծի գիտնականներից մեկից, որն այն անվանել է իր դստեր պատվին։ NASA-ի մամուլի հաղորդագրության մեջ այն նշվում է որպես ամենահին գալակտիկա, սակայն սպեկտրային վերլուծության տեսքով դրա հաստատմամբ գիտական աշխատանք, կարծես թե, դեռ չի եղել: Սա առաջին գալակտիկան է, որ մարդիկ չէին տեսել նախքան James Webb-ի գործարկումը։
«Այս աստղադիտակը ուսումնասիրության համար մեր առաջ պարզապես բացում է այս ամբողջ ժամանակահատվածը,- ասել է նախագծի հեղինակ, Ռոչեսթերի տեխնոլոգիական ինստիտուտի գիտաշխատող Ռեբեկա Լարսոնը,- Նախկինում մենք չէինք կարող ուսումնասիրել Մեյսիի նման գալակտիկաները, քանի որ չէինք կարող տեսնել դրանք: Այժմ մենք կարող ենք ոչ միայն հայտնաբերել դրանք նկարներում, այլ նաև պարզել, թե ինչից են դրանք կազմված և արդյոք տարբերվում են այն գալակտիկաներից, որոնք մենք տեսնում ենք մոտ տարածությունից»։