Intel-ը և Google Cloud-ը չիպ են ստեղծել տվյալների մշակման կենտրոնների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար

14:09    12 հոկտեմբերի, 2022

Intel-ը և Google Cloud-ը (պատկանում է Аlphabet Inc-ին) թողարկել են համատեղ արտադրության չիպ, որը կարող է բարելավել տվյալների մշակմամբ զբաղվող կենտրոնների աշխատանքի արդյունավետությունն ու անվտանգությունը:

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, E2000 չիպը, որն ստացել է «Mount Evans» ծածկանունը, DPU (Տվյալների մշակման միավոր) տվյալների մշակման համար նախատեսված համապրոցեսոր է, սակայն Intel-ը նախընտրում է IPU (Ենթակառուցվածքի մշակման միավոր) հապավումը:

E2000 Mount Evans-ում ներդրված է ARM միջուկներով և արագացուցիչներով P4 փաթեթների մշակման տրամաբանությունը՝ հիմնված QuickAssist-ի որոշ IP հասցեների վրա: Չիպը նախատեսված է տվյալների կենտրոնների ենթակառուցվածքի պահպանման հետ կապված առաջադրանքներ կատարելու համար, ներառյալ տվյալների պահպանման ենթահամակարգերի հետ աշխատելն ու տվյալները ցանց ուղարկելը:

Ահա, այսպիսի տեսք ունի այն բաց վիճակում։

Intel-Mount-Evans

Տվյալների կենտրոնների կառուցվածքի բնույթով պայմանավորված՝ ենթակառուցվածքի սպասարկման հետ կապված ծանրաբեռնվածության մի մասն ուղղվում է կենտրոնական պրոցեսորներին, որոնք «ուտում են» պրոցեսորի ռեսուրսները և նվազեցնում հաշվարկների արդյունավետությունը։ E2000-ը օգնելու է լուծել այս խնդիրը:

Ըստ Google-ի տեխնիկական հարցերով փոխտնօրեն Ամին Վահդաթի, E2000-ը կարող է ամբողջությամբ տվյալների կենտրոնների ենթակառուցվածքն առանձնացնել հաճախորդների առաջադրանքներից և բարելավել անվտանգությունը, երբ ամպի միջոցով պրոցեսորները միաժամանակ օգտագործում են մի քանի հաճախորդներ:   

Google Cloud-ը նոր E2000 չիպը կառաջարկի տվյալների կենտրոնների համար նախատեսված նոր պրոդուկտում, որը կոչվում է C3 VM։ Այն կաշխատի Intel Xeon 4-րդ սերնդի պրոցեսորներով, որոնք համարվում են Intel-ի ամենահզոր պրոցեսորները, իսկ Google Cloud-ն առաջին ամպային ծառայությունն է, որն օգտագործում է այս շարքի վերջին սերնդի չիպերը:



© NEWS.am Medicine