20:00 20 հունիսի, 2023Դեռեւս անցած տարի, երբ Երեւանում անցկացվում էր առաջին միջազգային՝ Orion Summit գագաթնաժողովը, Orion Worldvide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը խոստացավ, որ հաջորդ գագաթնաժողովը տեղի է ունենալու Նյու Յորքում։ Այսօր արդեն մոտ հարյուր մասնակիցներ՝ բիզնեսի, ֆինանսական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներից Նյու Յորքում քննարկում են Հայաստանը համաշխարհային ներդրումների համար ավելի գրավիչ դարձնելու ուղիները։ (լուսանկարներ)
«Նյու Յորքը ֆինանսների կենտրոնն է, կապիտալի մայրաքաղաքը: Հայաստանն այսօր այն փուլին է հասել, որ ուզում ենք բարձրացնել ոչ միայն ներդրումների քանակը եւ ծավալը, այլ նաեւ ներդրումների առումով համագործակցությունը Հայաստանի եւ արտասահմանի միջեւ. ներդրումները ոչ միայն գան Հայաստան, այլ Հայաստանի կապիտալը դիրքավորի Հայաստանը դրսում՝ որպես նորարար, զարգացող եւ մեծ ապագա ունեցող երկիր», — նշել է Էմմա Առաքելյանը:
Միջոցառման համակազմակերպիչն է ՀՀ Էկոնամիկայի նախարարությունը, եւ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք է ժամանել նաեւ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Սամիթի խորագիրն է՝ ներդրումները տեղորոշում են Հայաստանը: Անցած տարի Հայաստանը զգալի փոփոխություններ է գրանցել ներդրումների ներգրավման առումով, եւ օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 1 մլրդ դոլար, իսկ ընդհանուր ներդրումների ծավալը՝ 4.2 մլրդ դոլար», — նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ թվերը, իհարկե, ոգեւորիչ են, բայց սա դեռ ընդամենը երկար ճանապարհի սկիզբն է, որը հնարավորություն կտա իսկապես փոխել երկրի տնտեսության կառուցվածքը: Նախարարը նաեւ նշել է, որ օտարերկրյա ներդրողների հետ հաճախ է քննարկվում, թե ինչպես պետք է ստեղծվեն այն նոր խողովակները, որոնք կօգնեն դեպի Հայաստան նոր ներդրումներ ներգրավել: Orion Summit 2023-ը նպաստավոր հարթակ կլինի ստարտափների և ներդրողների հանդիպման ու նրանց միջև գործարար նոր կապերի հաստատման համար, ինչպես նաեւ կօգնի ստեղծել գործիքակազմ, որի շնորհիվ ներդրումներն արդեն նոր ծավալով կհոսեն դեպի Հայաստան:
«Կառավարության և առաջատար ընկերությունների մասնակցությունը գագաթնաժողովին՝ էականորեն կմեծացնի վենչուրային ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի ու հայկական ստարտափների նկատմամբ, կամրապնդի մեր դիրքը միջազգային ներդրումային ընկերությունների, վենչուրային ֆոնդերի ու հրեշտակ ներդրողների հետ աշխատանքում», — նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը:
Միջոցառման առաջին օրը մասնակիցներն այցելել են Jacobs Technion-Cornell Institute at Cornell Tech համալսարան, քննարկումներ են ունեցել նորարարությունների և ներդրումների մասին: Ռուզվելտ կղզու առաջատար այս համալսարանում շրջայցը գլխավորել է Runway and Spinouts ծրագրի տնօրեն Ֆերնանդո Գոմես-Բաքուերոն: Նրա հետազոտությունները կենտրոնացած են էներգիայի պահպանման կիրառման համար առաջադեմ նանոնյութերի, նանոտեխնոլոգիաների տնտեսական ազդեցության և տեխնոլոգիական ձեռներեցության վրա: Jacobs-ը հիմնադրվել է Technion-Israel տեխնոլոգիական ինստիտուտի և ամերիկյան Cornell University-ի կողմից, որը 20-րդն է համալսարանների համաշխարհային վարկանիշում:
Առաջիկա չորս օրերին Orion Summit 2023-ի շրջանակում Հայաստանի ներդրումային գրավչությունը բարձրացնելու իրենց տեսլականն են ներկայացնելու Նյու Յորքի քաղաքապետարանի միջազգային կապերի եւ ռազմավարական աճի բաժնի ղեկավարը, Bank of America-ի ռազմավարական եւ կայուն ներդրումների բաժնի ղեկավար Ռենե Նալբանդյանն, Goldman Sachs-ի փոխնախագահը, բազմաթիվ այլ հաջողության հասած հայաստանցի սփյուռքահայ եւ արտասահմանցի գործարարներ եւ մասնագետներ։
Միջոցառման բանախոսներից է Ֆինանսական կարգավորման խորհրդատու Ջեֆ Ինգբերը, ով բարձր պաշտոններ է զբաղեցրել Նյու Յորքի Federal Reserve բանկում, Citibank-ում, Դեպոզիտարիայի հավատարմագրային և քլիրինգի կորպորացիայում: Ջեֆ Ինգբերն անհատական քննարկում կանցկացնի «Ինչու են ձախողվում ստարտափները» թեմայով:
New York համալսարանի Stern բիզնես դպրոցի Endless Frontier Labs-ի փոխտնօրեն Բեթ Իքսին կմիանա «Տեխնոլոգիաների և ֆինանսական ոլորտներում ներդրումների ու նորարարության առաջնահերթությունները» թեմայով պանելային քննարկմանը: New York համալսարանը լավագույնների վարկանիշում 39-րդն է, իսկ Endless Frontier Labs-ը համալսարանում ստարտափների մենթորության ծրագիր է իրականացնում:
Մեկ այլ հետաքրքիր բանախոս՝ Francisco Partners ներդրումային ընկերության Credit and Structured Solutions Group-ի տնօրեն Սեբուհ Նահաբեդյանն իր փորձը կկիսի «Թվային Ջուղա ցանցը՝ հանուն հայկական նորարարության, գիտության ու տնտեսության դիրքավորման նպատակի» պանելային քննարկման ընթացքում:
Orion-ը (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: Orion-ը ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ Orion-ը հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։
NEWS.am Tech-ը Orion Summit 2023-ի պաշտոնական մեդիա-գործընկերն է: